Գլխավոր Լրահոս

Խոպանային զբոսաշրջություն

Խոպանային զբոսաշրջություն

Հայաստանը տարածաշրջանային առողջարանային և զբոսաշրջային կենտրոն վերածելու կառավարության հավակնոտ գաղափարը, կյանքի չկոչված, նոր խոչընդոտի է հանդիպել։ Այս տարվա 1-ին եռամսյակում հանրապետություն է ժամանել 104,4 հազ. զբոսաշրջիկ, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը նվազել է 9%-ով։ Սա վերջին տասը տարիների միակ դեպքն է, երբ արձանագրվում է զբոսաշրջիկների թվի կրճատում։ Նույնիսկ ճգնաժամային 2009թ. 1-ին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 9,4%-ով։

Այս տարվա 1-ին եռամսյակում զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառների թվում է այն, որ մինչև մարտի 21-ը (գարնանային գիշերահավասարի օրը Իրանում նշվում է Նովրուզը) Իրանում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով դժվարանցանելի էին դեպի Հայաստան եկող ավտոճանապարհները։ Բացի այդ՝ Իրանում թանկացել էր դոլարը։ Արդյունքում, ինչպես երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից, այս հունվար-մարտին Իրանից զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 22%-ով (այցելել է 15,4 հազ. զբոսաշրջիկ)։

Այդուհանդերձ, սա այն ծավալը չէ, որը կարող էր բերել ընդհանուր ոլորտի անկման։ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն 1-ին եռամսյակում կրճատվել է 10,3 հազ-ով, այն դեպքում, երբ Իրանից այցելածների թիվը նվազել է ընդամենը 4,3 հազ-ով։

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-մարտին արձանագրվել է նաև զբոսաշրջության կառուցվածքի փոփոխություն ըստ երկրների։ Այսպես՝ ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 26,6%-ով կամ բացարձակ թվով 7,6 հազ-ով։ Արդյունքում 2012թ. 1-ին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 20%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին (2011թ. մասնաբաժինը 24,8% էր), 30,5%-ը՝ ԵՄ երկրներին (անցած տարվա հունվար-մարտին՝ 28,8%)։

Համաձայն մեթոդոլոգիայի՝ զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական և այլ նպատակներով երկիր է ժամանում մեկ օրից մինչև մեկ տարի ժամանակով։ Ստացվում է, որ արտագնա աշխատանքով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիները նույնպես համարվում են զբոսաշրջիկներ, և ոլորտի անկման մեջ նրանք ևս «մեղքի» իրենց բաժինն ունեն։

Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 85%-ը բաժին է ընկնում հենց Ռուսաստանին։ Այս տարվա 1-ին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ կրճատվել է մոտ 7 հազ-ով։ Եթե հաշվի չառնենք Իրանից զբոսաշրջիկների թվի նվազման գործոնը, ապա ոլորտի անկման մյուս «մեղավորը» Ռուսաստանից զբոսաշրջիկներն են։

Թանկ հանգիստ
Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատումն ունի նաև այլ պատճառներ՝ ենթակառուցվածքներ և ծառայությունների գին/որակ հարաբերակցություն։

Ոլորտում ծառայությունների բարձր գների մասին է վկայում թերևս այն, որ եթե անցած տարվա 1-ին եռամսյակում միջազգային զբոսաշրջիկներ ընդունած հյուրանոցների թիվը Հայաստանում 43 էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը կրճատվել է 6-ով՝ կազմելով 37։

Իհարկե, ցուցանիշի նվազումը որոշակիորեն պայմանավորված է զբոսաշրջիկների հոսքի կրճատումով, սակայն հիմնական խնդիրը բարձր գներն են։ Օրինակ՝ Երևանի Փոքր կենտրոնում հիմնականում հյուրերին վարձակալությամբ տրվող բարձր դասի մեկսենյականոց բնակարանի օրավարձը տատանվում է ֌15-18 հազ. միջակայքում՝ կախված վարձակալության ժամկետից։ Մայրաքաղաքի հյուրանոցներում մեկտեղանոց համարի գինը սկսվում է ֌30 հազ-ից։ Գների միջև առկա է կրկնակի տարբերություն, իսկ թե ինչով է դա պայմանավորված, այդքան էլ պարզ չէ։

Նշենք նաև, որ թեև կառավարությունը մի շարք բնակավայրեր՝ Ծաղկաձորը, Ջերմուկը, Տաթևը, որոշել է վերածել միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջային կենտրոնների, ենթակառուցվածքներն այստեղ շարունակում են սահմանափակ մնալ, առաջարկվող ծառայությունների գները բարձր են ոչ միայն ներքին, այլև ներգնա զբոսաշրջիկների համար։

Չհիմնավորված բարձր գների պահպանման դեպքում բիզնեսը ոչ միայն ամբողջովին կկորցնի ներքին, այլև արտերկրից ժամանող զբոսաշրջիկներին։ Իսկ ոլորտի թվային աճը կշարունակեն ապահովել արտագնա աշխատանքից վերադարձողները, գործուղումից ժամանող չինովնիկներն ու ազգականներին տեսակցության եկած քաղաքացիները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում