Գլխավոր Լրահոս

Հարկերը քիչ մը ճոխ են

Հարկերը քիչ մը ճոխ են

«Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, հայտնի գործարար Վահագն Հովնանյանը շարունակում է բարձրաձայնել իր դժգոհությունը հայաստանյան գործարար միջավայրից՝ այս անգամ թեև ավելի մեղմ ու քողարկված ձևակերպումներով։ Եթե անցած տարվա հունիսի 29-ին նա բացեիբաց հայտարարում էր, որ մենաշնորհները Հայաստանում խանգարում են բիզնեսի ծավալմանը, ապա երեկվա ասուլիսում նա ցանկություն է հայտնել, որ կառավարությունը մի փոքր ազատականացնի շուկան։ Հովնանյանն ասել է նաև, որ իր շինարարական բիզնեսը տուժել է, քանի որ Հայաստանում ժողովուրդ չի մնացել։

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Վահագն Հովնանյանն ասել է, որ թեև կառավարությունն արդեն սկսել է մեծ տուգանքներ կիրառել մենաշնորհների նկատմամբ, այդուհանդերձ բիզնեսի համար կան խոչընդոտներ։ Կառավարության նոր կազմից գործարարը սպասելիքներ ունի՝ «որ կհետապնդեն մենաշնորհները»։ «Եթե մի քիչ բացեն դռները, և բոլորը կարողանան ապրանքներ ներկրել, լավ կլինի»,– ասել է Հովնանյանը։

Գործարարի կարծիքով՝ քիչ են նախաձեռնությունները աշխատատեղեր ստեղծելու հարցում։ «Ժողովուրդը պետք է գործ ստեղծի, բայց ցանկություն չունի առաջ գնալու։ Հայաստանի բիզնես միջավայրում կանոնները մի քիչ դժվար են, կառավարության կողմից սահմանված հարկերը «քիչ մը ավելի ճոխ են»,– նշել է նա։

Թեև Հովնանյանը բացեիբաց չի քննադատել կառավարության գործունեությունը և գործարար միջավայրը, այդուհանդերձ խոսելով անշարժ գույքի շուկայից՝ նա նշել է, որ շինարարական իր բիզնեսում գործերն այս տարի այնքան էլ լավ չեն՝ հաճախորդները թեև ցանկանում են բնակարաններ գնել, բայց վճարունակ չեն: Հովնանյանը կարծում է, որ շինարարությունը տուժել է, քանի որ Հայաստանում ժողովուրդ չի մնացել: Հովնանյանը սա իր համար ցավալի է համարել, քանի որ բնակչություն նվազման հետ զուգահեռ կրճատվում են դրամի շրջանառությունը, իրացման ծավալները։

Հարցին, թե գործարարի կարծիքով՝ ինչու են մարդիկ հեռանում Հայաստանից, Հովնանյանը նշել է գործազրկության խնդիրը։ «Մարդիկ պարապ նստելու փոխարեն գոնե մեկնում են՝ իրենց գլխի ճարը տեսնելու դրսում։ Սա նորություն չէ հայության համար… Պանդխտությունը մեր երգերի մեջն է, հայը միշտ պանդուխտ է եղել»,– նշել է գործարարը՝ հավելելով, թե մարդիկ պետք է աշխատատեղեր ստեղծեն և ոչ թե իշխանությունները:

Վահագն Հովնանյանը հայաստանյան բիզնեսի համար խոչընդոտ է համարել նաև Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, մասնավորապես՝ 40-ժամյա և 5-օրյա աշխատանքային շաբաթվա սահմանումը։ Ըստ նրա՝ շաբաթական 40 ժամ աշխատելու դեպքում հայաստանցիները դեռևս չեն կարողանում լուծել բարեկեցության խնդիրներն այնպես, ինչպես դա անում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ այլ երկրներում: Ըստ նրա՝ ցանկացած աշխատանք իր նրբություններն ունի, և պետք է հաշվի առնել ոչ միայն սա, այլև սեզոնայնության գործոնը։

«Եթե մարդն ուզում է ավել աշխատել, ապա նրան պետք է տանք լրացուցիչ միջոցներ վաստակելու հնարավորություն։ Դրանով մենք էլ ճիշտ ժամանակին կհասցնենք մեր գործն ավարտել»,– ասել է գործարարը։ Ըստ նրա՝ Հայաստանի բիզնես գրավչությունը և օրենսդրական այս պահանջները վնասում են գործատուի աշխատանքին, քանի որ նման սահմանափակումների պայմաններում շինարարները չեն կարողանում սահմանված ժամկետներում կատարել պատվերներ և ստիպված են լինում տույժ-տուգանքներ վճարել։ «Օրենքները պետք է ճկուն լինեն, մասնավորապես Հայաստանում, քանի որ նոր երկիր է ու նոր ձևերով է աշխատում»,– ասել է Վահագն Հովնանյանը։

Գործարարին անհասկանալի է նաև այն, թե ինչու է Հայաստանում ոչ աշխատանքային օրերի թիվը (ներառյալ շաբաթ-կիրակիները, կրոնական և այլ տոները) մոտ 150։ Ըստ գործարարի՝ աշխարհի ոչ մի այլ երկրում նման մեծ քանակությամբ հանգստյան օրեր չկան։
Հիշեցնենք, որ անցած տարի հուլիսի 29-ին ասուլիսում Հովնանյանը հայտարարում էր, որ մենաշնորհները Հայաստանում խանգարում են բիզնեսի ծավալմանը։ «Ցորենի գործի մեջ մտանք, բայց մեզ ասացին՝ արտերը չհասած կվառենք»,– ասում էր նա։ Հովնանյանին խոչընդոտել էին նաև փայտ ներկրել Ռուսաստանից: Մենաշնորհն այնքան զորեղ է, որ անգամ ռուս մատակարարները չեն ցանկացել իր հետ գործ ունենալ՝ անկեղծացել էր գործարարը։

Նշենք, որ Հովնանյանն այս հայտարարություններից հետո, այդուհանդերձ, «մեղմեց տոնը», իսկ այս տարի փետրվարին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հրամանով՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար և իր 80-ամյա հոբելյանի առթիվ պարգևատրվեց էկոնոմիկայի նախարարության Ոսկե մեդալով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում