Իսպանական Corsan Corviam Construccion S.A ընկերությունը, որը պետք է իրականացնի Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մի հատվածի կառուցման աշխատանքները, ընդօրինակելով կառավարությանը, ամենևին էլ չի շտապում այս հարցում։ 82 կմ բետոնյա ծածկով Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ և Աշտարակ-Թալին ճանապարհահատվածներում շինաշխատանքները պետք է մեկնարկեին դեռ մայիսի վերջին. առայժմ ոչ մի առաջընթաց։
Ապրիլի 27-ին կառավարության հետ պայմանագրի ստորագրումից հետո Corsan Corviam Construccion S.A-ի նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը վստահեցնում էր, որ 82 կմ ճանապարհահատվածի վերակառուցումն ու կառուցումը կսկսվի մեկ ամսից, այսինքն՝ մայիսի վերջից։ Սակայն ոչ միայն դրանք չեն մեկնարկել, այլև իսպանական ընկերությունը չի լուծել ընթացակարգային մի շարք խնդիրներ, մասնավորապես Հայաստանում դեռ չի գրանցել ռեզիդենտ ընկերություն։ Հասկանալի է, որ շինաշխատանքների մի մասը, մասնավորապես հողային աշխատանքները, իսպանացիները կպատվիրեն մեկ այլ՝ հայկական ընկերության, սակայն հաշվի առնելով ընթացակարգային խնդիրները՝ բուն աշխատանքները լավագույն դեպքում կսկսեն հուլիսի երկրորդ կեսին։
Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև կնքված «Տրանշ-1» և «Տրանշ-2» պայմանագրերով նախանշված ժամկետները, այսօր արդեն առկա են լուրջ ռիսկեր, որ իսպանական ընկերությունը չի կարողանա ժամանակին կատարել ստանձնած պարտավորությունները։
Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները, ըստ նախագծի, պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը՝ 2014թ. դեկտեմբերին։ Corsan Corviam Construccion S.A ընկերությունը խոստացել է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները կառուցել և վերակառուցել 18 ամսում, իսկ Աշտարակ-Թալինը՝ 36 ամսում (2015թ. գարնան վերջին)։
Չնայած 2010թ. օգոստոսին կառավարության հայտարարած միջազգային մրցույթով նախանշված ժամկետներից մոտ մեկ տարով շեղմանը՝ գործադիրն ինչ-ինչ պատճառներով այս տարվա ապրիլի վերջին հաղթող ճանաչեց իսպանական հենց այս ընկերությանը։ Այն, ի դեպ, մրցութային հայտեր ներկայացած վեց ընկերությունների թվում երկրորդ «ամենաթանկ» փաթեթն ($275 մլն) էր առաջարկել, թեև բանակցությունների արդյունքում զիջումների էր գնացել ու 82 կմ-ի վերակառուցումը համաձայնել էր իրականացնել $250 մլն-ով։ Ամեն դեպքում, ընկերությունը $7 մլն ավելի է պահանջել, քան աշխատանքները գնահատել էր հայկական կողմը ($243 մլն)։
Ռիսկերը չեն նվազում
Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի իրականացումը ռիսկային էր արդեն 2010թ., երբ տրանսպորտի և կապի նախարարության կողմից Երևան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման համար հայտարարված միջազգային մրցույթում այդպես էլ հաղթող չճանաչվեց։ «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերը միավորելուց հետո աշխատանքների կատարման մրցույթը խոստացվածից (2011թ. գարուն) ուշ հայտարարվեց՝ օգոստոսին, իսկ հաղթող ընկերության անունը հայտնի դարձավ միայն այս տարվա ապրիլի վերջին։
Հիշեցնենք, որ 556 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը (Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա) նախատեսվում էր սկսել 2009թ. և ավարտել 2017թ.։ ԱԶԲ-ն այս ծրագրի համար $500 մլն-ի վարկային գիծ է բացել կառավարության $462 մլն համաֆինանսավորման պայմաններում։ Բանկը երկու տրանշներով արդեն հատկացրել է $230 մլն-ը։ Գումարից այս ընթացքում ծախսվել է մոտ $3 մլն՝ խորհրդատվության և մրցութային փաթեթների պատրաստման վրա։
Նախատեսված է, որ այս տարվա նոյեմբերի վերջին ԱԶԲ տնօրենների խորհուրդը կքննարկի և կհաստատի Հայաստանին «Տրանշ-3»-ով $160 մլն միջոցների հատկացման հարցը։ «Օրակարգ»-ի աղբյուրները նշում են, որ հերթական այս տրանշի հատկացումը և, առհասարակ, ծրագրի հետագա իրականացման նպատակահարմարությունը կախված է լինելու առաջին երկու տրանշներով նախատեսված աշխատանքների կատարողականից։
Ավելացնենք, որ ԱԶԲ-ի կողմից միջոցները հատկացվել են 32 տարի ժամկետով, որից 8 տարին՝ արտոնյալ։
Civilnet











