Փետրվարին Աբու Դաբիում անցած՝ IDEX 2021 զինատեսակների ցուցահանդեսի հայկական տաղավարում ցուցանմուշների բացակայության մեղավորը բարձր տեխնոլոգիաների նախարարության երեք աշխատակիցներ են։ Այդ մասին հայտնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Ավելի վաղ նախարարությունը ծառայողական քննություն էր իրականացրել՝ պարզելու, թե ինչու հայկական զինատեսակները չեն հասել Աբու Դաբի՝ ցուցահանդեսին։
«Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում: Նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»,- մեկամսյա ծառայողական քննությունից հետո հայտարարել են նախարարությունից ու շեշտել՝ Աբու Դաբիում հայկական տաղավարը եղել է «գրավիչ ու հետաքրքիր այցելուների համար»։
Ըստ տեղեկության՝ ցուցահանդեսին մասնակցած հայկական կողմը ձեռք է բերել «150 կոնտակտներ ու 50 նախնական պայմանավորվածություններ»։
Civilnet











