Հայաստանի անշարժ գույքի շուկայում պահանջարկի անկումը չի բերել գների նվազման։ Շուկայի մասնակիցները շուկայում գների անփոփոխ վիճակը բացատրում են նրանով, որ տեղի է ունենում շինանյութի, աշխատուժի թանկացում, ինչը բերում է ինքնարժեքի բարձրացմանը։
Երեկ «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ առկա է պահանջարկի անկում, սակայն դա չի ազդել գների վրա: Նրա խոսքով՝ գնային տատանումները չնչին են, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով: «Չկա կառուցապատման ծավալի ավելացում: Չի նվազել շինանյութի արժեքը, անգամ նկատվում է որոշ ապրանքների գնի բարձրացում: Չկա նաև աշխատուժի գնի նվազում: Կարելի է ասել՝ անշարժ գույքի շուկայում պահպանված է կայուն ծանր վիճակ»,– ընդգծել է նա:
Ըստ նրա՝ այսօր շինարարությունն այդքան էլ հետաքրքիր բիզնես չէ։ Եթե նախկինում բնակարանների վաճառքները սկսում էին կառուցապատման ընթացքում, ապա ներկայում բնակարանների վաճառքը սկսվում է միայն շենքը կառուցելուց հետո։ Ըստ նրա՝ նման պայմաններում կառուցապատողը պետք է ունենա ազատ շրջանառու միջոցներ, կառուցի շենքը և սպասի, թե երբ կվաճառվեն բնակարանները, և կվերադառնան իր ներդրած գումարները։ «Նման պայմանները չեն բավարարում ներդրողներին, և նրանք պարզապես ներդրումներ չեն կատարում շինարարությունում»,– ասել է նա։
Հակոբ Բաղդասարյանի խոսքով՝ անշարժ գույքի վաճառքի ծավալները նվազել են 10-20%-ով: Ըստ նրա՝ դրամի հետագա արժեզրկումը կհանգեցնի նրան, որ մարդիկ կնախընտրեն գումարներ պահել գույքի տեսքով: Նրա խոսքով՝ Երևանում բնակելի անշարժ գույքի 1 քմ-ը կարող է արժենալ $500-3 հազ., իսկ կոմերցիոն տարածքներինը՝ $500-7 հազ.:
Ըստ Բաղդասարյանի՝ այսօր հիփոթեքի նկատմամբ ուշադրությունն ավելի քիչ է: Բանկերի պահանջները բավական խիստ են, և կարիք կա վերանայման: «Եթե մարդ վճարում է 30-50% կանխավճար, նշանակում է՝ ունակ է վճարելու, և այդ դեպքում կարելի է մնացած փաստաթղթերին չնայել»,– ասել է նա:
Գործակալության ղեկավարի մեկնաբանությունները գների վերաբերյալ այդքան էլ հասկանալի չեն, հատկապես երկրորդային շուկայի բնակարանների մասով, քանի որ այդ շենքերը կառուցվել են դեռ ԽՍՀՄ տարիներին, և այստեղ ինքնարժեքի մասին խոսք չի կարող լինել։
Անշարժ գույքի շուկայում իրականում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ կառուցապատողները, գործակալությունները շարունակում են արհեստականորեն պահել մինչև ճգնաժամն ընկած ժամանակահատվածում ուռճացված գները։ Ըստ էության՝ անշարժ գույքի շուկայում չի գործում տնտեսության հիմնական կանոնը՝ առաջարկի և պահանջարկի սկզբունքը։ Շուկայում արհեստական վիճակի մասին վկայում է նաև այն, որ, օրինակ, Երևանում 2012թ. ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 17,6%-ով, իսկ 1 քմ-ի գինը՝ 2%-ով։

Civilnet










