Երեք ամիս շարունակ (մարտ-մայիս) 12-ամսյա գնաճը հանրապետությունում ձևավորվում է թիրախային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքից (4±1,5%) ցածր մակարդակում, որը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը որպես «բավական ցածր-կայուն միջավայր» է բնութագրում։ Հինգ ամիսների բյուջեն թերակատարվում է 27,5 մլրդ-ով, իսկ Գաբրիելյանը գտնում է, որ գերակատարվել է 0,5 մլրդ-ով։
Երեկ մինչև կառավարության նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հրապարակել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման 2012թ. հինգ ամիսների արդյունքները։ Դրանք ներկայացնելիս ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը մի քանի ուշագրավ փաստեր է ներկայացրել։ «Հինգ ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայր է»,– ասել է նա։
Նշենք, որ թեև գնաճը բավական ցածր մակարդակում է, բայց 2-տոկոսային կետով շեղվել է պետբյուջեի հիմքում դրված թիրախային ցուցանիշից (4±1,5%)։ Տնտեսական աճի համար միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ռիսկային է ինչպես ցածր, այնպես էլ բարձր գնաճը։ Նպատակադրված մակարդակից ցածր գնաճը դանդաղեցնում է տնտեսական աճը, քանի որ տնտեսապես անարդյունավետ է դառնում մի շարք ապրանքների արտադրությունը։ Թիրախային ցուցանիշից բարձր գնաճն էլ հանգեցնում է բնակչության գնողունակության կրճատմանը, ինչը նույնպես ազդում է տնտեսական աճի վրա։ Տնտեսության բնականոն զարգացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում չափավոր գնաճը։
Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում կլինի գների աճ, ինչն իրականում պայմանավորված է դրամի արժեզրկման գործոնով։ Այն միայն ֆիսկալ խնդիր է լուծելու և ոչ թե խթանելու է տնտեսական աճը։ Դրամի արժեզրկումն ու գների աճը, այդուհանդերձ, կապահովեն բյուջետային մուտքերի ավելացում, քանի որ հարկային եկամուտների 47%-ն ապահովում է ավելացած արժեքի հարկը։
Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ Հայաստանի բնակչության 1/3-ի եկամուտների զգալի մասը ձևավորվում է մասնավոր տրանսֆերտների հաշվին։ Հայաստան տրանսֆերտների շուրջ 80%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, իսկ դրանց ծավալի և նավթի գների միջև առկա է ուղղակի կապ՝ որոշակի լագով։ Նշենք, որ համաշխարհային շուկայում նավթի գների հետագա նվազման, ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով հնարավոր է տրանսֆերտների կրճատում։ Մասնավոր փոխանցումների կրճատումը կհանգեցնի բնակչության գնողունակության նվազման։ Իսկ նման պայմաններում գնաճը կարող է և չլուծել ֆիսկալ խնդիրը։ Այսպես օրինակ՝ ընթացիկ տարվա չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտների ծավալն աճել է 8,6%-ով, միջին աշխատավարձը՝ 5,3%-ով, բայց մանրածախ առևտրի ծավալներն աճել են ընդամենը 0,9%-ով, իսկ հավաքագրված ԱԱՀ-ի ծավալները կրճատվել են 0,1%-ով։
Ստվերի թագավորությունից դուրս
2012թ. կառավարության համար չափազանց կարևոր է լինելու ապահովել 4,2% տնտեսական աճ ու գնաճ՝ թիրախային ցուցանիշի շրջանակում, քանի որ նախորդ տարվա համեմատ ծրագրված 101 մլրդ լրացուցիչ հարկային եկամուտների մոտ 70 մլրդ-ը գործադիրը ծրագրում է հավաքագրել տնտեսական աճի և գնաճի հաշվին։
Նշենք, որ հունիսի 6-ին Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ այս տարվա հինգ ամիսների հարկահավաքման ցուցանիշներից պարզ երևում է, որ բյուջեն թերակատարվել է 27,5 մլրդ-ով։ 2012թ. հունվար-մայիսին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ՊԵԿ-ի՝ պետբյուջե ապահոված մուտքերի ծավալն աճել է 14,6 մլրդ-ով, այնինչ եթե 101 մլրդ-ի հավաքագրումը հավասարաչափ բաշխվեր ըստ ամիսների, պետք է հավաքագրվեր 42 մլրդ։
Չնայած այս ամենին՝ Վաչե Գաբրիելյանը, ներկայացնելով բյուջեի կատարողականը, հայտարարել է. «Քանի որ ունենք վեց ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով ՊԵԿ-ը հավաքագրել է 0,5 մլրդ-ով ավելի գումար»։
Նախարարի պաշտոնակատարի այս հայտարարությունից ստացվում է, որ կառավարությունը հավելյալ 101 մլրդ-ից հունվար-մայիսին ծրագրել է հավաքագրել ընդամենը 14,1 մլրդ-ը կամ 14%-ը։ Մնացած մոտ 87 մլրդ-ը բաժին է ընկնելու մյուս յոթ ամիսներին, ինչը նշանակելու է, որ ամսական կտրվածքով նախորդ տարվա բազային ամսվա համեմատ հարկային բեռը տնտեսության վրա ավելանալու է 10,8 մլրդ-ով կամ շուրջ 15%-ով։
Եթե կառավարությունն իսկապես վճռորոշ է իր քայլերում և ձգտելու է ապահովել լրացուցիչ միջոցների հավաքագրումը, ապա այս ամսվանից պետք է ստվերի դեմ լուրջ պայքարի ականատես լինենք։ Հակառակ պարագայում միջոցների հավաքագրման մյուս ճանապարհը փոքր և միջին բիզնեսի ու քաղաքացիների հարկային բեռի ավելացումն է լինելու։
Նշենք, որ կառավարության վճռականությունը ստվերի դեմ պայքարում տեսանելի չէ, այնինչ արդեն իրականություն են վարչական լծակներով լրացուցիչ միջոցների հավաքագրման առաջին քայլերը։ Այսպես՝ հունիսի 2-ից ուժի մեջ են մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի փոփոխությունները՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տույժերի չափերը։ Թեև փոփոխությունները հիմնավորվում են երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ, դրանք ավելի շատ ֆիսկալ բնույթ ունեն։
Civilnet











