Գլխավոր Լրահոս

Ժողովրդավարության թեստին պատրաստվելիս

Հուլիսի 19-ին Արցախում կայանալու են նախագահական հերթական՝ թվով հինգերորդ ընտրությունները: Միջազգային հանրության և անգամ Հայաստանի կողմից դեռևս դե յուրե չճանաչված հանրապետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Երևանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի ռեկտորի տեղակալ Արկադի Սողոմոնյանը և անկուսակցական Վալերի Խաչատրյանը:

Գործող նախագահի վերընտրվելու հնարավորությունները շատ մեծ են մի քանի պատճառներով: Առաջին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, չի եղել նախագահական որևէ ընտրություն, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթի ընդդիմության թեկնածուն, կամ, այսպես ասենք, գործող նախագահը պարտություն կրի: Երկրորդ՝ գործող նախագահներն օգտագործում են իշխանական և ուժային լծակները: Երրորդ՝ Բակո Սահակյանի դեպքում Արցախի առաջատար բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՅԴ-ն, պաշտպանում են հենց նրա թեկնածությունը:

Ստեղծված իրավիճակը՝ նախագահ Սահակյանի վերընտրվելու անխուսափելիությունը, մի կողմից տրամաբանական է, բայց մյուս կողմից՝ օգտակար չէ Արցախի համար միջազգային ընկալման տեսանկյունից: Երբ կանխավ գրեթե հայտնի են լինում ընտրությունների արդյունքները, միջազգային հանրությունն այդ ընտրություններին նայում է կասկածանքով: Ժողովրդավարական երկրների համար վաղուց անցել են այն ժամանակները, երբ ընտրությունների արդյունքները կանխորոշված են լինում, ավելին՝ գործող նախագահները վերընտրվում են քվեների բացարձակ առավելությամբ:

Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում նախագահական ընտրությունները չեն կեղծվում: Բայց, ի տարբերություն Հայաստանի, Արցախի նախագահական ընտրություններն անցնում են այլընտրանքային թեկնածուի բացակայության պայմաններում: Իսկ երբ չկա այլընտրանք, անարդարությունների ու կեղծիքների դիմելը դառնում է ավելորդ ու անիմաստ:

Նախագահի ինստիտուտը Լեռնային Ղարաբաղում ներդրվել է պատերազմի ավարտից հետո: 1994թ. դեկտեմբերի 21-ին Արցախի խորհրդարանն ընդունեց որոշում նախագահական կառավարում մտցնելու մասին, իսկ արդեն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 50 «կողմ», 2 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով, Ռոբերտ Քոչարյանին ընտրեց նախագահ: Մինչ այդ՝ 1992թ. օգոստոսի 15-ից, Քոչարյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում էր Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ) նախագահի կարգավիճակով:

Երբեմն լրատվամիջոցներում Արցախի առաջին առաջնորդ է նշվում Արթուր Մկրտչյանը, որը սպանվեց իր բնակարանում 1992թ. ապրիլին: Քանի որ անկախության հռչակումից հետո Արցախը խորհրդարանական հանրապետություն էր, երկրի առաջնորդը հենց Ազգային ժողովի նախագահն էր, ուրեմն կարելի է Արթուր Մկրտչյանին համարել անկախ Արցախի առաջին առաջնորդը: Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական առաջին ընտրություններն անցկացվել էին 1991թ. դեկտեմբերի 28-ին, իսկ մի քանի օր անց՝ 1992թ. հունվարին, ՀՅԴ-ն ներկայացնող Արթուր Մկրտչյանն ընտրվել էր խորհրդարանի նախագահի, հետևաբար և Արցախի առաջնորդի պաշտոնում:

Լեռնային Ղարաբաղում համաժողովրդական առաջին նախագահական ուղղակի ընտրություններն անցկացվեցին 1996թ. նոյեմբերի 24-ին: Ռոբերտ Քոչարյանն առաջադրված մյուս երկու թեկնածուների՝ Բորիս Առուշանյանի (վերջինս տարբեր պաշտոններում միշտ եղել է իշխանական համակարգում, այդ թվում՝ ՊՊԿ նախագահի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի տեղակալ) և Արցախի կոմունիստների առաջնորդ Հրանտ Մելքումյանի հետ պայքարում, ստացավ ձայների մոտ 89 տոկոսը:

Ընտրվելուց մի քանի ամիս անց՝ 1997թ. մարտին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց Երևան՝ նրան վստահելով Հայաստանի վարչապետի պաշտոնը: Արցախում նախագահի աթոռը մնաց թափուր: 1997թ. սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ. արտգործնախարար Արկադի Ղուկասյանը քվեների մոտ 90 տոկոսով հաղթեց Բորիս Առուշանյանին և Արցախի պետհամալսարանի դասախոս Արթուր Թովմասյանին:

2002թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցան նախագահական երրորդ ընտրությունները. գործող նախագահ Արկադի Ղուկասյանը քվեների մոտ 89 տոկոսով հաղթեց Արթուր Թովմասյանին, Ալբերտ Ղազարյանին ու Գրիգորի Աֆանասյանին:

Արցախում նախագահական միակ ընտրությունները, որի ընթացքում առաջադրվեց այլընտրանքային թեկնածու, տեղի ունեցավ 2007թ. հուլիսի 19-ին: Բակո Սահակյանին, որի թեկնածությունը պաշտպանեցին Արկադի Ղուկասյանը և Սերժ Սարգսյանը (վերջինս արդեն զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը), մարտահրավեր նետեց ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը: 2007թ. ընտրություններին մասնակցում էին նաև Արցախի կոմկուսի առաջնորդ Հրանտ Մելքումյանն ու խորհրդարանի պատգամավոր Արմեն Աբգարյանը: Ընտրություններում հաղթեց Սահակյանը՝ ստանալով քվեների շուրջ 85 տոկոսը: Երկրորդը Մասիս Մայիլյանն էր, որը ստացավ ձայների ավելի քան 12 տոկոսը: Արցախի նախագահական որևէ ընտրության ժամանակ որևէ թեկնածու այդքան քվեներ չէր ստացել: Ընտրություններից հետո Մայիլյանը հայտարարեց, որ ճանաչում է ընտրությունների արդյունքները և Սահակյանին համարում ընտրված նախագահ: Հարավային Կովկասի ճանաչված երեք (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և չճանաչված կամ մասամբ ճանաչված երեք (Արցախ, Աբխազիա, Հարավային Օսիա) երկրների նախագահական ընտրություններից հետո դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ ընդդիմադիր կամ այլընտրանքային թեկնածուն ճանաչած լինի ընտրությունների օրինականությունը:

Փոխանակ ճիշտ օգտագործելու Մայիլյանի այս կեցվածքը միջազգայնորեն, ընտրություններից հետո նրա և նրա ընտանիքի անդամների դեմ սկսվեցին տարատեսակ ճնշումներ: Կարճ ժամանակվա ընթացքում աշխատանքից ազատվեցին Մայիլյանի երկու եղբայրները, որոնցից մեկը զբաղեցնում էր Արցախի ոստիկանապետի տեղակալի, երկրորդը՝ անվտանգության ուժերի պետի տեղակալի պաշտոնը:
2012թ. հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում այլընտրանքային թեկնածու է համարվում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, որը կարևոր դերակատարություն է ունեցել 1991-1994 թթ. ազատագրական պատերազմում և արժանացել Արցախի բարձրագույն պարգևին:

Ժողովրդավարության առկայությունը (իսկ ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչներից մեկը հենց ազատ և արդար ընտրությունների անցկացումն է) Արցախի միջազգային ճանաչման դժվարին ու երկարատև ճանապարհի պահանջված պայմաններից է: Ե՛վ բանակցային գործընթացում, և՛ միջազգային ասպարեզում հայության ձեռքին ավելի  հզոր լծակ, քան Արցախի ժողովրդավարությունն է ավտորիտար Ադրբեջանի նկատմամբ, պարզապես չկա: Հետևաբար՝ ամեն ինչ պետք է անել, որ նախագահական այս ընտրություններն անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում