Գլխավոր Լրահոս

Բյուջեն տապալում են

Բյուջեն տապալում են

2012թ. պետբյուջեի հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցվճարների ծավալը նախորդ տարվա համեմատ պետք է ավելանա 13%-ով (֌101  մլրդ)։ Անցած հինգ ամիսներին Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովված մուտքերի ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,7%-ով կամ ֌14,6  մլրդ-ով, այնինչ բյուջեի կատարողականն ապահովելու համար անհրաժեշտ էր հավաքագրել ֌42  մլրդ։ Այսպիսով՝ հարկային եկամուտների մասով թերակատարումը կազմել է ֌27,5  մլրդ։

Համաձայն ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության՝ այս հունվար-մայիսին պետբյուջեն ապահովել  է ֌322,75  մլրդ-ի հարկեր, տուրքեր և սոցվճարներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է ֌14,6  մլրդ-ով (4,7%)։ Այս մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, մուտքերն ավելացել են ֌6,7  մլրդ-ով՝ կազմելով ֌74  մլրդ։

Չնայած աճին և նրան, որ ապրիլի համեմատ մայիսին հարկահավաքման ծավալն ավելացել է ֌2,3  մլրդ-ով, ցուցանիշը բավարար չէ թերհավաքագրման միտումը կանխելու համար։ Խնդիրն այն է, որ նույնիսկ ամսական աճի պայմաններում բյուջեի թերակատարումը խորացել է, քանի որ ամսվա կտրվածքով հարկահավաքումը պետք է ավելանա միջինը ֌8,4  մլրդ-ով։

Նշենք, որ ընթացիկ տարվա չորս ամիսներին թերակատարումը կազմել է ֌25,8  մլրդ, հինգ ամիսների կտրվածքով՝ արդեն ֌27,5  մլրդ։ Նման տենդենցի պահպանման դեպքում հարկային մուտքերի թերակատարումը տարվա կտրվածքով կհասնի արդեն ֌40-65  մլրդ-ի, իսկ կառավարության կողմից նախատեսված ֌101  մլրդ-ից կհավաքագրվի ընդամենը 40-65%-ը։

Ստացվում է, որ կառավարությունն առանց լուրջ միջոցառումների, հատկապես ստվերի կրճատման ուղղությամբ, հազիվ թե կարողանա ապահովել լրացուցիչ ֌101  մլրդ-ի հավաքագրման ողջ ծավալը։ Հունվար-մայիսի «թերությունները» շտկելու համար, այլ հավասար պայմաններում, մինչև տարեվերջ հարկահավաքման մակարդակը ամսվա կտրվածքով (նախորդ տարվա համեմատ) պետք է ավելանա միջինը ֌14,6  մլրդ-ով։

Հարկային այս վարչարարության պայմաններում նման ծավալների ապահովումը գրեթե անհնար է, հատկապես երբ հարկերի հավաքագրումն ըստ ամիսների գրեթե հավասարաչափ է բաշխված։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ համաշխարհային շուկայում ներկայիս միտումների, ԵՄ-ում տնտեսական անկման, մետաղների գների նվազման պահպանման դեպքում բյուջեի կատարման ռիսկերը է՛լ ավելի են ավելանալու։

Տարվա կտրվածքով թերակատարման այս տենդենցի պահպանման դեպքում բյուջեի պակասուրդն ընդհանուր առմամբ կկազմի ֌172-192  մլրդ կամ ՀՆԱ-ի 4-4,5%-ը, այն դեպքում երբ բյուջեի հիմքում դրված է 3,1% ցուցանիշը։

Պակասուրդի ֆինանսավորման համար կառավարությունը կարող է ներգրավել լրացուցիչ վարկային միջոցներ։ Սակայն հաշվի առնելով միջազգային կառույցների, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի առջև ստանձնած՝ բյուջեի դեֆիցիտը կրճատելու գործադիրի պարտավորությունը՝ լրացուցիչ միջոցների ներգրավումը կդժվարանա։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը կարող է լինել ծախսերի կրճատումը։ Նշենք, որ բյուջեի ծախսերի ավելի քան 60%-ը բաժին է ընկնում պաշտպանության և սոցիալական ոլորտներին, ինչը նշանակում է, որ այս հարցում ևս կառավարությունը մանևրելու լուրջ հնարավորություններ չունի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում