Գլխավոր Լրահոս

Նիստ առանց վարկի

Նիստ առանց վարկի

ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից Հայաստանին խոստացված $400 մլն-ի վարկային միջոցներն այդպես էլ չեն հատկացվում։ Հունիսի 8-ին Մոսկվայում Հիմնադրամի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, վարկային միջոցների հատկացման հարցը չի քննարկվել։
Եվրասիական զարգացման բանկից, որը Հիմնադրամի միջոցների կառավարիչն է, «Օրակարգ»-ին ասացին, որ հունիսի 8-ի մոսկովյան նիստի օրակարգում Հայաստանին վարկային միջոցների հատկացման հարցն ընդգրկված չի եղել։

Հանգամանքը բավական ուշագրավ է, եթե հաշվի առնենք նախորդ տարվա հայտարարությունները։ Այսպես՝ 2011թ. հունիսի 5-ին Կիևում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի ֆինանսների (արդեն նախկին) նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարում էր, թե Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից Հայաստանին $400 մլն վարկ հատկացնելու հարցը կքննարկվի հաջորդ նիստին: Այդուհանդերձ, Մոսկվայում նոյեմբերի 28-ին Հակաճգնաժամային հիմնադրամի նիստի օրակարգում այս հարցն այդպես էլ չընդգրկվեց։

Չի բացառվում, որ միջոցների հատկացման մասին որոշումը ձգձգվում է այն պատճառով, որ գումարը պետք է ուղղվի «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագրի ֆինանսավորմանը, իսկ Հիմնադրամում այդքան էլ վստահ չեն վարկի ծախսման արդյունավետության մեջ։
Հայաստանի ֆինանսների նախարարությունից «Օրակարգ»-ին ասացին, որ Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից Հայաստանին վարկային միջոցների հատկացման հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Նախարարությունում հիշեցրցին, որ միջազգային փորձագետները «Նաիրիտ»-ում իրականացնում են արդիականացման ու վերականգնման ծրագրի գնահատման աշխատանքներ։ Ծրագրի գնահատման ավարտից ու փորձագիտական եզրակացությունից հետո Հայաստանին վարկային միջոցների հատկացման հարցը կընդգրկվի Հիմնադրամի խորհրդի նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ $400 մլն-ը ծրագրվում է ուղղել «2011-2019 թթ. ««Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագրի իրականացմանը, որը մշակվել է անցած տարի։ Ներկայում «Նաիրիտ»-ը շարունակում է պարապուրդի մատնված մնալ (արդեն 2,5 տարի), բավական մշուշոտ է նաև գործարանի վերագործարկման հեռանկարը։

Խնդիրն այն է, որ քիմիական հսկայի արդիականացման ծրագիրն ընդհանուր առմամբ ենթադրում է $512,26 մլն-ի ներդրումներ, որի մոտ 30%-ն անմիջապես ուղղվելու է գործարանի պարտքերի (ԱՊՀ Միջպետական բանկի $100 մլն վարկի և գործարանի ընթացիկ $46 մլն պարտքի՝ 2011թ. սկզբի դրությամբ) մարմանը։ Թեև «Նաիրիտ»-ը մատնված է պարապուրդի, տեխնոլոգիական գործընթացներն այնպիսին են, որ ընկերության պարտքն օրեցօր ավելանում է մոտ ֌30 մլն-ով։

Նշենք, որ թեև անցած տարի Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել էր ««Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագրի իրականացման ընկերության հայտամրցույթ, մինչ այսօր այդպես էլ հայտնի չէ այն իրականացնող ընկերության անունը։

Վերջերս պարզ դարձավ, որ ռուսական նավթագազային «Իտեռա գրուպ»-ը սկզբունքորեն դեմ չէ ստանձնել Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարան»-ի կառավարումը, սակայն որոշումն առաջին հերթին կախված է լինելու տնտեսական նպատակահարմարությունից և մակրոտնտեսական իրավիճակից։ Մայիսի վերջին ընկերության պատվերով «Նաիրիտ»-ում իրականացվել է աուդիտ, որի արդյունքները պատրաստ կլինեն երրորդ եռամսյակի վերջին։ Միայն դրանից հետո ընկերությունը կկայացնի իր վերջնական որոշումը։

Ստեղծված իրավիճակում եթե նույնիսկ կառավարությունը ստանա Հակաճգնաժամային հիմնադրամի $400 մլն-ը՝ ավելացնելով պետական պարտքը, հայտնի չէ, թե ով է իրականացնելու «Նաիրիտ»-ի արդիականացման ծրագիրը, և ինչ ուղղություններով են ծախսվելու միջոցները։

Մեծ է ռիսկը, որ «Նաիրիտ»-ը հերթական անգամ կվերածվի միջոցների փոշիացման միջոցի, ինչպես 2006թ.։ Հիշեցնենք՝ 2006թ. կառավարությունը օֆշորային Rhinoville Property Limited-ի վաճառեց «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90% փաթեթը։ ԱՊՀ Միջպետական բանկը, որի անդամ է նաև Հայաստանը, 2006թ. օգոստոսին Հայաստանի կառավարության և Rhinoville Property Limited-ի միջև ստորագրած պայմանագրի հիման վրա օֆշորային ընկերությանը հատկացրեց $70 մլն-ի վարկային միջոցներ՝ 5,3 տարի ժամկետով (մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը), տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Վարկն ապահովված էր «Նաիրիտ»-ի բաժնետոմսերով։ Rhinoville Property Limited-ն այդպես էլ չկատարեց իր վարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նաիրիտ»-ը փոխանցվեց բանկի սեփականությանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում