Հայ-իրանական էներգետիկ ծրագրերը նախագծա-փաստաթղթային հարթությունից ոչ թե անցում են կատարում շինարարության, այլ վերադառնում են քննարկումների ու խոստումների փուլ։ Արաքս գետի վրա Մեղրի հէկի կառուցման շինաշխատանքները բազմիցս հետաձգվել են. այժմ հայտարարվում է աշխատանքների մեկնարկի նոր ժամկետի մասին՝ օգոստոսի 22։ Ուշագրավ է նաև հայտարարությունը, թե շուտով կմեկնարկեն Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության աշխատանքները, այն դեպքում, երբ դրանց մեկնարկը պաշտոնապես տրվել է դեռ 2010թ.:
Հունիսի 2-ին Երևան կատարած աշխատանքային այցից հետո, ըստ իրանական presstv.ir-ի, Իրանի նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի և նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Մեղրի հէկի ծրագրի մեկնարկը կտրվի այս տարվա օգոստոսի 22-ին։ Ի դեպ՝ նախագահի աշխատակազմից հանդիպմանը վերաբերող հաղորդագրությունում աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետ նշված չէր։
«Շուտով կսկսվեն նաև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները»,– Սերժ Սարգսյանին ասել է Իրանի էներգետիկայի նախարարը:
Հայտարարություններն ավելի շուտ արարողակարգային են, քանի որ մոտ հինգ տարի Հայաստանը և Իրանը քննարկում են Մեղրի հէկի, Թավրիզ-Երասխ նավթամթերքատար խողովակաշարի, Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը։ Երեք այս նախագծերը, որոնց ներդրումային ընդհանուր փաթեթը գնահատվում է մոտ $600 մլն, պետք է ֆինանսավորի իրանական կողմը։
Այսպես՝ հայտարարվում էր, որ Արաքս գետի վրա 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ և $323 մլն արժողությամբ Մեղրի հէկի ծրագիրն ամբողջովին պատրաստ է, իրականացումը պետք է սկսվեր դեռ անցած տարվա գարնանը։ 2010թ. հոկտեմբերին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն Երևանում նույնիսկ ստորագրել էին Մեղրի հէկի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագիրը:
«Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեման ենթադրում է, որ իրանական ներդրումային ընկերությունը հինգ տարվա ընթացքում պետք է կառուցի հէկը, ապա շահագործի 15 տարի, որից հետո անհատույց հանձնի հայկական կողմին։ Ֆինանսավորումը նույնպես պետք է իրականացնի իրանական կողմը։ Հաշվի առնելով Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ու երկրի շուրջ իրավիճակի փոփոխությունը 2011թ. համեմատ՝ հազիվ թե լուրջ են ակնկալիքները շինաշխատանքների մեկնարկի օգոստոսյան ժամկետից։
Ուշագրավ է նաև Երևանում Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի այն հայտարարությունը, թե շուտով կմեկնարկեն Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության աշխատանքները:
Խնդիրն այն է, որ 2010թ. հոկտեմբերի 14-ին Արմեն Մովսիսյանը և Մաջիդ Նամջուն Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ, մեծ շուքով արդեն տվել են 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման այս գծի շինարարության մեկնարկը։ Նշվում էր նույնիսկ, որ «Իրան-Հայաստան-4» և «Նորավան» ենթակայանի շինարարության արժեքը կկազմի €107,9 մլն, ֆինանսավորումն իրականացնելու է իրանական «Զարգացման, արտահանման բանկը», աշխատանքները կտևեն 18 ամիս։ Համաձայն 2010թ. հայտարարությունների՝ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի աշխատանքներն այժմ պետք է մոտեցած լինեին ավարտին և ոչ թե նոր մեկնարկեին։
Նշենք, որ եթե մինչև 2011թ. Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների խստացումը, հայ-իրանական նախագծերը բավական իրատեսական էին, և Իրանը պատրաստ էր ֆինանսավորել դրանք, ապա աշխարհաքաղաքական և տնտեսական այժմյան իրողություններում Թեհրանը դժվար թե կարողանա նման քայլի դիմել։
Ստացվում է, որ Հայաստանի կառավարության դանդաղկոտությունն ու անհետևողականությունը ըստ էության տապալել են կարևոր այս ծրագրերը։ Նշենք, որ դրանք ոչ միայն կբարձրացնեին երկրի էներգետիկ անվտանգությունը, այլև հնարավորություն կտային ողջ հզորությամբ օգտագործել Իրան-Հայաստան գազամուղի դրվածքային թողունակությունը։ Կառուցվելիք երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գիծը և «Նորավան» ենթակայանը հնարավորություն կտային «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» իրանա-հայկական սխեմայում ներառել «Հրազդան-5» նոր ջէկը։ Արդյունքում մի կողմից կապահովվեր 480 ՄՎտ հզորությամբ էներգետիկ այս կառույցում կատարված շուրջ $450 մլն ներդրումների վերադարձելիությունը, մյուս կողմից՝ էներգետիկ համակարգ կմատակարարվեր համեմատաբար էժան էլեկտրաէներգիա (իրանական 1 խմ գազի դիմաց Իրան պետք է առաքվի 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա, այն դեպքում երբ Հրազդան-5-ում 1 խմ գազից հնարավոր է արտադրել 4-5 Կվտ/ժ էլեկտրաէներգիա)։
Civilnet











