Գլխավոր Լրահոս

Եթե մենք չկարողանանք խոշոր բիզնեսին բերել թափանցիկ դաշտ, մենք կտապալվենք. Տիգրան Սարգսյան

Եթե մենք չկարողանանք խոշոր բիզնեսին բերել թափանցիկ դաշտ, մենք կտապալվենք. Տիգրան Սարգսյան

«Արդյո՞ք մենք կարող էինք խուսափել 2009թ. 14-տոկոսանոց անկումից: Այո՛: Կարող էինք խուսափել, եթե շինարարության տեսակարար կշիռը համախառն արդյունքի մեջ չլիներ այդքան մեծ»,- այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի դիտարկմանը, որ եթե չլիներ վարչապետի բնորոշած կառավարության «ճիշտ և հմուտ քաղաքականությունը» ճգնաժամի ժամանակ, ապա անկումը որքա՞ն՝ 25-30 տոկո՞ս կկազմեր, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Գաղտնիք չէ, որ մինչճգնաժամային փուլում շինարարությունն է եղել մեր տնտեսության շարժիչ ուժը: Տարեկան 700 մլն դոլարի մասնավոր ներդրումներ են եղել շինարարության ոլորտում, որտեղ ամեն տարի տեղի էր ունենում գների բարձրացում: Ընդ որում՝ դա տոկոսային առումով այնքան բարձր էր, որ շատ ավելի ձեռնտու էր ներդրումներ կատարել շինարարության, անշարժ գույքի ձեռքբերման մեջ, ինչը խոչընդոտում էր այլ ճյուղերի զարգացմանը, քանի որ այլ ճյուղերից էլ մարդիկ իրենց ֆինանսական միջոցները հանում էին և ներդնում շինարարության մեջ: Սա էր հիմնական պատճառը, որ Հայաստանում անկումը մեծ էր: Այսինքն՝ մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը ցածր էր. 14-տոկոսանոց անկման մեջ 10,5%-ը շինարարության ոլորտինն էր: Ընդ որում՝ 14%-ի 2,8%-ը կազմում էին անուղղակի հարկերը»:

Օսկանյանի մյուս դիտարկմանը, որ Հայաստանում ճգնաժամի ժամանակ գրանցվել է երկրորդ ամենամեծ անկումը աշխարհում՝ Ուկրաինայից հետո, վարչապետն ասաց. «Եթե այլ երկրների հետ համեմատության մեջ նայում ենք, գաղտնիքն այն է, որ այլ երկրներրի տնտեսության կառուցվածքը մերինից տարբեր է: Ընդ որում՝ [Հայաստանում] շինարարությունն էլ դիվերսիֆիկացված չէր, և հիմնականում էլիտար շինարարություն էր ընթանում»:

Վարչապետին ուղղված հարցում Վարդան Օսկանյանը նշեց, որ ամենահամեստ գնահատականներով ՀՀ տնտեսության ստվերային մասը մոտ 30 տոկոս է, մինչդեռ կառավարության ծրագրով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի բարելավումը նախատեսված է ընդամենը 0,2-0,4%, և Հայաստանն իր շուրջ 17% ցուցանիշով զիջում է տարածաշրջանի մյուս երկրներին, որտեղ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության միջին ցուցանիշը մոտ 25 տոկոս է: «Ի՞նչն է խնդիրը, կամ Դուք հակասություն չե՞ք տեսնում այս թվի և Ձեր խոստացած բարեփոխումների միջև»,- հարցրեց Օսկանյանը:

Պատասխանելով հարցին, վարչապետն ասաց. «Առաջին հիմնախնդիրը, ցավոք սրտի, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում մենք չենք կարողանում ապահովել թափանցիկություն, արդարացի և հավասար միջավայր բիզնեսի համար: Եթե մենք չկարողացանք խոշոր բիզնեսին բերել թափանցիկ դաշտ, որը չարաշահում է իր գերիշխող դիրքը շուկայում, մենք կտապալվենք»:

Ըստ վարչապետի՝ կառավարությունը ախտորոշել է տնտեսության թիվ մեկ հիվանդությունը և այն բաց ու հրապարակային ներակայացնում է և տալիս այն գործիքները, թե ինչպես այդ հարցը պետք է լուծել: «Օրենսդրական փոփոխություններ, կառավարության որոշումներ, պատժամիջոցներ, ՏՄՊՊՀ-ին նոր լիազորությունների տրամադրում և, իհարկե, մեր համոզմունքը, որ սա հիմնախնդիր է և դրան անհրաժեշտ է նաև քաղաքական կամք»,- ստվերը կրճատելու գործիքները թվարկեց վարչապետը:

Ըստ նրա՝ ամենակարևոր գործիքը հրապարակայնությունն է: «Մենք ձեզ հետ միասին պետք է հանրությանը փաստերով ներկայացնենք իր դիրքը պարբերաբար չարաշահող խոշոր բիզնեսի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Ես համոզված եմ, որ մենք հասնելու ենք հաջողության միայն ու միայն քաղաքացիական հասարակության հսկողության ավելացմամբ, առանց այդ առաջնային խնդրի՝ մենք հաջողություն ունենալ չենք կարող: Մաքսիմալ հրապարակայնություն ենք ապահովելու, և այդ առումով առաջին քայլերն արդեն իսկ կատարված են, և պետք է հետևողական լինենք: Խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները պետք է լինեն թափանցիկ և հասանելի»,- նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ ստվերը կրճատելու համար իսկապես մեծ ռեզերվներ կան: «Մեր այս ծրագրի առանձնահատկությունը այն է, որ տնտեսական աճի ապահովման հիմնական շեշետադրումը արտաքին շուկաներից եկող ռիսկերի զսպումն է, մեր ներքին ռեզերվների ու ռեսուրսների բացահայտումն ու օգտագործումը»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում