Գլխավոր Լրահոս

Պրագմատիզմ կամ հեղափոխականություն

Ազատության հրապարակում այսօր տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Նոր խորհրդարանի աշխատանքներն սկսվելուց հետո սա ՀԱԿ-ի առաջին հանրահավաքն է: Ներկա քաղաքական իրավիճակին գնահատականներ տալու տեսակետից հանրահավաքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Հավանաբար այսօր պարզ կդառնա, թե Կոնգրեսում որ ուղղությունն է գերակայող՝ պրագմատի՞կ, թե՞ հեղափոխական:

Խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմավարությամբ՝ ՀԱԿ-ը տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության լայն ճակատով փորձում է հակակշռել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենիշխանությանը: ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցությունը ընտրությունների ընթացքում, իսկ այժմ էլ խորհրդարանում ամբողջովին կարող է փոխել քաղաքական համակարգի պատկերը: ՀՀԿ-ի ունեցած դե յուրե մեծամասնությունը խորհրդարանում շատ դեպքերում կարող է չեզոքանալ, եթե վերոնշյալ երեք ուժերը կարողանան համաձայնեցված գործել:

Սակայն առաջին նախագահի այս ռազմավարությունը միանշանակ չի ընդունվում ՀԱԿ-ի ներսում, որտեղ տարբեր շարժառիթներով դժգոհություններ են հնչում առ այն, որ նախկին իշխանության մասը կազմած ուժերի և անձանց հետ համագործակցությունը հակասում է իշխանության դեմ պայքարի սկզբունքներին: Այդ սկզբունքները տարբեր քաղաքական գործիչներ տարբեր կերպ են շարադրում:

Վերջին շրջանում ակնհայտ դարձավ, որ Տեր-Պետրոսյանի ռազմավարությանը փաստացի հակադրվում է Նիկոլ Փաշինյանը: Արդեն հնչում են կարծիքներ, որ վերջինս ՀԱԿ-ի ներսում փորձում է ինքնուրույն քաղաքական գործունեություն իրականացնել: Սակայն պարզ չէ, որ եթե նման գործուենություն նա սկսի, ինչի կարող է հասնել և հասցնել ՀԱԿ-ին:

Նույնը չի կարելի ասել Տեր-Պետրոսյանի ռազմավարության մասին: Այստեղ քայլերը հաշվարկված են: Հաշվարկի օրինակ է թերևս այն, որ չնայած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն իր օգտին մեծամասնություն գրանցեց, սակայն ընտրակեղծիքների դեմ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ համագործակցության հարթակի համամասնական քվեները հավասար դուրս եկան ՀՀԿ-ի ստացած քվեներին:

Տեր-Պետրոսյանը թերևս լավ է հասկանում, որ նախագահական ընտրություններից առաջ հատկապես այս երեք ուժերի այս կամ այն ձևաչափով համագործակցությունը թեկուզ ոչ իր պատկերացրած, բայցևայնպես փոփոխություններ կարող է բերել երկրում:

Իսկ հեղափոխական իդեալիզմը հեռու է ռացիոնալ դաշտից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում