Գլխավոր Լրահոս

Մարդու ընտրության տրիումֆը

Բրյուսելում հունիսի 6-7-ին հետխորհրդային երկրներում մարդու իրավունքներին նվիրված սեմինարների ժամանակ Հայաստանի (նաև Ադրբեջանի) մասին հնչեց մեկ նախադասություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը ընտրովի սկզբունքով են իրականացնում իրենց բարեփոխումները: Ձևակերպումն ինձ բավական զվարճալի թվաց: Արդեն կարգին զբոսնել էի այդ քաղաքում և, ինչպես ասում են, բոլոր նյարդերով զգացի ձևակերպման անհեթեթությունը: Ընտրովի բարեփոխումներ նշանակում է ընտրովի ճարտարապետություն, ընտրովի մարդ, ընտրովի չինովնիկ, ընտրովի ընտրություններ, ընտրովի հեռուստատեսություն: Խնդիրն էլ հենց դա է, որ ընտրովի բարեփոխումներն ավելի վատն են, քան բարեփոխումների ընդհանրապես բացակայությունը:

Եվրամիության չափանիշներով մենք ընտրովի բարեփոխումների մեջ ենք անկախության առաջին օրվանից, որովհետև 1991թ. սեպտեմբերի 21-ից մենք ընտրում ենք մարդուն ու երաշխավորում նրա գոյությունն ու իշխանությունը մեզ վրա: Օրինակ՝ ի՞նչ են նշանակում մաքսային բարեփոխումները: Այնտեղից, որտեղից ես եմ նայում, ոչինչ էլ չեն նշանակում: Այնտեղից, որտեղից իշխանությունն է նայում, դրանք, հնարավոր է, գերազանցում են ԵՄ պատկերացումները: Այսինքն՝ փաստաթղթային իմաստով դրանք համապատասխանում են ԵՄ չափանիշներին:

Վարչապետը Բրյուսելում հայտարարում է, որ «Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն այս [մայիսի 6-ի - Ս.Փ.] ընտրություններն անկախության հռչակումից ի վեր՝ 20 տարիների ընթացքում, Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին»: Ես չեմ ուզում վերաշարադրել, թե ինչ են ասել եվրոպացի դիտորդները մայիսի 6-ի ընտրությունների մասին: Բայց նրանք պարզապես չեն ասել այն, ինչ Բրյուսելում հայտարարել է վարչապետը: Բրյուսելում վկայակոչեցին Ֆրիդոմ Հաուսի զեկույցը, որտեղ մեր մամուլը Ադրբեջանի և Ուկրաինայի հետ դասվում է անազատների շարքում: Վարչապետն աշխարհը ոտքի տակ տված մարդ է և շատ հանգիստ կարող է գլխի ընկնել, որ միայն մամուլի վիճակը բավարար է նման բան չհայտարարելու համար:

Ես ինչո՞ւ շեշտեցի նաև «ընտրովի ճարտարապետությունը». որովհետև ճարտարապետությունը մեկ այլ ճարտարապետության հաշվին չի լինում: Ինչպես գիրքը չի գրվում մեկ այլ գրքի փոխարեն, ինչպես կտավը չի արվում մեկ այլ կտավի փոխարեն: Վարչապետին իր մանկությունից ինչ-որ բան հիշեցնո՞ւմ է ժամանակակից Երևանը: Ո՛չ, չի հիշեցնում: Ժամանակակից մարդիկ, թեկուզ իր շրջապատի, հոգով-սրտով ինչ-որ բանով նմա՞ն են նրա պապերի ժամանակակիցներին: Ո՛չ, նման չեն: Որովհետև քաղաքը հարմարեցված է չինովնիկության հարմարավետությանը, մարդիկ հարմարեցված են նրա հոգուն ու սրտին, ընտրությունները հարմարեցված են նրանց հաղթանակին: Այնպես որ, երբ Բրյուսելն ազդարարում է, որ «Հայաստանն ու Ադրբեջանը ընտրովի սկզբունքով են իրականացնում իրենց բարեփոխումները», հենց դա նկատի ունի: Սա Հայաստան է, որտեղ իշխանությունն իր քմահաճույքներով է երաշխավորում սրա կամ նրա կյանքի իրավունքը, սրա կամ նրա բիզնեսի իրավունքը և այլն: Այսօր գրեթե ցանկացած հայ երազում է չինովնիկ լինելու մասին, ինչպես Հյուսիսային Կորեայում ցանկացած տղամարդ երազում է զինվորական լինելու մասին: Այդպես չի լինում, ընկերներ: Յուրաքանչյուրը իր դիմացինի հետ հաշվի է նստում ողորմածության շրջանակներում: Բրյուսելում այդպես է: Այնտեղ մարդուն ի գիտություն են ընդունել, այնտեղ ճարտարապետությունը բոլորինն է, այնտեղ «իրավունք» ասվածը դատարաններից չի սկսվում ու ավարտվում, այլ կյանքի յուրաքանչյուր դրվագից, այնտեղ յուրաքանչյուր ակնթարթը մարդու կատարած ընտրությունն է ու այդ ընտրության տրիումֆը: Այնտեղ փողոցներում չկան պաստառներ, թե ով ում զենքն է կամ ով ինչքան է սիրում իր բանակը: Բրյուսելի երկինքը շնչում է աղոթքով, որ մեր վարչապետի նմանները քիչ լինեն այնտեղ: Ահա ինչու, երբ, այնուամենայնիվ, լինում են, Բրյուսելը գործի է դնում իր իմացած գլխավոր զենքը՝ ողորմածությունը, ըստ որի՝ ստելը նույնպես մարդու իրավունքն է: Եվ ի սեր ստախոսի է նա բարձրաձայնում ընտրովի բարեփոխումների մասին, որովհետև սերը, ի տարբերություն ստի, չի նահանջում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում