Համաշխարհային բանկը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան զեկույցում Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումն իջեցրել էր 0,2-տոկոսային կետով՝ մինչև 4,1%։ Այդուհանդերձ, ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, որը հուլիսի 1-ից լքելու է այս պաշտոնը, երեկ հայտարարել է, թե Հայաստանի համար միանգամայն հասանելի է համարում ՀՆԱ-ի աճի 7% ցուցանիշը։ Հիշեցնենք՝ կառավարության առաջին՝ արտահերթ նիստում նման թիվ էր հնչեցրել նախագահ Սերժ Սարգսյանը։
Ըստ panorama.am-ի՝ Ասադ Ալամը նշել է, որ շատ բան կախված կլինի կառավարության ծրագրից, ինչպես նաև գլոբալ տնտեսության իրավիճակից։ Ըստ նրա՝ արդեն կան Հայաստանի այս տարվա 1-ին եռամսյակի ՀՆԱ-ի ցուցանիշները՝ 4,7% տնտեսական աճով, և իրենք սպասում են կիսամյակի արդյունքներին՝ ակնկալելով, որ դրանք ավելի բարձր կլինեն:
Ասադ Ալամը նշել է նաև, որ 2012թ. սկզբին Հայաստանի տնտեսության վերաբերյալ ՀԲ-ի կողմից արված կանխատեսումները՝ 4,1-4,3% տնտեսական աճ, կվերանայվեն մինչև աշուն։ «Մենք ոգևորված ենք Հայաստանի նախագահի կողմից հայտարարված 7%-անոց աճով, և այդ համատեքստում է, որ զգուշավոր լավատեսություն ցուցաբերեցինք»,– ասել է նա:
ՀԲ տարածաշրջանային տնօրենի այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ կարծես հակասում է կազմակերպության պաշտոնական տեսակետին։ Խնդիրն այն է, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որի տնտեսական աճի հունվարյան կանխատեսումը հունիսին ՀԲ-ն դեպի նվազում է վերանայել։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի համար ՀԲ-ն կանխատեսել է 3,8% տնտեսական աճ՝ նախորդ կանխատեսումը բարձրացնելով 0,3-տոկոսային կետով։ Ադրբեջանի և Թուրքիայի պարագայում հունվարյան կանխատեսումը մնացել է անփոփոխ՝ համապատասխանաբար 3,1% և 2,9%։ Վրաստանի դեպքում բանկը բավական լավատես է՝ նախորդ կանխատեսումը բարձրացվել է միանգամից 1-տոկոսային կետով՝ մինչև 6%։ Այս պայմաններում Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 0,2-տոկոսային կետով իջեցումը գրեթե ամբողջովին պայմանավորված էր ներքին գործոններով, քանի որ հանրապետության հիմնական առևտրատնտեսական գործընկերներ ԵՄ-ում և Ռուսաստանում տնտեսական պայմանների լուրջ վերանայում տեղի չի ունեցել։
Տարածաշրջանային տնօրենի և ՀԲ մասնագետների կանխատեսումների միջև նման շեղումը ուշագրավ է այն տեսակետից, որ Հայաստանում տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություն վերջին մի քանի օրվա ընթացքում չի եղել։ Չի բացառվում, որ ՀԲ տարածաշրջանային տնօրենը պաշտոնը լքելուց առաջ պարզապես որոշել է հաճոյախոսել իշխանություններին։
Կառավարությունը չուշացավ
«Օրակարգ»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՀԲ-ն իր հունիսյան զեկույցում իջեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, իսկ տարածաշրջանի երկրներինը կա՛մ բարձրացրել, կա՛մ թողել անփոփոխ, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հակադարձեց, թե զեկույցներում հրապարակվող թվերը վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ միջազգային ֆինանսական կառույցների կողմից պարբերաբար հրապարակվող տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունությանը վերաբերող զեկույցները կազմվում են 3-4 ամիս շուտ։
«Ներկայիս արագ փոփոխվող գլոբալ պայմաններում դրանցում կատարվող կանխատեսումները ենթակա են հետագայում ճշգրտումների»,– ասաց Արամյանը՝ հավելելով, թե վերջին ժամանակահատվածում համաշխարհային տնտեսություններում տեղի են ունեցել փոփոխություններ, մասնավորապես հումքային ապրանքների, էներգակիրների գների նվազում, դոլարի ամրապնդում։ «Այդ փոփոխություններն ավելի արագ են ներթափանցելու և ազդեցություն ունենալու ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի տնտեսությունների վրա, քան Հայաստանի»,– ասաց Արամյանը՝ հավելելով, թե հուլիս-օգոստոսին Արժույթի միջազգային հիմնադրամը կհրապարակի «Տնտեսական հեռանկարներ» (Economic Outlook) զեկույցը, որում էլ արտացոլված կլինեն ճշգրտումները։
Հարցին, թե Հայաստանի կառավարությունը, 2012թ. բյուջեի հիմքում դնելով ՀՆԱ-ի 4,2% աճ մակարդակը, հաշվի առնելով ԱՄՀ-ի անցած տարվա սեպտեմբերյան կանխատեսումները, չի պատրաստվում արդյոք վերանայել ցուցանիշը, Արամյանն ասաց, որ գործադիրը պատրաստվում է այն վերանայել դեպի բարձացում։ «Ազգային ժողովի կողմից հաստատված կառավարության ծրագրում դրվել են լրացուցիչ գործողություններ, որոնք օժանդակելու են տնտեսավարողներին և ապահովելու են տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ»,– ասաց փոխնախարարը։
Ըստ նրա՝ թեև առկա է արտաքին միջավայրի ոչ նպաստավոր իրավիճակ, ներքին ռեսուրսների ճիշտ կառավարման և այլ գործողությունների արդյունքում հնարավոր կլինի ապահովել ավելի բարձր տնտեսական աճ։ «Սա ես ասում են այն պայմաններում, եթե համաշխարհային տնտեսությունում էական ցնցումներ չլինեն»,– ասաց Արամյանը՝ հավելելով, թե կառավարությունն աշխատում է, որ տարվա կտրվածքով ապահովի 7% տնտեսական ակտիվություն։
Դիտարկմանը, որ հինգ ամիսների տնտեսական ակտիվությունը 7,4% է, Արամյանն ասաց, որ Հայաստանի տնտեսությունը ունի սեզոնայնություն, և կառավարությունը քայլեր է կատարելու, որ ապահովի 7% ցուցանիշը։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստին Սերժ Սարգսյանը գործադիրի առջև խնդիր էր դրել այս տարի ապահովել 7% տնտեսական աճ։
Civilnet











