Սարգսյանի նվերը Օսկանյանին

Կոալիցիոն բանակցությունների տապալումից հետո, առջևում ունենալով նախագահական ընտրությունները, Սերժ Սարգսյանն արդեն այսօր խնդիր է դրել չեզոքացնել բոլոր այն պոտենցիալ թեկնածուներին, որոնք 2013թ. կարող են լուրջ հայտ ներկայացնել: Անշուշտ, այդ մարդկանցից է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը բացառապես քաղաքական դեմք է և պայքարը պատկերացնում է քաղաքական հարթությունում: Իշխանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը օգտագործելով որպես գործիք պոտենցիալ հակառակորդի դեմ, այն դեպքում, երբ վերջինս նույնիսկ չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, ակամա բացահայտում է իր վախը «քաղաքական» կոչվող երևույթի նկատմամբ:
Օսկանյանի առաջադրման դեպքում՝ հեղինակավոր մի քանի քաղաքական ուժերի աջակցությամբ նախագահական ընտրությունները կարող են մղձավանջի վերածվել Սերժ Սարգսյանի համար: Հետևաբար՝ Սարգսյանը այսօրվանից արդեն փորձ է անում Օսկանյանին չեզոքացնելով՝ չեզոքացնել նաև քաղաքական պայքարը: Սակայն շատ դժվար է ասել, թե այդ քաղաքականությունն ինչի կհանգեցնի. վերջին հաշվով, Սերժ Սարգսյանի այս քայլը նվեր է Օսկանյանին, որի վարկանիշը էապես կարող է բարձրանալ դրանից: Ավելին, այդ հետապնդումը կարող է քաղաքական նոր պրոցեսներ խթանել:
Որ գործող իշխանությունը մեծամասամբ ապաքաղաքական է, վերջնականապես ակնհայտ դարձավ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իշխանությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ և չի տիրապետում այնպիսի որակների, որոնք նրան թույլ կտան քաղաքական հարթակում բանավեճի մեջ մտնել իր ընդդիմախոսների հետ: Իսկ բուն ընտրությունների անցկացման որակը փաստում է այն մասին, որ իշխանության վերարտադրությունը ՀՀԿ-ն և նրա առաջնորդը բացառապես պատկերացնում են ապաքաղաքական մեթոդներով և կեղծիքների մեխանիզմների օգտագործման միջոցով:
Չնայած ՀՀԿ-ի համար ընտրություններին գրանցած «արդյունավետությանը», իշխող քաղաքական ուժը ակամա բացահայտեց իր «աքիլլեսյան գարշապարը»՝ քաղաքականությունն ու քաղաքական պայքարը: Ակնայտ դարձավ, որ գործող իշխանությունը ուժեղ է կրիմինալ պայքարում և պետական ինստիտուտները ընտրակեղծիքներին ծառայեցնելում, սակայն թույլ և անպաշտպան է քաղաքական պայքարի ժամանակ: Այն ուժերի և գործիչների շրջանակը, որի հետ սերտորեն համագործակցում է իշխանությունը, հիմնականում «հաճախորդի» կարգավիճակ ունեն կամ տարատեսակ նյութական շահերով կախված են նրանից:
Թերևս այդ պատճառով էր, որ ԲՀԿ-ի հետ քաղաքական համագործակցությունը կոալիցիոն կառավարության շրջանակում տապալվեց. իշխանությունը յուրաքանչյուր ուժի տեսնում է «հաճախորդի» և ոչ թե հավասար գործընկերոջ դերում:
Civilnet










