Ինքնախոստովանություն, բայց ոչ հրաժարական

Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Ցավոք, մենք Հայաստանի Հանրապետությունում չենք կարողանում ապահովել արդարացի և հավասար միջավայր բիզնեսի համար»:
Նման հայտարարություն անում է վերջին չորս տարիներին վարչապետի կարևոր պաշտոնը զբաղեցրած, քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի ներկայացուցիչը: Տնտեսության մեջ առկա արատավոր երևույթները վերացնելու անկարողության մասին խոստովանությունից հետո ոչ միայն վարչապետը, այլև ՀՀԿ-ն պետք է հրաժարական տար իշխանությունից և գլխիկոր հեռանար: Իրենց իսկ գնահատմամբ՝ տնտեսության զարգացմանը խոչընդոտող հանգամանքները վերացնելու անկարողության խոստովանությունը յուրաքանչյուր ուժի համար պարզապես քաղաքական դատավճիռ է:
Հետևաբար՝ խորհրդարանի ամբիոնից Տիգրան Սարգսյանը ոչ թե պետք է ներկայացներ կառավարության նոր ծրագիրը, այլ պետք է հրաժարականի տեքստ կարդար: Եթե վերջին տարիներին, ունենալով բոլոր հնարավորությունները, գործող իշխանությունները ի վիճակի չեն եղել արդար և հավասար միջավայր ստեղծել բիզնեսի համար, ապա ի՞նչ երաշխիք կա, որ առաջիկայում կկարողանանն դա անել:
Ավելի ազնիվ կլիներ, որ անկարողության խոսոտովանությունից հետո Տիգրան Սարգսյանը խոսեր այն պատճառների մասին, որոնք իրեն թույլ չեն տալիս արդարացի ու հավասար պայմաններ ստեղծել բիզնեսի համար: Սակայն այդ պատճառների մասին վարչապետը համեստորեն լռում է, քանի որ դրանք հրապարակելու դեպքում կբացահայտվի իշխանական համակարգի ողջ արատավոր դեմքը:
Միանգամայն բարոյական կլիներ, որ վարչապետի ինքնախոստովանությունը հնչեր հրաժարականի ճառում:
Civilnet










