Գլխավոր Լրահոս

Աղջիկը՝ մարդահաշիվ, բայց ոչ մարդ

Կայքերից մեկը Լոռու մարզում ինքնասպանություն գործած երեխայի մասին լուրը վերնագրել է այսպես՝ նա ընտանիքի միակ տղան է եղել: Շարունակում եմ կարդալ լուրը՝ Արտյոմ Վարդանյանն իրենից փոքր քույր ունի: Իսկ ես կարծում էի, թե տղան ընտանիքի միակն է:

Հոդվածագիրը, հավանաբար, էթիկայի հետ խնդիրներ ունի: Եթե, Աստված ոչ անի, ինքնասպանություն գործեր աղջիկը, նա նյութը չէր վերնագրի այսպես՝ նա ընտանիքի միակ դուստրն էր: Փաստն այն է, որ Հայաստանում երեխան ընկալվում է ոչ որպես հոգի, այլ որպես սերունդ: Նախ՝ հոդվածի հեղինակը աղջիկ է, որն իր վրա անձամբ է զգացել ծնողների՝ տղա ունենալու երջանկության չափը: Երկրորդ՝ նա մոռանում է, որ իր հրապարակումը կարող են կարդալ միայն աղջիկ երեխաներ ունեցող ծնողներ:

Երրորդ՝ կարդացողների մեջ կարող են լինել միայն մեկ, մինուճար դուստր ունեցող ծնողներ: Եվ հոդվածագիրը չպետք է այդ մինուճար դուստր ունեցողներին այդպիսի վերնագրով վստահեցնի, որ քանի դուստր էլ ունենաս ընտանիքում, կարևորը որդի ունենալն է:

Անձամբ ինձ համար բացարձակապես կարևոր չէ՝ երեխան աղջիկ է, թե տղա: Ես չինացի չեմ, որտեղ աղջիկը վաղուց հաշիվ չէ: Չինաստանում 200 միլիոն աղջիկ երեխայի պետությունը հրաժարվել է հաշվառել, որովհետև նրանք ընտանիքի երկրորդ դուստրն են: Եվ այսօր այդ աղջիկները մեծանում են առանց պետության հոգածության: Նրանք

իրենց ծնողների տանը հարազատի կարգավիճակ չունեն, որովհետև բառի բուն իմաստով հիասթափեցրել են հարազատներին աղջիկ ծնվելով: Չինաստանում գրեթե ցանկացած ընտանիք երազում է մեկ տղա ունենալ: Աբորտների թվով այդ երկիրը առաջատարներից մեկն է Հնդկաստանի և մահմեդական մի քանի երկրների հետ միասին:

Վերջերս միջազգային կառույցները մի զեկույց հրապարակեցին, որով պարզվեց, որ Հայաստանի գյուղերում ընդունված է աղջիկ պտուղին աբորտի ճանապարհով հեռացնելու «մշակույթը»: Կայքերից մեկի վերոհիշյալ վերնագիրը աբորտի մեկ այլ դրսևորում է: Ի՞նչ է թաքնված սեռային այս խտրականության տակ: Թաքնված է ողբերգության ձևի ստորադասումը ողբերգության օբյեկտից: Այսինքն՝ ինքնասպանությունը պակաս ողբերգական է, քան այն, որ զոհը տղա է: Երկրորդ՝ սեռային այս խտրականությունը սովորաբար չի դոփում իր տեղում: Այն դիտարկվում է մարդու կրթության շրջանակներում՝ եթե տղան ավելի կարևոր է, քան աղջիկը, ուրեմն՝ ընտրակաշառքն ավելի կարևոր է, քան ազատ կամքով արված քվեն, թմբկահարվող բարեգործությունն ավելի կարևոր է, քան գաղտնի բարեգործությունը, կոռուպցիան պակաս սարսափելի է, քան աղքատության մեջ մարդ լինելը, Աստված պակաս էական է, քան մոմ վառելը, աբորտը սպանություն չէ, իսկ ահա բանակում որդու սպանությունը սպանություն է: Սեռային այս խտրականությունը պետություն և մարդ ջլատող խտրականություն է, որովհետև բոլոր մշակույթները մեռնում են այս խտրականության մեջ:

Ընտանիքի դուստրը մեծանում է եղբոր հանդեպ համահարազատական սիրո պարտադրած բարդույթներով, աղջիկ լինելու ամբողջ պատկերացումները, եթե նա գյուղում է ծնվել, սահմանափակվում են խոհանոցում լռվելու և սերունդ տալու առաքելությամբ: Հայկական ընտանիքը մերժում է աղջկա կյանքի իրավունքը: Հաճախ այդ իրավունքը մերժվում է նույնիսկ նրան կյանք պարգևելուց հետո, քանի որ որդու համար իրենց ջանքերը հայ ծնողներն ավելի են կարևորում, քան դստեր համար գործադրած ջանքերը: Հայ դուստրն այսպիսով կյանքի իրավունքը լիարժեքորեն վաստակում է միայն այն ժամանակ, երբ նա ոչ թե եղբոր քույրն է, այլ եղբոր կցորդը: Նա նույնպես մասնակից է դառնում ընտանիքի միակ ժառանգի գոյության անքակտելի իրավունքի կայացմանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում