Հայաստանը նախատեսում է առաջիկա երկու տարում Առևտրի և զարգացման սևծովյան բանկի (ԱԶՍԲ) վարկային պորտֆելում իր մասնաբաժինը ներկայիս 3,7%-ից հասցնել 5%-ի։ Ըստ ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովի՝ բանկի կապիտալում ներդրված յուրաքանչյուր €1-ի դիմաց Հայաստանը բանկից վարկի տեսքով ստանում է €14։
Երևանում հունիսի 21-24-ն անցկացվող Առևտրի և զարգացման սևծովյան բանկի տարեկան ժողովի և բիզնես ֆորումի կապակցությամբ Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել։ Ըստ Վարդան Արամյանի՝ Հայաստանը, լինելով հիմնադիր տասնմեկ երկրներից մեկը, բանկի կապիտալում ունի 1% մասնաբաժին։ Բանկի վարկային պորտֆելում հանրապետության մասնաբաժինը 3,7% է, ԱԶՍԲ 2011-2014 թթ. ռազմավարական ծրագրում թիրախ ընտրված է ցուցանիշը հասցնել 5%-ի։
Ըստ Արամյանի՝ բիզնես ֆորումին ներկայացվելու է Հայաստանի տնտեսական վիճակը, ձեռքբերումները ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակահատվածում, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության անելիքները։ Քննարկվելու են նաև առանձին բիզնես ծրագրեր։
Անդրադառնալով բանկի կողմից իրականացվող ծրագրերին՝ Անդրեյ Կոնդակովն ասաց, որ ներկայում դրանց թիվը 12-ն է՝ €50 մլն վարկային ակտիվ փաթեթի ծավալով։ Բանկի 2011-2014 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում Հայաստանին արդեն իսկ տրամադրվել են €15 մլն-ի վարկային միջոցներ, նախատեսվում է երեք ծրագրով հատկացնել ևս €15 մլն։ «Սա զգալի ներդրում կլինի Հայաստանի տնտեսությունում»,– նշեց Կոնդակովը։
Ըստ նրա՝ Հայաստանը ԱԶՍԲ հիմնադիրների շարքում լավագույնս է օգտագործում իր հնարավորությունները՝ բանկի կապիտալում ներդրած յուրաքանչյուր €1-ի վարկի տեսքով ստանալով €14։ «Բանկի բիզնես պլանով նախատեսված է, որ մինչև 2015թ. ԱԶՍԲ-ն հայկական բանկերին և կազմակերպություններին կհատկացնի €50 մլն-ի վարկային միջոցներ» – ասաց նա՝ հավելելով, թե առաջիկա տարիներին ԱԶՍԲ-ն կկենտրոնանա առևտրային գործունեության, ենթակառուցվածքների, ինչպես նաև էներգետիկ արդյունաբերության վարկավորման վրա՝ ընդլայնելով նաև աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը։
ԱԶՍԲ նախագահի խոսքով՝ բանկի անդամ երկրների թվում Հայաստանը լավագույններից է, որը հաղթահարեց ֆինանսատնտեսական ճգնաժամը և արագ տեմպերով վերականգնեց անկումը։ «Հայաստանն ամենաարագ բարեփոխվող երկրների շարքում է, և դրա մասին վկայում է Doing Business զեկույցը։ 183 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 55-րդ տեղը»,– ասաց Կոնդակովը։
«Օրակարգ»-ի հարցին, թե ինչով է պայմանավորված Հայաստանի տնտեսության նկատմամբ նման լավատեսությունը, եթե հաշվի առնենք, որ թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ Համաշխարհային բանկը իրենց վերջին զեկույցներում երկրի տնտեսական աճի նախորդ կանխատեսումները իջեցրել են 0,2-տոկոսային կետով և այս տարվա համար կանխատեսում են ՀՆԱ-ի 3,8% և 4,1% աճ համապատասխանաբար, Կոնդակովը նշեց, թե նման չափով վերանայումը մտահոգիչ չէ, եթե համեմատություն կատարվի այլ երկրների, մասնավորապես տարածաշրջանի երկրների տնտեսական աճի կանխատեսումների վերանայման հետ։
Նշենք, որ ՀԲ-ի օրերս հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (Global Economic Prospects) հունիսյան զեկույցում տնտեսական աճի հունվարյան կանխատեսումները նվազեցվել են ԱԶՍԲ անդամ 11 երկրներից վեցում (Ալբանիա, Բուլղարիա, Մոլդովա, Ռումինիա, Հունաստան, Հայաստան)։ Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումները կա՛մ բարձրացվել են, կա՛մ թողնվել անփոփոխ։ Ընդ որում՝ տարածաշրջանի երկրներից դեպի նվազում է վերանայվել միայն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը (0,2-տոկոսային կետով՝ մինչև 4,1%)։
Անդրադառնալով բանկի 2011թ. գործունեությանը՝ Կոնդակովը նշեց, որ անցած տարվա վերջին առկա էր 107 ծրագիր՝ €1,7 մլրդ վարկային պորտֆելով։ Բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատվել են €300 մլն-ի նոր վարկային ծրագրեր, բանկի զուտ շահույթը կազմել է €10 մլն։ Ըստ Կոնդակովի՝ բանկն արդեն յոթերորդ անգամն անընդմեջ տարին փակում է շահույթով։ Ընդ որում՝ շահույթը չի վճարվում հիմնադիրներին որպես շահաբաժիններ, միջոցներն օգտագործվում են բանկի կապիտալի ավելացման համար, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել վարկավորման նոր ծրագրեր։

Civilnet










