Գլխավոր Լրահոս

Առաջ՝ հետընթացով

Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության նոր կազմից ակնկալում է հեղափոխական արդյունքներ։ Այդպիսիք, սակայն, առայժմ տեսանելի չեն կառավարության գործունեության ծրագրում։ Հարկահավաքման ցուցանիշը տարիներ շարունակ Հայաստանում եղել է քննադատության առարկա։ Այս կառավարությունը նույնպես հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման ուղղությամբ որևէ հեղափոխական քայլ չի առաջարկում. այն առաջիկա հինգ տարում ավելանալու է տարեկան 0,3-0,4-տոկոսային կետով՝ 2017թ. լավագույն դեպքում կազմելով 19,5%։

«Կառավարության կազմում մենք հեղափոխական փոփոխություններ չենք կատարել։ …Սակայն սա չի նշանակում, որ մենք հեղափոխական արդյունքներ չենք ակնկալելու գործադիրի աշխատանքից։ Մենք մեր քաղաքացիներին փոփոխություններ ենք խոստացել, փոփոխություններ, որոնք կհասնեն յուրաքանչյուրի կյանքի որակից մինչև պետական կառավարում, աշխատելու ու վաստակելու հնարավորություններից մինչև բարձրակարգ կրթության ու առողջապահության հասանելիություն»,– կառավարության երեկվա առաջին արտահերթ նիստում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը նշել է նաև, որ անցած տարիների ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանի տնտեսության կերպարանափոխումն է եղել, որը տեղի է ունեցել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին հաջորդած դժվարին ժամանակահատվածում:

Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով 2012-2017 թթ. կառավարության գործունեության ծրագիրը, նշել է, որ ծրագրի հիմքում դրված են երեք գերակայություններ. տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, մարդկային կապիտալի զարգացում և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։

Հինգը դառել է երեք
Նշենք, որ ի համեմատ Տիգրան Սարգսյանի կառավարության 2008-2012 թթ. ծրագրի՝ նոր ծրագիրը գերակայությունների մասով հետընթաց է ապրել՝ նախորդում գերակայությունները թվով հինգն էին։

Կառավարության նոր ծրագիրը, որը դեռ ներկայացվելու է Ազգային ժողովի դատին, հետընթաց է ապրել նաև մակրոտնտեսական ցուցանիշների մասով։ Նախորդ ծրագիրը նախատեսում էր, որ 2008-2012 թթ. ընթացքում տարվա կտրվածքով ՀՆԱ-ի իրական աճը կտատանվի 8-10%-ի շրջանակում, աղքատության մակարդակը 2012թ. կկազմի 11,2% (աղքատների թիվը կրճատվելու էր ավելի քան երկու անգամ)։ Այդուհանդերձ, նշված ժամանակահատվածում կառավարությունն այդպես էլ չի կարողացել ապահովել նախանշված ցուցանիշները։ Ամենաբարձր տնտեսական աճն արձանագրվել է 2008թ.՝ 6,8%։ 2009թ. արձանագրվել է 14,4% անկում. այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհում զիջել է միայն Ուկրաինային։ Նման կտրուկ անկման և ցածր բազայի վրա 2010թ. արձանագրվել է ընդամենը 2,1% տնտեսական աճ։ 2011թ. վիճակը նույնպես ոգևորիչ չէր՝ 4,6% տնտեսական աճ։ Ընթացիկ տարվա համար ծրագրվում է 4,2% աճ։
Նախորդ տարիներից կառավարությունը կարծես մասամբ դասեր է քաղել և առաջիկա տարիների համար ավելի համեստ աճ կանխատեսել՝ տարեկան 5-7%։ Եվ սա այն դեպքում, երբ միջազգային ֆինանսական կառույցները, մասնավորապես Համաշխարհային բանկը, այս տարվա համար Հայաստանում կանխատեսել են 4,1% տնտեսական աճ, իսկ գալիք երկու տարիների համար՝ համապատասխանաբար 4,2% և 4,5%։

Ստվերը չեն անհանգստացնի
Կառավարության գործունեության նոր ծրագիրը վստահություն չի ներշնչում նաև հարկային և մաքսային վարչարարության, ինչպես նաև ստվերի կրճատման մասով։ Ինչպես նախորդում, այս ծրագրում նույնպես կառավարությունը նշել է, որ նախատեսում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ավելացում տարեկան 0,3-0,4-տոկոսային կետով։

Նշենք, որ 2007թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել էր 16,1%, 2011թ. բարձրացել է մինչև 17,1%։ Ստացվում է, որ չնայած հարկահավաքման բարելավման բավական համեստ ցուցանիշի՝ կառավարությունը նույնիսկ այն չի կարողացել ապահովել։ Չորս տարում 1,2-տոկոսային կետի փոխարեն բարելավումը կազմել է 1-տոկոսային կետ։

Այժմ էլ կառավարությունը եթե անգամ ապահովի ծրագրված մակարդակը, ապա հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2017թ. կկազմի 19,5%։ Սա բավական փոքր ցուցանիշ է, եթե այն համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Վրաստանում ցուցանիշը ավելի քան 25% է, Թուրքիայում՝ 24%, մերձբալթյան երկրներում՝ շուրջ 30%։ Նշենք, որ Վրաստանում իրականացված հարկային և մաքսային վարչարարության արդյունքում (հարկադրույքների նվազեցում, հարկատեսակների թվի կրճատում) հարկեր/ՀՆԱ ցուցանիշը ընդամենը հինգ տարում բարելավվել է 8-տոկոսային կետով։

Վրաստանի օրինակը և Հայաստանում հարկահավաքման կառավարության ծրագրային ցուցանիշը ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին ստվերի կրճատման ուղղությամբ լուրջ քայլեր հազիվ թե կատարվեն, թեև կառավարությունը խոստանում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացումը ապահովել ստվերային տնտեսության հաշվին։

Նշենք, որ տարբեր գնահատականներով Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 30%-ը։ Այս պայմաններում առաջիկա հինգ տարվա ընթացքում հարկահավաքման ցուցանիշի բարելավում ընդամենը 2-տոկոսային կետով՝ սա կառավարության վճռականության թերևս լավագույն ապացույցն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում