Նիկոլ Փաշինյանը ապրիլի 16-ին Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է հրավիրված կոլեգիայի նիստին և խոսել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ոստիկանության աշխատանքի մասին:
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ոստիկանության համար շատ կարևոր անելիք կա, քանի որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Հույս ունեմ և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները, Ոստիկանությունը կկարողանան ապահովել իրավակարգը, օրինականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ ընտրելու իրավունքը», - ասել է նա, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Փաշինյանը նշել է, որ սկսած 2018թ.՝ իրավապահ մարմինների, այդ թվում՝ Ոստիկանության հետ իր բոլոր շփումներում և՛ դռնբաց, և՛ դռնփակ, խնդիրը, որ առաջադրվել է՝ եղել է հետևյալը. «Ապահովել ընտրությունների օրինական ընթացքը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել բոլոր ընտրակաշառքների և ընտրողների կամքի վրա ապօրինի ներազդեցության որևէ հնարավորություն: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին այդ խնդիրը կկարողանանք լուծել»:
Վարչապետը նաև խոսել է նարքաղաքական իրողություններից՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո ներքաղաքական կրքերը բորբոքվեցին: «Ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ, երևի թե, մենք հիմա համաշխարհային պատմության համար աննախադեպ մի երևույթ ունենք, որ չնայած ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում հնչել են սպանելու, գնդակահարելու, մահապատժի ենթարկելու, ջարդելու կոչեր, բայց, ըստ էության, մենք ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծել ենք առանց բռնությունների», - ասել է նա:
Կառավարության ղեկավարի խոսքով, նաև այն ուժերը, որոնք հանդես են եկել բռնության կոչերով, նույնպես հնարավորություն չեն ունեցել բռնություն գործադրել, բացի, «իհարկե, ամսի 9-ի, լույս 10-ի գիշերվա իրադարձություններից, երբ մեր ոստիկանությունը, իրավապահ մարմինների մի հսկայական հատվածը գտնվում էր առաջնագծում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու»:
Civilnet











