Խորենացին ու Չարենցը՝ ՀՀԿ-ի մասին
Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ է ուզում ՀՀԿ-ն: Իշխանությունը, որը նոր տիպի իշխանության խնդիր չի դնում, ինչո՞ւ է մասնակցում ընտրություններին: Կուսակցությունը, որի երիտասարդությունը պետության ընկալման որևէ նոր գաղափար չի առաջարկել, որը ոտքի տակ է տվել եվրոպաներն ու իրեն լավ է զգում հենց իշխանության մեջ, ինչի՞ համար է ուզում լինել իշխանություն:
Ես գիտեմ, թե եվրոպական հարմարավետություն ասելով՝ ՀՀԿ-ն ու նրա ջահելությունն ինչ են հասկանում: Նրանք հասկանում են հաճույքը, բայց առանց ջանքի: Նրանք իրենց չեն տեսնում մտքի ռեալիզացիայի մեջ, քանի որ այդպիսի բան չեն տեսնում իշխանության որևէ օղակում: Նրանք տեսնում են սոսկ վայելքը: Իսկ վայելքը միշտ ավելի լավ է երևում աղքատության պատուհանից: Նրանք չեն ուզում որևէ բան փոխել այս երկրում, քանի որ փողը և վակխանալիան երբեք այլ դեմք չեն ունենում: Նրանց պատկերացրած հարմարավետությունը իրենց երևակայության աշխատանքը չէ, նրանք ուզում են անցնել ուրիշների վայելքի ճանապարհով: Նրանց անցնելիքը ճանապարհ էլ չէ, այլ ոտքի տակ ընկնել, քանի որ չափազանց շատերն են ուզում լինել այդ վայելքների մեջ:
Կա՞ ՀՀԿ-ում մեկը, որն իրեն պատկերացնում է որպես գործիք որևէ խնդիր լուծելու համար: Կա՞ մեկը, որը կարող է մտնել Հայաստանի բուհերից մեկի լսարան ու խոսել, ասենք, Հովհաննես Թումանյանից: Ո՛չ: Բայց ցանկացածը պատրաստ է ժամերով ներկայացնել Գարեգին Նժդեհին: Տղերք, մենք ռազմիկնե՞ր ենք, թե՞ մշակութային հանրույթ: Եվ, ընդհանրապես, լսած բա՞ն է, որ կուսակցության գաղափարախոսությունը ձևավորվի մի մարդու ասելիքով, որը եղել է մեկ այլ կուսակցության անդամ: Կա՞ մեկը ՀՀԿ-ում, որը կուսակցության հիմնադրման առաջին օրից թեկուզ հարևանցի ակնարկել է, թե ինչ է հասկանում Հայաստանի Հանրապետություն ասելով:
Եվ եթե եղել է այդպիսի մեկը կամ կա այսօր, ինձ ո՞վ կարող է ասել՝ ինչո՞ւ կառավարությունը որևէ փոփոխության չի ենթարկվում: Եվ եթե այս կառավարությունը նախորդ հինգ տարիներին աշխատել է այնպես, որ արժանի է շարունակել իր աշխատանքը հաջորդ հինգ տարիներին, ինչո՞ւ է արտագաղթի տեմպը պահպանվում: ՀՀԿ-ում կա՞ մեկը, որը երբևէ թեկուզ կուսակցության համայնքային գրասենյակում որևէ անդամի ականջին շշնջացել է հետևյալը՝ եթե ուզում եք երկրում որևէ բան փոխվի, նախ փոխեք շեշտադրումները, ասենք՝ դադարեցրեք հեռուստահիստերիան, դադարեցրեք ադրբեջանցիներին նմանվելը: Ցանկացած հեռուստահիստերիայից ինքնաագրեսիայի հոտ է գալիս: Չի կարող գտնվել այդպիսի մեկը, որովհետև հենց դադարեցրին, ստիպված պիտի լինեն պետություն սարքել:
Բայց նրանք երկիր սարքելու համար չեն մտել իշխանություն: ՀՀԿ-ում մեկը կա, ասում է՝ եվրոպացիները մեր մենթալիտետը չեն հասկանա: Որովհետև մենթալիտետը հասկանալու համար չէ, այն բնազդ է, ինչպես խորամանկությունը: Մենթալիտետը որևէ մարդու ինքնապահպանման առաջին ռեակցիան է («փոշին բարբարոս» (Եղիշե Չարենց)): Մենթալիտետի հակառակը Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն ու Եղիշե Չարենցի ուշ շրջանի «Մահվան տեսիլ»-ն է (Այդ տեսլիքը դժնի է և ժանտաժանտ, անփայլ է և գոսնական…), քանի որ վաղ շրջանի «Մահվան տեսիլը» (Որպես լքված թավջութակի ձգված մի լար…) ընդհանրապես մենթալիտետ չգիտի: Նրանք մենթալիտետն են պատմել: Եվ նրանք ցույց են տվել մենթալիտետավորների վերջին ապաստանը: Դա այսօրվա Հայաստանն է, որի մասին, ի դեպ, պատմում էր նաև Մովսես Խորենացին: Իսկ դուք ասում եք՝ հավատանք, որ փոխենք:
Թեմա
Մհեր Արշակյան










