Անակնկալներ սպասել քաղաքներից

Աշնանը Հայաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն իշխանության համար: Գաղտնիք չէ, որ իշխանություններն ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների մեքենան աշխատեցնելու համար հիմնականում օգտվում են հենց ՏԻՄ ղեկավարների ծառայություններից: Վերջիններս իշխանության վերարտադրությունն ապահովող հիմնական օղակն են:
Մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ՏԻՄ ընտրությունները իշխանության համար այնքան էլ հարթ չեն ընթանալու, հատկապես՝ Հայաստանի մեծ քաղաքներում:
Մայրաքաղաք Երևանում, չնայած տեղական իշխանությունները ՀՀԿ-ական են, այստեղ է կենտրոնացած այն կրիտիկական զանգվածը, որը քիչ վերահսկելի և ռացիոնալ քվեարկություն է կատարում: Ընտրողներին մանիպուլյացիայի ենթարկելու գործընթացը Երևանում նվազ արդյունավետ է:
Երկրորդ քաղաք Գյումրիում, չնայած այն բանին, որ ավանդաբար իշխանամետ հայացքները գերակշռել են, վերջին շրջանում այդ ավանդույթը խախտվել է: Մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն Գյումրիում տապալվեց, և ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կանգնել է ընդհանրապես քաղաքը իր հիմնական մրցակից ԲՀԿ-ին հանձնելու շեմին:
Բավական հետաքրքիր իրավիճակ է հանրապետության երրորդ քաղաքում՝ Վանաձորում, որտեղ ՀՀԿ-ին վերջերս հարած Վիկտոր Դալլաքյանը պարտություն կրեց քաղաքացիական հասարակության ներկայացուցչից: Այս հանգամանքը ցույց տվեց, որ իշխանական մեքենան ամենակարող չէ:
Երեք քաղաքների օրինակները թերևս վկայում են, որ իշխանությունների համար հատկապես դժվար է լինելու պայքարը քաղաքներում: Կարելի է ենթադրել, որ քաղաքային ընտրազանգվածն ավելի ընդդիմադիր է: Իրականում, սակայն, այլ գործոններ կան, թե ինչու հենց քաղաքներում է իշխանությունը տանուլ տալիս:
Նախ՝ քաղաքային բնակիչն ավելի լավ տեղեկացված է, այդ թվում՝ սեփական իրավունքներին, և նրան ավելի դժվար է ահաբեկել, որ որևէ մեկին չընտրելու դեպքում կարող են նրա հետ հաշվեհարդար տեսնել:
Երկրորդ, քաղաքում համայնքի ղեկավարից բնակիչների կախվածությունը այնքան կրիտիկական չէ, որքան գյուղում: Գյուղապետի հարաբերությունները գյուղի յուրաքանչյուր ընտանիքի հետ կարևոր է վերջինիս խնդիները լուծելու, կամ առնվազն՝ խնդիրներ չհարուցելու առումով:
Երրորդ, գյուղական վայրերում մեծ դեր ունի արյունակցական-ազգակցական գործոնը, և հաճախ մարդիկ ընտրությանը մասնակցում են դրանից ելնելով:
Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում անակնկալներ պետք է սպասել քաղաքներից:
Civilnet










