Հայկական «ժողովրդավարության» առանձնահատկությունները

Իշխանության ներկայացուցիչները բնականաբար պետք է դժգոհություններ հայտնեին Հայաստանի ժողովրդավարացման մակարդակի վերաբերյալ՝ Freedom House-ի երեկ հրապարակած զեկույցի գնահատականների առնչությամբ: ՀՀԿ խոսնակ և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ զեկույցը թերի և սուբյեկտիվ է: Նրա կարծիքով՝ լրատվամիջոցների ազատության մասով մեծ առաջընթաց է եղել, իսկ վերջին ընտրությունների կամպանիան ամենահաջողն էր:
Առանձին վերցրած՝ դժվար է չհամաձայնել Շարմազանովի հետ, որ օրինակ, մամուլը բավական անկաշկանդ է Հայաստանում: Հայմենայնդեպս՝ այդպիսի տպավորություն կա: Սակայն եթե հայաստանյան մամուլի ազատությունը դիտարկում ես ընդհանուր հասարակական-քաղաքական գործընթացների համատեքստում, պարզ է դառնում, որ այդ ազատությունը զուտ բուտաֆորիկ է: Ավելորդ է նշել, որ մամուլի և խոսքի ազատությունը ինքնանպատակ չէ և կոչված է նպաստել հասարակության մեջ առկա խնդիրների լուծմանը:
Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, երբ գրվում և բարձրաձայնվում է գրեթե ամեն ինչի մասին, սակայն ոչինչ չի փոխվում կամ փոխվում է մեծ դժվարությամբ: Իշխանությունը կարծես իմունիտետ է ձեռք բերել հասարակական կարծիքի և մամուլի քննադատության հանդեպ:
Իսկ հատկապես հանրապետական նշանակության հեռուստատեսությունների ազատության և անկախության մասին նույնիսկ չարժե խոսել. նրանք խոսքի ազատության մասին հիշում են ընտրությունից ընտրություն՝ մեկ ամիս ժամանակահատվածով: Բնականաբար, իշխող կուսակցության և նրա խոսնակի համար նման իրավիճակը պարզապես իդեալական է: Մի կողմից՝ ապահովված է ժողովրդավարության արտաքին շիրման, մյուս կողմից՝ իշխանությունը տուրք տալով իր ավտորիտար հակումներին՝ հակաժողովրդավարական մեթոդներով, սակայն առանց ծեծուջարդի վերարտադրվում և իշխում է:
Հավանաբար Շարմազանովին դուր չի եկել այն, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չի խաբվել հայկական բուտաֆորիկ դեմոկրատիայով և խորքային գնահատակններ է տվել իրավիճակին:
Civilnet










