Դրամի արժեզրկման արդյունքում գնաճային ճնշումները, բնականաբար, կավելանան, բայց տարին բարենպաստ է, և տնտեսությունը այս երևույթը ցավոտ չի տանի։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսին հայտարարել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Ըստ նրա՝ առկա է արժեզրկում, որը դեռ 10% մակարդակին չի հասել, իսկ դա տնտեսության համար մեծ վտանգներ չի պարունակում։ Նա խորհուրդ է տալիս շատ հիվանդագին չտանել դրամի այս տատանումները, քանի որ դրանք սովորական երևույթներ են:
«Դրամի արժեզրկման պատճառը մեկն էր՝ քաղաքական իրավիճակը, Ազգային ժողովի ընտրությունները։ Արտաքին աշխարհը մեզ վրա ազդեցություն թողնում է, բայց ավելի ծանր հետևանքներ են թողնում ընտրությունները»,– ասել է Ասատրյանը՝ հավելելով, թե ընտրությունների ընթացքում կանխիկը շրջանառության մեջ շատ կտրուկ աճում է:
Ըստ ԿԲ նախկին նախագահի՝ տարեսկզբից Հայաստանից առկա է արտարժույթի տեսանելի փախուստ, մասնավորապես 1-ին եռամսյակում արտահոսքը կազմել է մոտ $350 մլն։ «Սա կատարվեց այն դեպքում, երբ տնտեսությունը համաչափ աճում էր»,– ընդգծել է Ասատրյանը։
Հարցին, թե որքան է կանխատեսվում դրամի արժեզրկումը, Բագրատ Ասատրյանը պատասխանել է. «Եթե որևէ մեկը փորձի կանխատեսել փոխարժեքը, մի հավատացեք: Արժույթների հետ կապված ոչ մի կանխատեսում ճիշտ չէ»։
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ դրամի արժեզրկումը բացասաբար չի ազդի Հայաստանի արտաքին պարտքի վրա: «Հայաստանի գումարը պետական բյուջեում դրամով է պահվում, սակայն մեր պարտքը հիմնականում դոլարով է, բայց մենք ունենք նաև դոլարով տրանսֆերտներ: Այդ իսկ պատճառով դա չի կարող բացասաբար անդրադառնալ արտաքին պարտքի վրա»,– նշել է Ասատրյանը:

Civilnet










