Հայաստանում «մենաշնորհային» ապրանքները դրամի արժեզրկման ֆոնին տարբեր վարքագիծ են ցուցաբերում։ Մոտ մեկ ամիս բենզինի գներն անփոփոխ մնալուց հետո երեկ իջել են 10-ով. «Ռեգուլյար» տեսակի բենզինն արդեն վաճառվում է 480-ով։ Ի տարբերություն բենզինի՝ մենաշնորհային այլ ապրանքներ, օրինակ՝ շաքարավազը, ալյուրը, բուսական յուղը, փոխարժեքի պատրվակով վերջին մեկ ամսվա ընթացքում թանկացել են 5-10-ով։
Բենզինի և դիզվառելիքի խոշոր խաղորդ «Ֆլեշ» ընկերության (մասնաբաժինը շուկայում՝ 42,62%) փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, մեկնաբանելով բենզինի էժանացումը 10-ով, «Օրակարգ»-ին ասաց, որ միջազգային շուկայում նավթի գների անկումը հնարավորություն է տվել իջեցնել նաև բենզինի գները Հայաստանում։ «Եթե այս մեկ ամսվա ընթացքում չլիներ դրամի նման արժեզրկում, բենզինի գինը նույնիսկ կարող էր իջնել մինչև 450։ Բայց փոխարժեքի նման պայմաններում դա հնարավոր չեղավ»,– ասաց Էլչյանը՝ հավելելով, որ եթե համաշխարհային շուկայում վիճակն անփոփոխ մնա, և դրամը մի փոքր ամրապնդվի, բենզինի գները հնարավոր է՝ նորից իջնեն։
Ըստ Էլչյանի՝ բենզինի շուկայի խաղորդներին բարձր գները ձեռնտու չեն, քանի որ թանկ բենզինի դեպքում կրճատվում են իրացման ծավալները։ «Որքան ցածր լինի գինը, այնքան շատ կվաճառենք։ Այսօր մարդիկ կա՛մ հրաժարվում են բենզինից և անցնում են գազի, կա՛մ մեքենան վարում են խիստ անհրաժեշտության դեպքում»,– ասաց Էլչյանը:
Հայաստանի բենզինի շուկայի մյուս խոշոր խաղորդ «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունում (մասնաբաժինը շուկայում՝ 41,76%) էլ «Օրակարգ»-ին հաստատեցին, որ միջազգային շուկայում գների նվազումն է հնարավորություն տվել իջեցնել գները։ «Միջազգային գները նպաստավոր են, բայց պետք է հաշվի առնել նաև փոխարժեքային գործոնը։ Մենք ստիպված ենք եղել իջեցնել բենզինի գները և ապրանքային մնացորդները էժան վաճառել, քանի որ այս գների պայմաններում տեղի է ունեցել իրացման ծավալների կրճատում»,– ասացին ընկերությունում՝ հավելելով, որ ներկայիս գների պայմաններում վնաս են կրում, բայց ստիպված էին գնալ այդ քայլին, քանի որ ապրանքային մնացորդի համար պետք է մատակարարներին գումարներ վճարեն, սպասարկեն վարկերը, հակառակ պարագայում ստիպված կլինեն ավելի մեծ տույժեր վճարել։
Հայաստանում բենզինը վերջին անգամ էժանացել էր մայիսի 19-ին (10-ով), իսկ մինչ այդ անընդհատ գների աճ էր արձանագրվում: Նշենք, որ մայիսի 19-ից մինչև հունիսի 14-ը համաշխարհային շուկայում նավթի և բենզինի գները նվազել են մոտ 10%-ով (1 տոննա բենզինի գինը գումարային արտահայտությամբ նվազել է մոտ $80-ով)։ Մյուս կողմից՝ այս ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5%-ով կամ 20 կետով։
Շաքարը բենզին չէ
Դրամի արժեզրկման ֆոնին բենզինի գների նվազումն ուշագրավ է այն տեսակետից, որ այդ շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, և գները թույլ առաձգական են։ Բայց հաշվի առնելով, որ այսօր ըստ էության բենզինը փոխարինելի է, և բարձր գները քաղաքացիներին ստիպում են անցնել այլընտրանքային վառելիքի, շուկայի խաղորդները չեն կարող հաշվի չնստել այդ իրողության հետ։ Այլ հավասար պայմաններում բենզինի շուկայի խաղորդները դժվար թե գնային գների իջեցման, հատկապես եթե որպես պատրվակ կարելի էր նշել փոխարժեքային գործոնը։
Այլ ապրանքային շուկաներում, որտեղ առկա է կենտրոնացվածության բարձր աստիճան, տնտեսավարողները ոչ միայն չեն արձագանքել միջազգային շուկայում գների նվազմանը, այլև բաց չեն թողել գների բարձրացման հնարավորությունը։ Օրինակ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում դրամի արժեզրկման պատրվակով շաքարավազի շուկայի հիմնական խաղորդ «Լուս աստղ շուգր» ընկերությունը (Ախուրյանի շաքարի գործարան՝ մասնաբաժինը շաքարավազի շուկայում 90%, պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) շաքարավազի 1 կգ-ի գինը բարձրացրել է 10-ով։ Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ այս տարվա ընթացքում Լոնդոնի ապրանքային բորսայում 1 տոննա շաքարի գինը նվազել է մոտ $70-ով կամ մոտ 15%-ով, իսկ մայիսի 1-ից մինչև այսօր շաքարավազն էժանացել է 1%-ով։
Միջազգային շուկայում տեղի ունեցող գնանկման պայմաններում շուկայում գների աճն առաջին հերթին պայմանավորված է շաքարավազի շուկայում առկա մենաշնորհով և գերիշխող դիրքի չարաշահմամբ։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այդպես էլ չի շտապում արձագանքել շուկայում տեղի ունեցող գնաճին։ Մյուս կողմից, եթե շաքարավազը լիներ փոխարինելի այլ ապրանքով, ապա շուկայի մենատերն այնուհանդերձ ստիպված կլիներ մինչև գների բարձրացումը հաշվի առնել ծավալների հնարավոր կրճատման հանգամանքը:

Civilnet










