Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա դառնում է Վարդան Օսկանյանի նկատմամբ իշխանության ոտնձգությունների առանցքային փաստաբաններից մեկը: Նախկին արտգործնախարարի նկատմամբ Սահմանադրությունից և օրենքից դուրս հաշվեհարդարի կոչ անելով, նույնիսկ այդ գործում գործուն մասնակցություն ունենալու ցանկություն ցուցաբերելով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իր պատկերացրած սահմանադրական կարգի վերականգնումը բոլորովին էլ կապ չունի Սահմանադրության և արդարադատության հետ: Անարխիստական մոտեցումներով հաստատ չի կարելի կառուցել օրենքի և իրավունքի երկիր:
Հարկ է հասկանալ Փաշինյանի «Ցպահանջ արդարադատություն» հոդվածի քաղաքական նպատակները: Իշխանությունների կողմից Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների ընթացքում Նիկոլ Փաշինյանն այս թեմայով արդեն երկրորդ անգամ է կարծիք հայտնում, որն էականորեն տարբերվում է ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումից, որը ներկայացրել էր Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության կուրսը, որը սկսվեց նախորդ տարվա վերջերից: Այս առումով Փաշինյանը հրապարակային որևէ քննադատություն դեռ չի հնչեցրել: Հավանաբար սպասել է հարմար պահի, երբ առաջին նախագահի որդեգրած կուրսը տապալվի, և ինքը հնարավորություն ունենա վերածվելու առանցքային խաղացողի: Առաջնային սպասելիքը թերևս այն էր, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով կգնա խորհրդարանական ընտրությունների, որից հետո հնարավոր կլիներ հրապարակային քննադատել Տեր-Պետորսյանի ռազմավարությունը և վիճարկել Կոնգրեսում լիդերության հարցը: Երկրորդ հարմար առիթը պետք է լիներ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, որից հետո Փաշինյանը կկարողանար աղմուկով հայտարարել Տեր-Պետորսյանի կուրսի ձախողման և Կոնգրեսում սերնդափոխություն իրականացնելու մասին: Սակայն իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ առաջին նախագահի ռազմավարությունը կենսունակ էր, ինչի շնորհիվ Հայաստանում ստեղծվեց մի իրավիճակ, որը 2013թ. փոփոխությունների հույս է ներշնչում:
Փաստացի ստեղծված իրավիճակը կանխատեսելի չի եղել Նիկոլ Փաշինյանի համար, որի պատճառով վերջինս Կոնգրեսի ներսում հայտնվել է մարգինալի կարգավիճակում:
Անթաքույց լիդերության հավակնություններ ունեցող գործիչը հավանաբար չէր կարող հաշտվել այդ կարգավիճակի հետ, և պարզապես առիթ էր պետք Կոնգրեսի ներսում ինչ-ինչ գործընթաց հրահրելու և տարանջատվելու համար: Վարդան Օսկանյանի շուրջ կատարվող իրադարձությունները անհաջող ընտրված, բայցևայնպես առիթ էր Փաշինյանի համար, որպեսզի նա հեռահար քաղաքական խնդիրներ լուծեր: Հավանաբար նրա հաշվարկները միտված են առաջիկա նախագահական ընտրություններին, որի ժամանակ ընդդիմության մի հատվածի միասնական նախագահի թեկնածու փորձում է դառնալ հենց ինքը:
Այս գործում նրան կարող են աջակցել Կոնգրեսը լքող և Տեր-Պետրոսյանի ռազմավարության պատճառով լուսանցքում հայտնված գործիչները՝ ի դեմս Պետրոս Մակեյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլոց: Խնդիրն այն է, թե որքանով է Նկոլ Փաշինյանը, Կոնգրեսի ներսում և դրանից դուրս, ընկալելի որպես նախագահի թեկնածու:
Վարդան Օսկանյանի աճող հեղինակությունը և այն խոսակցությունները, որ նախկին արտգործնախարարը մեծ պոտենցիալ ունի դառնալու քաղաքական դաշտի մի ստվար հատվածի միասնական և կոմպրոմիսային թեկնածուն՝ հաղթելու իրական հնարավորություններով, ակնհայտորեն չի կարող չնյարդայնացնել նախագահական ամբիցիաներ ունեցող «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանին:
Ինչո՞ւ է աղմկում Նիկոլը
Թեմա











