Ներդրողներ, էստի համեցեք

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Տոկիոյի Սոկա համալսարանի դոկտորի աստիճան ստանալուն զուգահեռ, Ճապոնիայի գործարարներին հրավիրել է Հայաստան: «Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ»,– ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Կարծես բարի ավանդույթ է դարձել, որ Հայաստանի նախագահը և վարչապետը գրեթե յուրաքանչյուր երկիր մեկնելիս տեղի գործարարներին հրավիրում են Հայաստանում ներդրումներ կատարելու: Սակայն նրանք կարծես մոռանում են, որ ներդրումները ոչ թե հրավերների ու քաղաքական տանիքների են սպասում, այլ ընդամենը բարենպաստ միջավայրի, որտեղ պաշտպանված կլինի սեփականության իրավունքը, որտեղ չեն լինի արտոնյալներ, որտեղ հարկահավաքները ոչ թե պատուհաս կլինեն գործարարի գլխին, այլ կլինեն նրա օգնականն ու խորհրդատուն:
Հայաստանը ի՞նչ մրցակցային առավելություն ունի տարածաշրջանում իր հարևանների համեմատ՝ մեծ շուկա՞, տարանցիկ աշխարհագրությո՞ւն, ածխաջրածիննե՞ր, թե՞ ներդրումային առողջ միջավայր: Հայաստանի հարևաններն առնվազն ունեն առաջին երեքը, Հայաստանը չունի: Միայն չորրորդի՝ ներդրումային առողջ միջավայրի ստեղծման դեպքում է հնարավոր ակնկալել օտարերկրյա ներդրումներ:
Ընդհանրապես, Հայաստանում անկախությունից ի վեր գրեթե բոլոր խոշոր ներդրումներն արվել են ուղղահայաց: Այսինքն՝ ներդրողը նախևառաջ ստացել է քաղաքական իշխանության երաշխավորությունը, հետո նոր միայն սկսել իր բիզնեսը: Եվ բիզնեսի հաջողությունն էլ ընթացքում մեծապես կախված է եղել (և է) ոչ թե իշխանությունների օգնելու, այլ չխանգարելու հանգամանքից:
Ցանկացած մրցունակ տնտեսություն ունեցող երկրում ներդրում անելու համար կարիք չկա մոտենալ վերևից՝ ստանալու էլիտայի ինդուլգենցիան: Օտարերկրյա և տվյալ դեպքում ճապոնացի ներդրողներին հարկավոր է ընդամենը ցույց տալ, որ քո երկրում կա օրենք, որի առջև բոլորը հավասար են:
Ներդրողները «էստի համեցեքին» չեն սպասում, ներդրողներն իրենք են փնտրում տեղ, ուր կարելի է գնալ:
Civilnet










