Ապացուցիր, որ ուղտ չես

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով Սիվիլիթաս հիմնադրամին և Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի և վերջինի՝ ցուցմունք տալուց հրաժարվելու մասին, հայտարարել է. «Ազնիվ մարդը պետք է գա, բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է, ամեն ինչը ճիշտ չէ, էս մարդը ճիշտ չէ, էն մարդը ճիշտ չէ: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»:
Խորհրդային իրավահամակարգը բնորոշող այսպիսի ասացվածք կա՝ «գնա ապացուցիր, որ ուղտ չես» (пойди докажи, что ты не верблюд): Տոտալիտար համակարգերում, երբ քաղաքացու նկատմամբ մեղադրանք է հարուցվում, նա պարտավոր է գնալ և բացատրել, գոռալ, գրել, բոլորին պատմել, որ ինքը մեղավոր չէ: ԱԱԾ տնօրենը փաստացի նույնը անել խորհուրդ է տալիս Վարդան Օսկանյանին: Այսինքն՝ եթե ԱԱԾ-ն քեզ մեղադրում է ուղտ լինելու մեջ, ապա դու պարտավոր ես ամեն գնով արդարանալ, որ ուղտ չես:
Ժողովրդավարական երկրների իրավահամակարգը կոչված է առաջին հերթին պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները: Մեղադրանք առաջադրելու դեպքում մեղադրանք առաջադրողն է պարտավոր ապացուցել այդ մեղադրանքը, իսկ հանցակազմի բացակայության դեպքում՝ կարճել քրեական գործը: Մեղադրյալը կարող է լռել և ոչինչ չանել, բոլորվին էլ պարտավոր չէ գոռալով ու գրելով՝ արդարանալ:
Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ և (դեկլարատիվ հարթությունում) ժողովրդավարական և եվրոպական արժեքներին ձգտող երկիր, ԱԱԾ տնօրենի շուրթերով առնվազն նման հայտարարություն չպետք է թույլ տա:
Արժե՞ կրկնել, որ ցուցմունք չտալը ոչ թե պարտիզանություն է, այլ քաղաքացու սահմանադրական իրավունքը:
Եվրոպային ինտեգրվելու հայտ ներկայացրած Հայաստանում ստալինյան արժեհամակարգով առաջնորդվող ԱԱԾ տնօրեն ունենալը անթույլատրելի «շքեղություն» է: Եթե Հայաստանի իշխանությունները ազնիվ են մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու իրենց խոստումների մեջ, ապա պետք է հրաժարվեն Գորիկ Հակոբյանի ծառայություններից և կադրային լուրջ փոփոխություններ նախաձեռնեն Ազգային անվտանգության ծառայության համակարգում: Իրավաընկալման առումով նման սկզբունքային բացթողում արած ԱԱԾ տնօրենը իրավունք չունի պատասխանատվություն կրել Հայաստանի ազգային անվտանգության համար:
Civilnet










