Գլխավոր Լրահոս

Հոռետեսել են Հայաստանին

Համաշխարհային բանկը չի հավատում Հայաստանի տնտեսությանը և կառավարության տնտեսական քաղաքականությանը։ Եթե հունվարին ՀԲ-ն կանխատեսում էր, որ այս տարի հանրապետությունում տնտեսական աճը կկազմի 4,3%, ապա բանկի երեկ հրապարակած զեկույցում ցուցանիշը նվազել է 0,2-տոկոսային կետով՝ մինչև 4,1%։ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի տնտեսական աճի կանխատեսումն իջեցվել է։

Երեկ Համաշխարհային բանկը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան զեկույցը, որում անփոփոխ է թողել ընթացիկ տարվա համար համաշխարհային տնտեսության աճի հունվարյան կանխատեսումը՝ 2,5%։ Գալիք երկու տարիների համար համաշխարհային տնտեսության աճի մասով ՀԲ-ն ավելի լավատես է. 2013թ. համար կանխատեսվում է 3%, 2014թ. համար՝ 3,3% աճ։

Զարգացած երկրների մասով ՀԲ-ն իր հունվարյան կանխատեսումները թողել է անփոփոխ։ Տնտեսական աճն այս երկրներում ընդհանուր առմամբ կկազմի 1,4%, ԵՄ-ում բանկն ակնկալում է 0,3% անկում։

ՀԲ-ն 0,1-տոկոսային կետով վերանայել է զարգացող տնտեսությունների այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ ցուցանիշը նվազեցնելով մինչև 5,3%։ Զեկույցի վերաբերյալ ՀԲ-ի հաղորդագրությունում նշվում է, որ զարգացող երկրները պետք է պատրաստվեն համաշխարհային տնտեսությունում առաջիկա տարիներին հնարավոր անկայունությանը։

ՀԲ-ի զարգացման հեռանկարների խմբի տնօրեն Հանս Թիմերի խոսքով՝ կապիտալի համաշխարհային շուկան և ներդրողների տրամադրությունները միջնաժամկետ կտրվածքում անկայուն են մնալու, քաղաքականապես դժվար է լինելու տնտեսական իրավիճակի կայունացումը։ Նման պայմաններում զարգացող երկրները ջանքերը պետք է նպատակաուղղեն արտադրողականության բարձրացման բարեփոխումներին ու ենթակառուցվածքներում ներդրումներինև ոչ թե գլոբալ տնտեսական իրավիճակի ամենօրյա փոփոխություններին արձագանքելուն։

Հայաստանին չեն հավատում
Հատկանշական է, որ այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը մնում է անփոփոխ, իսկ զարգացող երկրների աճի կանխատեսումը նվազում է 0,1-տոկոսային կետով, ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճի հունվարյան կանխատեսումը վերանայում է 0,2-տոկոսային կետով՝ նվազեցնելով այն մինչև 4,1%։

Համաձայն զեկույցի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, մասնավորապես Հայաստանը, Մոլդովան, Մակեդոնիան ունեն արտաքին ֆինանսավորման պահանջարկ (արտաքին վճարահաշվարկային մեծ դեֆիցիտ, պարտքի սպասարկում), ինչն այդ երկրներին համաշխարհային տնտեսության ընթացիկ պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում դնում է խոցելի վիճակի մեջ։ Կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանում ընթացիկ վճարային հաշվեկշիռ/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 11,6%։

Նշենք, որ ՀԲ-ի կողմից Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման նվազեցումը գրեթե ամբողջովին պայմանավորված է ներքին գործոններով և ոչ թե համաշխարհային տնտեսությունում և գործընկերներ երկրներում բացասական զարգացումներով։ Խնդիրն այն է, որ Հայաստանը միակն է տարածաշրջանում, որի տնտեսական աճը նվազեցվել է։ Այսպես՝ Ռուսաստանի համար ՀԲ-ն կանխատեսել է 3,8% տնտեսական աճ՝ նախորդ կանխատեսումը բարձրացվել է 0,3 կետով։ ՀԲ-ն Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում տնտեսական աճի հունվարյան կանխատեսումը թողել է անփոփոխ՝ համապատասխանաբար 3,1% և 2,9%։ Վրաստանի դեպքում բանկը բավական լավատես է՝ տնտեսական աճի նախորդ կանխատեսումը բարձրացվել է միանգամից 1-տոկոսային կետով՝ մինչև 6%։

Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի նվազեցումը մտահոգիչ է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ հանրապետության առևտրատնտեսական երկու հիմնական գործընկերներից մեկում՝ Ռուսաստանում, ՀԲ-ի կանխատեսումներով վիճակը ավելի լավ է լինելու, քան կանխատեսվել էր հունվարին, իսկ ԵՄ-ում վիճակի վատթարացում չի սպասվում։

Նշենք, որ Ռուսաստանին և ԵՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 55%-ը, արտահանման 65%-ը, օտարերկրյա ներդրումների ավելի քան 70%-ը։ Ռուսաստանին, բացի այդ, բաժին է ընկնում մասնավոր դրամական փոխանցումների 85%-ը։ Ու թեև պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է տնտեսական ակտիվության ավելացում (7,2%՝ հունվար-ապրիլին), մայիսին 12-ամսյա 0,2% գնաճ, տնտեսության կառուցվածքի փոփոխություն, միջազգային կառույցները Հայաստանի տնտեսության մասին այլ կարծիքի են։

Նշենք, որ ընթացիկ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի մասով հոռետես է ոչ միայն ՀԲ-ն։ Արժույթի միջազգային հիմնադրամը գարնանը նույնպես վերանայել էր Հայաստանի ՀՆԱ-ի աճի իր նախորդ կանխատեսումը՝ այն իջեցնելով 0,2-տոկոսային կետով՝ մինչև 3,8%։ Ստացվում է, որ միջազգային երկու հեղինակավոր կառույցների կողմից ակնկալվող ցուցանիշներն ավելի փոքր են, քան կառավարության դեպքում է։

Հայաստանի կառավարությունն այս տարվա բյուջեի հիմքում դրել է ՀՆԱ-ի 4,2% աճ և 4±1,5% գնաճ. մակրոտնտեսական երկու այս ցուցանիշներից է կախված բյուջեի կատարումը։ Գործադիրի կողմից ընթացիկ տարվա պետբյուջեի հիմքում դրված լրացուցիչ ֌101 մլրդ եկամուտներից մոտ ֌70 մլրդ-ը պետք է հավաքագրվի տնտեսական աճի և գնաճի հաշվին։ Նշենք, որ մոտավոր հաշվարկներով ՀՆԱ-ի 0,1-տոկոսային կետով աճը պետք է ապահովի մոտ ֌2 մլրդ-ի հարկային եկամուտներ։

Ըստ էության ստացվում է, որ թե՛ ՀԲ-ն և թե՛ ԱՄՀ-ն, որոնք ֆինանսական և տեխնիկական օժանդակություն են ցուցաբերում կառավարության հարկաբյուջետային քաղաքականությանը, տնտեսության կայուն աճին ուղղված բարեփոխումներին, չեն հավատում գործադիրին և նրա կողմից ձեռնարկվող քայլերին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում