Ո՞վ է կաթողիկոսին թույլ տվել բովանդակազերծ անել եկեղեցին
Կաթողիկոս Գարեգին Բ-ն կարգալույծ է արել հերթական հոգևորականին եկեղեցականին անհարիր վարքի համար: Եթե հաշվի առնենք, որ կարգալույծ արվածը կուսակրոն է (աբեղա՝ կուսակրոն հոգևորականության ամենացածր աստիճանը), կարելի է ենթադրել, թե այդ ինչ անհարիր վարք է:
Ընդունված է կարծել, որ բոլոր կաթողիկոսներից Գարեգին Բ-ն ամենից շատ է հանդես եկել կարգալուծության հրամաններով: Այդպիսի վիճակագրություն Մայր Աթոռը չունի: Կամ հրաժարվում է հրապարակել: Սակայն գրեթե հայտնի չէ մեկ դեպք գոնե գործող կաթողիկոսի օրոք, երբ եկեղեցին հասարակության ուշադրությունը հրավիրի, թե հատկապես ինչի համար են կարգալույծ արվում հոգևորականները: Կարելի է ենթադրել, որ եկեղեցին երբեք հաճույքով չի խոսում որևէ մեկի կամ երևույթի դատապարտելիության մասինվ: Բայց նա պիտի հիշի, որ եթե որևէ մեկը հոգևորականին անհարիր վարք է ցուցաբերում, նրան ավազանի անունը վերադարձնելով՝ եկեղեցին ուղարկում է աշխարհիկ հասարակություն, այսինքն՝ մեզ մոտ, իսկ մենք պարտավոր ենք իմանալ, թե ով է գալիս մեր «գիրկը»՝ անառակ որդի՞ն, թե՞ մոլորյալ զավակը:
Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրոք եկեղեցին դադարել է լինել հրապարակային ինստիտուտ: Միաժամանակ, իր հոտը նա «հավաքագրում» է մարդկանցից, որոնք չէին հրաժարվի իմանալ, թե ում մոտ են գնում: Եթե խնդիրը հավատն է Աստծո հանդեպ, դրա համար աշխարհում չափազանց շատ քրիստոնեական կանոնիկ ուղղություններ կան, եթե խնդիրը հատկապես Հայ առաքելական եկեղեցուն ամրագրվելն է, քաղաքացին այդ եկեղեցու մասին իմացությամբ պետք է պաշտպանված լինի խոցելի երևույթներից: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Փորձենք հասկանալ:
Հոգևորական լինելը մեզ մոտ նույնն է, ինչ ՀՀԿ-ական լինելը, երկուսն էլ երաշխավորում են բարեկեցիկ կյանք: Սակայն միայն ժամանակակից Հայաստանում է հնարավոր, որ հոգևորականը ոչ պակաս ՀՀԿ-ական լինի՝ ի դեմս Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի:
Ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ պետք է հոգևորականը մտածի լավ կյանքի մասին: Ինչի՞ց է վախենում նա, երբ ձգտում է ճոխ կյանքի: Նա վախենում է սոված մնալուց: Սովի սպառնալիքը մարդուն ագահ է դարձնում: Հոգու խորքում հոգևորականների մեծ մասը եկեղեցուն «անդամագրվելուց» առաջ նախ մերժում է Աստծուն: Խոսքը ժամանակակից հոգևորականության մասին է: Որովհետև քանի դեռ Նավասարդ արքեպիսկոպոսը «Բենթլի» է վարում, նա օրինակ ծառայող է: Իսկ ո՞վ է երաշխավորել նրա «Բենթլին»՝ կաթողիկոսը: Ո՞վ է կաթողիկոսին թույլ տվել բովանդակազերծ անել եկեղեցին: Ոչ ոք: Բայց եթե նա մնա բովանդակության մեջ, չի կարող լուծել Երևանի կենտրոնում կեցավայր ունենալու խնդիրը: Եթե նա մտահոգություն հայտնի, ասենք, երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակի մասին՝ առանց նույնիսկ մեղավորներ մատնանշելու, ստիպված պիտի հաշվետու լինի իշխանություններին այն տնտեսական գործունեության համար, որ ինքն է իրականացնում: Մոմի գործը կբարդանա: Իշխանամետ լրատվամիջոցները պատմական ակնարկներով կանդրադառնան մեր եկեղեցու անօրինություններին, որոնք հայ ժողովրդի պատմության մաս են դարձել Գրիգոր Լուսավորչից ի վեր:
Նույնիսկ ՀԱԿ-ի անդամ Հրանտ Բագրատյանը կներգրավվի այս գործին, քանի որ բացի նրանից, որ նա լավ է տիրապետում հայ եկեղեցու պատմությանը, նա այդ պատմությունը ներկայացնում է շատ ընկալելի:
Երբ ժամանակին խնդիր դրվեց, որ եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, այն նախ և առաջ վերաբերում էր աշխարհիկ հաճույքներին: Այդ հաճույքները եկեղեցու գործը չէին: Եթե որևէ եկեղեցական իրեն տվել է աշխարհիկ զեխություններին, նրան մի՛ ուղարկեք «բաց հասարակություն», քանի որ մենք՝ զեխասերներս, չենք վազում եկեղեցու գիրկը, փորձեք նրանից ստանալ այն, ինչին կոչված եք դուք՝ հոգևորականներդ: Քանի որ եթե ձեզ մոտ է նա կապերը կտրել, պատկերացնում եմ, թե աշխարհիկ կյանքում ինչ կլինի:
Թեմա
Մհեր Արշակյան










