Քաղաքական պայքարի սկիզբը
Ազգային ժողովում երեկ կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում ակնհայտ դարձավ, որ ներկայիս խորհրդարանը, իր կրիմինալ և օլիգարխ պատգամավորներով հանդերձ, շատ ավելի քաղաքական և բովանդակային է, քան նախորդը: Խորհրդարանի քաղաքական մասը հիմնականում ապահովում են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» պատգամավորները:
Խորհրդարանի նիստերի դահլիճում վաղուց քաղաքական և ծրագրային քննադատություն և գնահատականներ չէին լսվել:
Կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում իշխանությունից դուրս գտնվող խորհրդարանական ուժերը ծրագրային քննադատությամբ պարզապես մեկուսացրին և անկյուն մղեցին բովանդակությամբ հիմնականում ապաքաղաքական Հանրապետական խմբակցությանը: Անկախ գոյություն ունեցող տարաձայնություններից՝ վարչապետի հետ հարցուպատասխանի և ելույթների ժամանակ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը գործեցին նույն հարթակում՝ քննադատության թիրախում պահելով կառավարության ներկայացրած ծրագիրը և նրա գործունեությունը: Խորհրդարանում ունենալով մեծամասնություն՝ ՀՀԿ-ն իր կցորդ ՕԵԿ-ի հետ վերածվեց քաղաքական փոքրամասնության: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» համամասնական ընտրակարգով ստացած քվեներն ակնհայտորեն գերազանցում են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի համամասնական քվեներին, ապա կարելի է արձանագրել, որ կառավարության նոր ծրագիրը քաղաքական ընկալման մեջ առնվազն լեգիտիմ չէ:
Կառավարության ներկայացրած ծրագիրը, որը ՀՀԿ-ն հավանության կարժանացնի, վստահության լուրջ դեֆիցիտ ունի:
Հատկանշական է, որ ԲՀԿ-ն, չնայած այն հանգամանքին, որ ԱԺ նիստի սկզբին չհայտարարեց ընդդիմություն լինելու մասին, սակայն վարչապետին ուղղված հարցերի և ելույթների բովանդակությամբ հստակ գործում էր ընդդիմության դաշտում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության նոր ծրագիրը քաղաքական և ծրագրային առումով ակնհայտորեն ջախջախվեց:
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի միջոցով Հայաստանում սկսվում է իշխանության համար մղվող պայքարի քաղաքականացման գործընթաց:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում նախագահական ընտրություններն են, այդ շրջանակում պարտադրված քաղաքական մրցակցությունը կարող է ճակատագրական լինել ՀՀԿ-ի համար: Իշխանությունը մինչ այս կարողացել է վերարտադրվել միայն ապաքաղաքական և կրիմինալ մեխանիզմների կիրառմամբ, սակայն այժմ նրան պարտադրվում են քաղաքական խաղի կանոններ, որից հրաժարվելը ՀՀԿ-ի համար շատ դժվար կլինի: Իսկ քաղաքական ռեսուրսի առումով ներկայիս իշխանությունն առնվազն կաղում է:
Civilnet










