ՀԱՊԿ-ն թեստ է հանձնում հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանի անդամակցումը Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հիմնավորվում է նրանով, որ մեզ նման փոքր պետությունը առանց գլոբալ անվտանգության համակարգի մաս դառնալու չի կարող ապահովել իր ազգային անվտանգությունը: Նույնիսկ առանց լուրջ վերլուծության պարզ է, որ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնում են նրա արևելյան և արևմտյան հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան: Բնականաբար, ՀԱՊԿ-ին անդամակցումը առաջին հերթին պետք է չեզոքացնի կամ նվազագույնի հասցնի այդ վտանգը:
Հայ-ադրբեջանական շփման գծին վերջին իրադարձությունները յուրատեսակ մինի-պատերազմ են հիշեցնում, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի Հանրապետության սահմանների անձենմխելիությանը: Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններով՝ Ադրբեջանը հակամարտությունը պաշտոնապես տեղափոխում է Հայաստան-Ադրբեջան հարթություն: Եթե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի պարագայում ՀԱՊԿ-ն կարող է իր չեզոքությունը պատճառաբանել նրանով, որ հակամարտությունը Ադրբեջանի և չճանաչված հանարապետության միջև է, ապա այս դեպքում ՀԱՊԿ-ի չեզոքությունը և պասիվությունը յուրատեսակ թեստ է, թե որքանով է այս կազմակերպությունը արդյունավետ Հայաստանին օգնության հասնելու հարցում:
Այսօր արդեն ՀԱՊԿ-ի և նրա կնքահայր Ռուսաստանի պահվածքը տարօրինակ է: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առաջացումից հետո Ռուսաստանը՝ որպես Ղարաբաղի հարցում միջնորդ երկիր, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո միայն արձագանքեց հրադադարի ռեժիմի խախտմանը, իսկ ՀԱՊԿ-ից որևէ արձագանք դեռ չի հնչել:
Ռուսների լռությունը նույնիսկ ռուսական լրատվամիջոցներին է զարմացրել. «Նեզավիսիմայա գազետան» գրել է. «Զարմանալի էր Մոսկվայի երկարատև լռությունը, որը Հարավային Կովկասը հռչակել է իր արտաքին քաղաքական շահերի գոտի: Միայն հինգշաբթի` օրվա երկրոդ կեսին, ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հույս հայտնեց, որ Փարիզում երկրու երկրների արտգործնախարարների հանդիպումը կմեղմի իրավիճակը, իսկ մինչ այդ կողմերը զսպվածություն կցուցաբերեն»: Այս ֆոնին կասկածելի են հնչում Հայաստանում արվող այն հայտարարությունները, որ հայ-ադրբեջանական սահմանին պետք է ռուսական ռազմական ներկայություն լինի:
Միգուցե հայ-ադրբեջանական հակամարտության էսկալացիան բխում է հենց Մոսկվայի շահերի՞ց. չէ՞ որ պատերազմական իրավիճակը կխափանի տարածաշրջանում Արևմուտքի էներգետիկ ծրագրերը և, բացի այդ, լարվածության ուժեղացման դեպքում տարածաշրջանում կարող է ակամա մեծանալ ռուսական ռազմական ներկայության անհրաժեշտությունը:
Գաղտնիք չէ, որ ՀԱՊԿ-ն փորձում է մրցակցել ՆԱՏՕ-ի հետ և դառնալ այլընտրանք նրան: Այս համատեքստում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի նկատմամբ ռազմական ոտնձգություն կամ մշտական սպառնալիք լինի, և դաշինքը երկար ժամանակ չարձագանքի դրան: Ավելին, դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր (առավել ևս՝ առաջատար երկիր) սպառազինություն վաճառի մի երկրի, որը սպառնում է դաշինքի անդամ որևէ երկրի անվտանգությանը: Ահավասիկ, Ռուսաստանը Ադրբեջանի սպառազինությունների ամենախոշոր մատակարարն է:
Civilnet










