Գլխավոր Լրահոս

Տրանշ առանց ընթացակարգի

Տրանշ առանց ընթացակարգի

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրենների խորհուրդը հունիսի 15-ին որոշել է «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի շրջանակում Հայաստանին հատկացնել հերթական 33,5 մլն SDR-ի ($50,7 մլն) տրանշը։ Ուշագրավ է, որ տնօրենների խորհուրդը որոշումը կայացրել է քննարկում չնախատեսող ընթացակարգով։

Ըստ ԱՄՀ հաղորդագրության՝ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շրջանակում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու կառավարության հավատարմությունը կարևոր դեր է կատարել Հայաստանում հաստատուն աճի վերականգնմանն աջակցելու հարցում: «2012թ. և միջնաժամկետ հեռանկարը դրական է, սակայն Հայաստանը զերծ չէ ռիսկերից, որոնք ի հայտ են գալիս մասնավորապես Եվրոպայում և Ռուսաստանի միջոցով ազդում Հայաստանի վրա»,– նշված է ԱՄՀ հաղորդագրությունում։
Ըստ ԱՄՀ-ի՝ 2011թ. տնտեսական աճը Հայաստանում կազմել է 4,6%, 2012թ. համար այն կչափավորվի 4%-ից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Բավական ուշագրավ է Հայաստանին հերթական տրանշի հատկացման ու քննարկման եղանակը։ Նախ այս միջոցների հատկացման հարցը ԱՄՀ տնօրենների խորհուրդը պետք քննարկեր մայիսի վերջին, բայց ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց 20 օրով։ Մեկնաբանելով հարցի քննարկման հետաձգումը՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան «Օրակարգ»-ին հաստատել էր, որ հերթական տրանշի հատկացումը մի փոքր ուշացել է։ «Նախատեսված է, որ ԱՄՀ տնօրենների խորհուրդը հարցը կքննարկի հունիսի 18-ով սկսվող շաբաթվա ընթացքում»,– նշել էր Տոլոսան:

Ուշագրավ է նաև այն, որ հունիսի 15-ին ԱՄՀ տնօրենների խորհուրդը չորրորդ ամփոփիչ ստուգման վերաբերյալ որոշումը կայացրել է քննարկում չնախատեսող ընթացակարգով՝ խորհրդի համաձայնությամբ առաջարկությունը դիտարկվել է առանց պաշտոնական քննարկումներ հրավիրելու:

Նշենք, որ չնախատեսված ընթացակարգով հարցի քննարկումը զուգադիպել է հունիսի 15-17-ը Բուխարեստում (Ռումինիա) ընթացող ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը: Միջոցառմանը Հայաստանից մասնակցել են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Չի բացառվում, որ հենց Բուխարեստում էլ հայ պաշտոնյաները խոստումներով հարթել են տարաձայնությունները, և ԱՄՀ-ն որոշել է տրանշի հատկացումը քննարկել արտահերթ։
Այն, որ Հայաստանի կառավարությունը խնդիրներ ունի, երևում է ԱՄՀ-ի վերջին երկու տրանշների հատկացման որոշումներից։
Հիշեցնենք՝ անցած տարվա սեպտեմբերի 7-20-ը Երևանում ԱՄՀ առաքելությունը, քննարկելով երկու այս ծրագրերի երրորդ ամփոփիչ ստուգումը, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկավ Հայաստանի իշխանությունների հետ։ Քննարկումները ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը շարունակեցին ավելի բարձր մակարդակում՝ Վաշինգտոնում, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովների շրջանակում։ Արդյունքում հերթական՝ $56,1 մլն տրանշի հատկացման որոշումը ԱՄՀ տնօրենների խորհուրդը կայացրեց դեկտեմբերին։

Նշենք, որ 2010թ. հունիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) և «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի շրջանակում Հայաստանը մինչև 2013թ. ԱՄՀ-ից պետք է ստանա ընդհանուր առմամբ 266,8 մլն SDR-ի ($403,8 մլն) վարկային միջոցներ։ Հունիսի 15-ի տրանշի հետ միասին Հայաստանն արդեն ստացել է $178,3 մլն SDR ($269,8 մլն)։

Ծրագրերի շրջանակում Հայաստանի իշխանությունները պարտավորվել են իրականացնել վարչարարության բարեփոխումների ընդգրկուն ծրագիր՝ ուղղված հարկաբյուջետային ճշգրտմանն օժանդակելուն և միջնաժամկետ կտրվածքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում