ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամից Հայաստանին խոստացված $400 մլն վարկային միջոցներն այդպես էլ չեն հատկացվում։ Այսօր Մոսկվայում Հիմնադրամի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել է Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, վարկային միջոցների հատկացման հարցը չի քննարկվել։
ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարիչ Եվրասիական զարգացման բանկում ՍիվիլՆեթին ասացին, որ հունիսի 8-ին մոսկովյան նիստի օրակարգում Հայաստանին վարկային միջոցների հատկացման հարցն ընդգրկված չի եղել։
Նշենք, որ անցած տարվա հունիսի 5-ին Կիևում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի ֆինանսների (արդեն նախկին) նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Հայաստանին $400 մլն վարկ հատկացնելու հարցը կքննարկվի հաջորդ նիստին: Բայց անցած տարվա նոյեմբերի 28-ին Հակաճգնաժամային հիմնադրամի՝ Մոսկվայում կայացած նիստի օրակարգում այդ հարցը կրկին չէր ընդգրկվել։
Հնարավոր է՝ միջոցներ հատկացնելու որոշման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք պետք է ուղղվեն «Նաիրիտի» արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը։ Հիշեցնենք, որ այդ $400 մլն-ը ծրագրվում է ուղղել անցած տարի մշակված «2011-2019 թթ. «Նաիրիտի» զարգացման և վերակառուցման» ծրագրի (արժեքը $512,26 մլն) իրականացմանը։ «Նաիրիտը» մոտ 1,5 տարի է՝ պարապուրդում է, և գործարանի վերագործարկման հարցը բավական մշուշոտ է։
Civilnet











