Գլխավոր Լրահոս

Լող՝ մեծ ալիքների վրա. դրամը շարունակում է արժեզրկվել

Լող՝ մեծ ալիքների վրա. դրամը շարունակում է արժեզրկվել

Եվրամիությունում և Ռուսաստանում եվրոյի և ռուբլու արժեզրկումը շարունակում է ճնշումներ ստեղծել Հայաստանի արտարժութային շուկայում։ Մայիսի երկրորդ շաբաթից առ այսօր ռուսական ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10%-ով, եվրոն՝ դոլարի նկատմամբ՝ 4,8%-ով, իսկ դրամը՝ դոլարի նկատմամբ՝ 5,1%-ով։ Արտարժութային շուկայում անցած շաբաթվա համեմատական անդորրը խախտվել է. դրամն արդեն արժեզրկվել է 4 կետով։

Անցած շաբաթ արտարժութային շուկայում դրամի արժեզրկման բացասական սպասումների վերացումը երկար չտևեց։ Այս շաբաթ դրամն սկսեց նորից արագ տեմպերով արժեզրկվել: Այսպես՝ եթե հունիսի 4-ին դոլարի առքի միջին փոխարժեքը 407 դրամ էր, ապա այսօր՝ հունիսի 6-ին, փոխարժեքը կազմում էր 411 դրամ: Հունիսի 6-ին (մեկ օրում) դրամն արժեզրկվել է միանգամից 2,4 կետով։ Բանկերի կողմից դոլարի առքուվաճառքի փոխարժեքների մարժան կազմում է 5-ից 10 դրամ, ինչը վկայում է, որ շուկայում ձևավորվել են հետագա արժեզրկման և անորոշություն սպասումներ։ Խնդիրն այն է, որ «հանդարտ» օրերին մարժան չի գերազանցում 2 դրամը։ Նշենք, որ դրամի այսօրվա փոխարժեքը եղել է 2006թ. օգոստոսին։

Արտարժութային շուկայում տիրող խուճապային տրամադրությունների մասին վկայում է նաև այսօր «Նասդաք ՕէՄէՔս Արմենիա» բորսայում արտարժութային գործարքների ծավալը. իրականացվել է $22,66 մլն-ի առքուվաճառք` 414,73 դրամ/$1 միջին կշռված փոխարժեքով։ Դոլարի առքուվաճառքի գործարքների ծավալը սովորականից մոտ 5 անգամ ավելի է։ Բացի այդ, սա այս տարվա ընթացքում մեկ օրում բորսայում կատարված գործարքների ամենամեծ ծավալն է (մայիսի 22-ին գործարքների ծավալը $20 մլն էր)։

Դատելով հունիսի 5-ի և այսօրվա գործարքների ծավալներից՝ ամենայն հավանականությամբ շուկայում դոլարի լրացուցիչ պահանջարկը Կենտրոնական բանկը բավարարել է և դրամի կտրուկ արժեզրկումը մեղմելու համար դոլարային ինտերվենցիաներ կատարել։

Նշենք, որ մայիսի սկզբից դրամի արժեզրկման տեմպերի մեղմման համար ԿԲ-ն բորսայում արդեն վաճառել է $52 մլն, բայցևայնպես դրամն արժեզրկվել է 20 կետով կամ 5,1%-ով։

Դրամի արժեզրկման նման միտումների պահպանման դեպքում ոչ միայն լուրջ ռիսկեր են ստեղծվում մակրոտնտեսական կայունության, այլև բանկային համակարգի համար։ Բանկային համակարգի վարկային պորտֆելի 62,7%-ը դոլարային է, ինչը նշանակում է, որ դրամի թուլացումը հանգեցնում է վարկերի սպասարկման ծախսերի ավելացմանը՝ բարձրացնելով վերադարձելիության ռիսկայնությունը։ Բանկային համակարգում ավանդների 31,6%-ը կամ Դ327 մլրդ-ը (մոտ $800 մլն) դրամային են: Դրամով ավանդատուների հնարավոր զանգվածային փախուստը ճնշումներ կստեղծի արտարժութային շուկայում, իսկ բանկերում՝ իրացվելիության խնդիրներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում