Այս շաբաթ՝ նախորդի համեմատ, դոլարի պահանջարկը ներբանկային շուկայում ավելացել է մոտ $12 մլն-ով՝ հասնելով $102 մլն-ի, այն դեպքում երբ բանկերի կողմից գնված դոլարի ծավալն ավելացել է ընդամենը $2,3 մլն-ով՝ կազմելով $72,9 մլն։
Նախորդ ամիսների շաբաթական գործարքների ծավալներից երևում է, որ դոլարի պահանջարկը «չափի մեջ» է եղել, ինչը չի կարելի ասել առաջարկի մասին։ Պարզ ասած՝ նվազել է վաճառվող դոլարների ծավալը, ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես հետագայում դրամի թուլացման սպասումներով, այնպես էլ առաջարկի առումով սպեկուլյատիվ քայլերով։
Այս շաբաթ՝ նախորդի համեմատ, կրճատվել է վաճառված ռուսական ռուբլու ծավալը, ինչը, չի բացառվում՝ պայմանավորված է Ռուսաստանում ազգային արժույթի արժեզրկումով։ Հունիսի 5-ին փոխարժեքը հասել է 34 ռուբլի/$1-ի։ Այս ամենը ստեղծել է դրամի արժեզրկման ճնշումներ և բացասական սպասումներ, ինչի արդյունքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5 կետով կամ 1,2%-ով։
Արտարժույթի շուկայում շաբաթական գործարքների վերաբերյալ ԿԲ-ի հրապարակումից երևում է, որ դրամի հետագա արժեզրկման սպասումները առկա էին ոչ միայն հասարակության շրջանում, այլև բանկային համակարգում։ Դրա մասին է թերևս վկայում այն, որ արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ միջբանկային շուկայում գործարքներ չեն իրականացվել. բանկերը միմյանց դոլար չեն վաճառել, դոլարային բացը առանձին դեպքերում բավարարվել է բորսայի միջոցով։
Արտարժութային շուկայում առաջարկի պասիվության արդյունքում այս շաբաթ «Նասդաք ՕէՄէՔս Արմենիա» բորսայում, նախորդ շաբաթվա համեմատ, գործարքների ծավալն ավելացել էր մոտ 2 անգամ՝ իրականացվել է $33,8 մլն-ի դոլարի առք և վաճառք։ Բորսայում շաբաթական գործարքների ծավալից, ինչպես նաև օրական գործարքներից երևում է, որ դոլարի հիմնական մասը բորսայում վաճառել է ԿԲ-ն։
Նշենք, որ ուրբաթ օրը արտարժութային շուկայում նկատվել է լարվածության որոշակի կայունացում. բանկային համակարգում դրամը նախորդ օրվա համեմատ արժևորվել է 1 կետով՝ առքի միջին փոխարժեքը կազմել է 410դրամ /$1, վաճառքինը՝ 413,8դրամ/$1։ Թեև դոլարի առքի և վաճառքի փոխարժեքի մարժան շուկայում «ընդունված» 3 դրամ է կազմել, այդուհանդերձ դժվար է պնդել, որ բացասական սպասումները մարել են և շուկան վերադարձել է բնականոն վիճակի։
Civilnet











