Գլխավոր Լրահոս

Արտագաղթում են նաև լրագրողները

Իմ գործընկեր Արտակ Ալեքսանյանը համոզված է, որ լրագրողները նույնպես մեղավոր են, որ երկրից արտագաղթ կա: Անկեղծ ասած՝ վատ ժամանակ է ընտրել այդպիսի բան ասելու համար՝ բժիշկները դեռ պայքարում են Վահե Ավետյանի կյանքի համար: Իսկ Վահեին արհեստական շնչառության դուռն են հասցրել ոչ լրագրողները:

Խնդիրն էլ հենց դա է՝ չափազանց շատ բան է խանգարում success story-ներ անելուն: Ինչո՞ւ պետք է լրագրողը գտնի հաջողակների կամ հաջողությունների պատմություններ: Եթե այդ հաջողակներն ու հաջողություններն այնուամենայնիվ կան ու դրանք շատ չեն, նյութը կարող է լինել միայն այն մասին, թե ինչու դրանք շատ չեն: Իսկ եթե դրանք շատ են, ոչ մի նյութ էլ անելու կարիք չկա, քանի որ հաջողակի կամ հաջողության պատմությունները երկրի տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային ձեռքբերումների բաղկացուցիչն են: Այսինքն՝ ունենք այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կարողանում է դրսևորվել:

Բայց փոքրիկ խնդիր կա՝ արտագաղթում են նաև լրագրողները: Ընդ որում՝ մնացած լրագրողները նույնպես մտածում են արտագաղթելու մասին: Ես չեմ բացառում, նոթի հեղինակը, միգուցե, մտքի ծայրով էլ չի անցկացնում երկրից հեռանալ: Երկրից հեռանալու մասին չեն մտածում նաև մեր նախարարները, վարչապետը: Եվ՝ ի՞նչ: Կարո՞ղ են լրագրողները նրանց մասին ռեպորտաժներ, ակնարկներ կամ էսսեներ գրել: Եվ ի՞նչ պետք է ապացուցեն դրանով: Ո՞ւմ հաջողությունը պետք է ցույց տան: Պետք է ապացուցեն միայն մեկ բան՝ լավ բան է իշխանության մեջ լինելը: Չէ՞ որ հատկապես նրանք են լրագրող տեսնելիս թմբկահարում՝ ինչո՞ւ եք միայն վատ պատմություններ գրում: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է լավ պատմություններ գրեմ: Ես որևէ թերթում կամ հեռուստաընկերությունում փորձաշրջան չեմ անցնում, որպեսզի պատմություններ հորինեմ, և պետությունն էլ այնպիսի պետություն չէ, որտեղ մամուլին հենց հաջողակներն ու հաջողություններն են պակասում: Ես ռեժիսոր չեմ Հոլիվուդում, որի խնդիրը ԱՄՆ-ին անուղղակիորեն կամ ուղղակիորեն աջակցելն է, պարզերես անելը իր երկրի և մնացյալ աշխարհի քաղաքացիների առջև:

Հնարավոր է՝ ես լրագրող էլ չեմ, բայց քանի դեռ ինձ հանդուրժում են որպես լրագրող, ես ուզում եմ պատմել ինքնասպանությունների, օլիգարխիայի, սահմանամերձ գյուղերի, «օրենք»-ի՝ որպես մեռնող բառի մասին: Success story-ն շաքարավազի բիզնես սկսելու անհաջող փորձ արածի ինչի՞ն է պետք: Եթե դա ժողովրդի դիմադրողականությունը բարձրացնող լրագրողական հնարք է, ես չեմ ուզում որևէ մեկի հետ գործ ունենալ այդ հնարքով: Ես ուզում եմ, որ նա իմանա ավելի վատ պատմություններ, որոնք նրա դիմադրողականությունը կբարձրացնեն: Ու եթե իմ հեռուստադիտողը գիրք չի կարդում կամ թատրոն ու օպերա չի հաճախում, այսինքն՝ դիմադրողականության այլ օջախներ չի ստեղծում իր մեջ, դրա համար կա հեռուստատեսությունը: Հեռուստատեսությունն ամբողջությամբ պետք է դառնա պետության դիմադրողականության ուժեղացման օջախ: Եթե նա այդ օջախը չէ, ես չեմ կարող հաջողակ մեղվապահի կամ ատամնաբույժի պատմություններով սնել ամբողջ երկիրը: Բոլորը չէ, որ կարող են մեղու պահել և ատամ բուժել: Ես կարող եմ պատմել այն մասին, թե ինչպես է success story հեռուստառեպորտաժներով պետությունն իր վրայից գցում բազում պարտավորություններ, որոնք դեռ իր նախորդ կառավարության ծրագրերի մաս էին, ուր մնաց՝ ներկա: Ես միշտ կարող եմ պատմել պետական «обходить»-ից: Քանի դեռ չեմ արտագաղթել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում