Գլխավոր Լրահոս

Ինչպես դառնալ նախագահ

2013թ. Սերժ Սարգսյանն անկասկած առաջադրվելու է ՀՀ նախագահի պաշտոնում։ Ոչ մի կասկած, որ միայն ՀՀԿ-ին բնորոշ մեթոդներով նա կրկին փորձելու է դառնալ ՀՀ նախագահ։ Ես չգիտեմ, թե ովքեր են լինելու այդ ընտրապայքարում նրա մրցակիցները։ Սակայն որևէ կասկած չունեմ, որ ով էլ լինի, զուտ քաղաքական կենսագրության իմաստով առավել արժանի կլինի նախագահ ընտրվելու։ Եվ ահա թե ինչու։

Ժողովրդավարական երկրներում ընդունված պրակտիկա է։ Քաղաքական օլիմպոս հասնում են ոչ թե Աստծո աջակցությունը վայելող կամ միայն ֆինանսական հնարավորությունների տիրապետող մարդիկ, այլ նրանք, ովքեր քաղաքական կենսագրություն են ունեցել նաև իշխանությունից դուրս։ Այսինքն՝ ընդդիմադիր են եղել։ Քաղաքական գործչի ինչի՞ն է պետք ընդդիմադիր լինելը։ Դա նրան պետք է երկիրը բոլոր խնդիրներով ընկալելու համար, քանի որ եթե միանգամից մտնում ես իշխանություն, որոշ ժամանակ հետո այդ երկրի խնդիրները քեզ չեն հետաքրքրում։ Կորցնում ես իրականության զգացումը։ Սակայն ավելի սարսափելի է, երբ իրականության զգացումը կորցրած ես վերցնում իշխանությունը։ Ահա թե ինչու, ժողովրդավարական երկրները վերացրեցին միահեծան թագավորական իշխանությունները, և այսօր գործող բոլոր թագավորներն իրենց երկրներում արդեն ունեն միայն «անգլիական թագուհու» կարգավիճակ։
Այսինքն՝ ներդրվեցին ինստիտուտներ, որոնք բացառեցին մեկ անձի կամ ընտանիքի՝ իրականությունից կտրվածի կարգավիճակով իշխանություն ունենալու հնարավորությունը։ Այնտեղ, որտեղ չեն ներդրվել այդ ինստիտուտները, խանություններ են, ինչպես Ադրբեջանում: Ռուսաստանում, oրինակ, իշխանության գլխին է մի մարդ, որը քաղաքական գործունեության որևէ ինստիտուտի մաս չի եղել։ Նա եղել է Կոմկուսի անդամ, սակայն անվտանգության գործակալի կարգավիճակով։ Նա Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Դրեզդեն քաղաքում գործակալներ է հավաքագրել ԽՍՀՄ-ի օգտին աշխատելու համար։ Այսինքն՝ նպաստել է ԳԴՀ-ում ԽՍՀՄ իշխանության պահպանմանը։ Իսկ ԽՍՀՄ-ում քաղաքական գործունեություն որպես այդպիսին չկար, մարդը կա՛մ նոմենկլատուրայի մաս էր, կամ նոմենկլատուրայի թշնամի, նույնիսկ եթե չեզոք անձ էր, ինչպես բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին։

Սերժ Սարգսյանը ԽՍՀՄ տարիներին նոմենկլատուրայի մաս էր։ Հետո Արցախյան շարժման առաջին տարիներին մասնակցեց Արցախի բանակի ձևավորմանը որպես իշխանության ներկայացուցիչ, զբաղեցրեց պաշտպանության նախարարի պաշտոնը, 1993թ. եկավ ՀՀ և դարձավ Ազգային անվտանգության նախարար։ Ինչպես, ի դեպ, հետագայում Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանում՝ ՌԴ վարչապետ դառնալուց առաջ։

1993-ից ի վեր Սերժ Սարգսյանն ի պաշտոնե քաղաքական գործիչ չի եղել։ Այդպիսին նա դարձավ 2006թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում ՀՀԿ-ական դառնալուց հետո։ Սակայն ՀՀԿ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարին քաղաքական գործիչ չդարձրեց, որովհետև նա անդամագրվեց նոմենկլատուրայի քաղաքական ուժին, որը քաղաքական գործունեություն չէր և չի իրականացնում։ Անդամագրվելով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական կարգավիճակ չփոխեց, նա մնաց իշխանության մեջ։ Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը՝ որպես քաղաքական գործիչ, քաղաքական օլիմպոսում գտնվելու ողջ ընթացքում երբևէ ընդդիմություն չի եղել։ Իսկ երբևէ ընդդիմություն չեղած մարդը ինչպե՞ս կարող էր 2008թ. դառնալ ՀՀ նախագահ։ Հիմա, երբ արդեն հայտնի է, որ նրա իշխանության օրոք երկիրը որևէ տնտեսական կամ սոցիալական նվաճում չի արձանագրել, ինչպե՞ս է նա կրկին դառնալու նախագահ։

Ընդդիմադիր լինելը ցանկացած քաղաքական գործչի պետք է նախ իրականության զգացում ունենալու համար, երկրորդ՝ երկրի խնդիրները մոտիկից իմանալու համար։ Սրանցից ոչ մեկը Սերժ Սարգսյանի հետ տեղի չի ունեցել։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում