Պետական գնումների ոլորտում հակամրցակցային գործողությունների համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերությանը (փոխկապակցված է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ) գերիշխող դիրքի չարաշահման համար երեկ տուգանեց 50 մլն-ով։ Հանձնաժողովի նիստին, այդուհանդերձ, չնշվեց, թե որքանով է համաչափ տուգանքն ու ընկերության վարքագծի արդյունքում պետբյուջեին ու մրցակիցներին հասցված վնասը։ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված է, որ գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանք՝ 5 մլն-ից 200 մլն-ի չափով։
Երեկ ՏՄՊՊՀ-ի նիստում ամփոփվեցին դեղորայքի գծով պետական գնումների ոլորտում իրականացված վարչական վարույթի արդյունքները. դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող խոշորագույն ընկերությունը՝ «Նատալի ֆարմ»-ը, տուգանվեց 50 մլն-ի չափով։
Նշենք, որ Հանձնաժողովը վարույթը հարուցել էր դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սզնի» ընկերության համար շուկայում ստեղծվող խոչընդոտների փաստով։ Վարույթի ընթացքում կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դեղերի իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսավարողներ և բուժհաստատություններ, խախտելով պետական գնումների ընթացակարգերը, իրականացրել են հակամրցակցային գործողություններ:
Մասնավորապես՝ Հանձնաժողովի կողմից բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ բուժհաստատություններն ընդհանրապես մրցույթներ չեն հայտարարել այն դեպքում, երբ դա օրենքի պարտադիր պահանջ է: Որոշ դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ։ Որպես կանոն, «Նատալի ֆարմ»-ի հետ մրցույթին մասնակցող ընկերությունները միտումնավոր տեխնիկական վրիպակներ են թույլ տվել փաստաթղթերում, ինչի արդյունքում դուրս են մնացել մրցույթից, իսկ հաղթող է ճանաչվել «Նատալի ֆարմ»-ը, որը ներկայացրել էր բարձր գնային առաջարկ:
ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրություններով հայտնաբերվել են նաև դեպքեր, երբ դեղորայքի առուվաճառքով զբաղվող «Նատալի ֆարմ» ընկերությունը մրցույթից հետո բուժհաստատություններին նվիրատվություն է կատարել, ինչի արդյունքում խաթարվել է մրցութային գործընթացը, և մրցույթը հայտարարող բուժհաստատությունը գնման պահանջի վերացման պատճառաբանությամբ պայմանագիր չի կնքել մրցույթում հաղթող ճանաչված «Սզնի»-ի հետ:
Ամփոփելով վարչական վարույթի արդյունքները՝ Հանձնաժողովը ինը տնտեսավարողների և շուրջ երեք տասնյակ բուժհաստատությունների գործողությունները երեկ ճանաչեց որպես հակամրցակցային։ Այդուհանդերձ, տուգանվեց միայն «Նատալի ֆարմ»-ը, մյուսները ստացան խիստ նախազգուշացում։
Ուսումնասիրությունների ողջ փաթեթը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խոստացավ ուղարկել նաև պետական համապատասխան գերատեսչություններ՝ Գլխավոր դատախազություն, Վերահսկիչ պալատ և ֆինանսների նախարարություն։ ««Պետական գնումների մասին» օրենքում առկա սողանցքները փակելու և ոլորտի օրենսդրությունը բարելավելու նպատակով Հանձնաժողովը մի շարք օրենսդրական առաջարկներ է մշակել, որոնք կուղարկվեն ՀՀ ֆինանսների նախարարություն»,– հայտարարեց Շաբոյանը:
Անհամաչափություն
Բուժհաստատությունները, հանդիսանալով պետական բժշկական հիմնարկներ, մրցույթների «թերակատարման» հետևանքով մրցակցության սահմանափակումից բացի, վնասներ են հասցրել պետբյուջեին՝ միջոցների անարդյունավետ օգտագործման առումով: Իսկ թե բուժհաստատությունների ու «Նատալի ֆարմ»-ի գործողությունների հետևանքով որքան վնասներ են կրել պետբյուջեն և մրցակից ընկերությունները, ՏՄՊՊՀ-ի նիստին այդպես էլ չհրապարակվեց։ Հանձնաժողովը նման տվյալների, ամեն դեպքում, պիտի որ տիրապետեր, եթե հաշվի առնենք, որ կատարվել է լայնածավալ ուսումնասիրություն։ Պարզապես, եթե ՏՄՊՊՀ-ն հրապարակեր այդ տվյալները, առաջանալու էր «Նատալի ֆարմ»-ի տուգանքի համաչափության հարցը։
Նշենք, որ «Նատալի ֆարմ»-ի կողմից կիրառված դեմպինգի հետևանքով «Սզնի» ընկերությունը դուրս է մղվել դեղորայքի մեծածախ շուկայից։ «Սզնի»-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցներից մեկում («Ազատամարդ», «Փոքր հերոսն ընդդեմ մոնոպոլիայի», 10-ը ապրիլի) նշել էր, որ «Նատալի ֆարմ» ընկերության կողմից անվճար դեղորայք նվիրելու արդյունքում, միայն մեկ մրցույթը չեղյալ հայտարարելու հետևանքով, իր ընկերությունը $100 հազ-ի վնաս է կրել։
Հաշվի առնելով շուկայի մասնակցի ներկայացրած տվյալները և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված դրույթը, որ գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանք 5 մլն-ից 200 մլն-ի չափով՝ ստացվում է, որ «Նատալի ֆարմ»-ի տուգանքը բավական մեղմ է։ «Նատալի ֆարմ»-ի գործողությունների հետևանքով տուժած միայն մեկ ընկերության կրած վնասն ավելի մեծ է, քան ՏՄՊՊՀ-ի տուգանքը։ Բացի այդ՝ «Նատալի ֆարմ»-ը օրենքով սահմանված առավելագույն չափից չորս անգամ պակաս է տուգանվել. ընկերության ստացած եկամուտները մի քանի անգամ ավելին են եղել, քան այն գումարը, որը նա պետք է վճարի պետբյուջե։
Առաջարկում եմ դիտել նյութին առնչվող առաջին և երկրորդ տեսանյութերը
Civilnet











