Ֆելիքս Էդմունդովիչին հավատարիմ

Վարդան Օսկանյանի և Սիվիլիթաս հիմնադրամի հետ կապված քրեական գործի թեմայով երեկ խոսեց ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Անկեղծ ասած՝ եթե ԱԱԾ-ի տնօրենը նման հնչեղություն ունեցող գործի հետ կապված ինչ-որ բան է ասում, ապա ասելիքը պետք է լինի խիստ ծանրակշիռ և հիմնավորված: Սակայն ունենք այն, ինչ ունենք. գեներալ-գնդապետը դատողություններ է անում իր ուժերի ներածի չափով:
Հարկ ենք համարում կենտրոնանալ ԱԱԾ-ի տնօրենի արտահայտած մի քանի մտքերի վրա, որոնք՝ ի դեմս Գորիկ Հակոբյանի, լավագույնս բացահայտում են գործող իշխանությունների հակադեմոկրատական և սովետական բնույթը:
Մեկնաբանելով Վարդան Օսկանյանի և Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը նկատել է. «Օրենքը նրանց տալիս է այդ հնարավորությունը, բայց արդյոք տարօրինակ չէ՞, որ «Սիվիլիթաս»-ի ղեկավարները, որոնց առաքելությունն է քաղաքացիական հասարակության ամրապնդումը, արդարադատության և օրենքի կայացումը Հայաստանում, ճշմարտության բացահայտմանն աջակցելու փոխարեն, իրենց համար ընտրում են մաֆիոզ կլանային կառույցի ներկայացուցչին հարիր վարքագիծ»:
Խորհրդային ԿԳԲ-ի հիմնադիր Ֆելիքս Էդմունդովիչ Դերժինսկու մտածողության ոգով՝ ԱԱԾ տնօրենին ակնհայտորեն դուր չի գալիս Սահմանադրությամբ քաղաքացուն ընձեռված ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքը, այն դեպքում, երբ դա մարդու ամրագրված հիմնարար իրավունքն է: Գորիկ Հակոբյանի բազմամյա փորձի մեծ մասն անցել է Խորհրդային Միության ԿԳԲ-ի «պադվալներում», որտեղ մանավանդ քաղաքական թեմաներով հարցաքննվողը նույնիսկ իրավունք չուներ ցուցմունք տալուց հրաժարվելու մասին մտածել՝ գնդակահարվելուց կամ Սիբիր ճանապարհվելուց առաջ: Նրա համար օբյեկտիվորեն շատ դժվար է ընկալել, որ Սահմանադրությունն ու օրենքները գրված են ոչ թե թուղթ սևացնելու, այլ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, այդ թվում՝ քաղաքական հետապնդումները բացառելու համար: Մի՞թե տարօրինակ չէ, որ անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը դատողություններ է անում մաֆիոզ, «սովետագողական» կլիշեներով: Սակայն տարօրինակ է, որ հոմոսովետիկուսի ԿԳԲ-ականի մտածաելակերպը դոմինանտ է Հայաստանի երորրդ հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում:
Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրենը հարցազրույցում մի քանի անգամ ըստ էության դժգոհում է անկատար օրենսդրությունից և մարդու իրավունքները պաշտպանող Սահմանադրությունից: Փաստացի՝ քաղաքական գործիչներին խորհրդային ոգով հետապնդելու համար գեներալ-գնդապետին խանգարում են գործող օրենքները: ԱԱԾ տնօրենի արդյունավետ «աշխատանքի» համար պետք է կամ օրենքները բուտաֆորիկ նշանակություն ունենան, կամ գրվեն Դերժինսկու ոգուն հապատասխան օրենքներ ու Սահմանադրություն:
Գեներալ-գնդապետը նաև համեմատություն է անում ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրների հետ՝ նշելով, որ այնտեղ էլ քաղաքական տարբեր մակարդակի գործիչներ հայտնվում են նման վիճակում՝ կա՛մ որպես մեղադրյալներ, կա՛մ որպես վկաներ: Իհարկե, ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչները հայտնվում են ինչ-ինչ իրավիճակներում, սակայն այդ երկրների ավանդույթներն ու իշխանությունների բնույթը թույլ չեն տալիս երբևէ կասկածել, որ որևէ մեկը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Քաղաքական հետապնդումների և հալածանքների պրակտիկան այդ երկրներում պարզապես բացառվում է: Եթե ուզում եք, որ ԱԱԾ-ի գոծողությունները կասկած չհարուցեն, ապա պետք է պրպտել ԱԱԾ-ի տրամադրության տակ եղած «դոսիեները» և մոտավորապես հաշվել, թե քանի բարձրաստիճան գործող պաշտոնյայի հնարավոր կլինի մեղադրել կոռուպցիոն գործարքների և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ և վերևից ներքև՝ քրեական գործ հարուցել: Այդ դեպքում իսկապես հնարավոր է, որ մարդիկ չկասկածեն քաղաքական դրդապատճառներ ուենալու մեջ: Այդ դեպքում հանգիստ խղճով կարող եք համեմատվել ժողովրդավարական երկրների հետ:
Իսկ հարցազրույցի վերջում ԱԱԾ տնօրենը մեղադրանքի տոնայնությամբ զարմանում է, որ երկար տարիներ Հայաստանի շահերը արտասահմանում ներկայացրած դիվանագետը քաղաքականությամբ է զբաղվում և դրսի ֆինանսավորմամբ թերթ է հրատարակում: Դե իհարկե՝ պարսավելի արարք: Ինչպե՞ս կարող է պաշտոնաթող նախարարը հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվել, նման կարգի ֆիգուրը առնվազն պետք է ռեստորան կամ հասարակած տուն ղեկավարեր, որոնց կլիենտուրան լինելու էին «մաքուր» աշխատավարձով ապրող տեղի չինովնիկները: Հա՛մ ֆինանսավորումն է ներսից, հա՛մ էլ գործուենությունն է իշխանության համար անվտանգ ու «հանրօգուտ»:
Հազիվ թե հնարավոր լինի գիշերը հանգիստ ու անվտանգ քնել, երբ հայրենի ԱԱԾ-ն ղեկավարում է նման մտածելակերպով անձնավորությունը: Ազգային անվտանգության համակարգում սերդափոխությունը կենսական անհարժեշտություն է, իսկ գործընթացը պետք է սկսել ԱԱԾ-ի շենքից Ֆելիքս Էդմունդովիչի դիմանկարներից ձերբազատվելով: Ֆելիքսի ճնշող հայացքը ամեն դեպքում ստիպում է մեր ԱԱԾ-ականներին չշեղվել նրա նախանշած ուղուց:
Civilnet










