Գլխավոր Լրահոս

Փախուստ դրամից

Փախուստ դրամից

Մայիսին ազգային արժույթի 3,6%-ով կամ 14 կետով արժեզրկումը, ինչպես նաև բացասական սպասումները բանկային համակարգում ցուցանիշների վատթարացման են բերել։ Մեկ ամսվա ընթացքում բանկային ավանդների դոլարիզացիայի մակարդակն ավելացել է 0,5-տոկոսային կետով՝ հասնելով 68,8%-ի, վարկերի դոլարիզացիան ավելացել է 0,7-տոկոսային կետով՝ կազմելով 63,4%։

Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ֆինանսական վիճակագրական տվյալներից երևում է, որ ազգային արժույթի արժեզրկումը, ինչպես և սպասվում էր, հանգեցրել է դրամից փախուստին և բանկային ավանդների կառուցվածքում դոլարային ավանդների մասնաբաժնի ավելացմանը։ Արտարժութային վարկերի մասնաբաժինը մեկ ամսում ավելացել է 0,5-տոկոսային կետով՝ կազմելով 68,8%։

Մայիսին, ապրիլի համեմատ, բանկային համակարգում ավանդների ծավալն ավելացել է 1,1%-ով (֌11,5 մլրդ-ով)՝ ամսվա վերջին կազմելով ֌1,044 տրլն։ Դրամային ավանդների ծավալը կրճատվել է 0,6%-ով (֌1,9 մլրդ-ով), դոլարային ավանդներինն աճել է 1,9%-ով (֌13,4 մլրդ-ով)։

Շարունակվել են կրճատվել ոչ ռեզիդենտների ավանդները. մայիսին ապրիլի համեմատ կրճատումը կազմել է 4,1%, տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով՝ 15% (ամսվա վերջին ոչ ռեզիդենտների ավանդների ծավալը կազմել է ֌221,5 մլրդ)։ Նշենք, որ ոչ ռեզիդենտների միջոցները բանկային համակարգում գրեթե ամբողջովին դոլարային են, իսկ ծավալների կրճատումը խոսում է այն մասին, որ ըստ էության նրանք դուրս են հանում միջոցները երկրից։

Հաշվետու ժամանակահատվածում ռեզիդենտների ավանդներն ընդհանուր առմամբ ավելացել են 2,6%-ով, դրամային ավանդների ծավալը նվազել է 0,6%-ով կամ ֌1,9 մլրդ-ով, դոլարային ավանդներինն աճել է 4,6%-ով կամ մոտ ֌23 մլրդ-ով։

Դրամային ավանդներից մայիսին հրաժարվել են հիմնականում ձեռնարկությունները՝ ֌5,3 մլրդ-ով։ Այս միջոցների մի մասը ընկերությունները տեղափոխել են արտարժութային ավանդներ (վերջիններիս ծավալը մեկ ամսում ավելացել է ֌4 մլրդ-ով)։

Տնային տնտեսությունները մի կողմից միջոցները հանել են ցպահանջ հաշիվներից (մայիսին ապրիլի համեմատ կրճատումը կազմել է ֌2,4 մլրդ), բայց և ֌2,7 մլրդ-ով ավելացրել ժամկետային ավանդների ծավալը։ Սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ բանկերը դրամային ավանդների համար ավելացրել են տարեկան տոկոսադրույքները. այսօր առանձին բանկեր ավանդներ ներգրավում են արդեն 14,4%-ով։

Ինչ վերաբերում է արտարժութային ավանդներին, ապա դրանց աճը հիմնականում ապահովել են տնային տնտեսությունները, ընդ որում՝ միջոցները տեղաբաշխվել են ժամկետային ավանդներում։

Տնտեսությունը դոլարիզացվում է
Ավանդների դոլարիզացիայի աճը չէր կարող չազդել բանկային համակարգի վարկային պորտֆելի կառուցվածքի վրա։ Ուշագրավ է, որ դրամի արժեզրկման ու վարկառուների արտարժութային ռիսկերի ավելացման պայմաններում դոլարային վարկերի մասնաբաժինը մայիսին, ապրիլի համեմատ, ավելացել է է 0,7-տոկոսային կետով՝ հասնելով 63,4%։ Մայիսի վերջին վարկային պորտֆելը կազմել է ֌1,44 տրլն (ապրիլի համեմատ աճը ֌50,8 մլրդ-ով կամ 3,6%-ով)։ Մայիսին տրամադրած վարկերի 83,3%-ը կամ ֌42,5 մլրդ-ը դոլարային է եղել։

Դոլարային վարկերի նման ծավալը խոսում է այն մասին, որ բանկերը խուսափել են դոլարային միջոցները դրամով փոխանակելուց, ինչպես նաև դրամով վարկավորելուց, և նախընտրել են արտարժութային ռիսկերը տեղափոխել վարկառուների ուսերին։ Իսկ դրամի արժեզրկման ֆոնին տնտեսավարողների կողմից դոլարային վարկերից օգտվելն ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ մայիսին 1 տարուց ավելի մարման ժամկետով դոլարային վարկերի տոկոսադրույքը նվազել է 0,64-տոկոսային կետով՝ կազմելով 12,36%, իսկ դրամային վարկերինը՝ 0,13-տոկոսային կետով՝ կազմելով 16,68%-ով։

Մայիսին բանկերի կողմից տրամադրված դոլարային վարկերի 57%-ը (֌23 մլրդ-ը) ուղղվել է արդյունաբերության և առևտրի ոլորտ։ Այս վարկերի վերադարձելիության հետ խնդիրներ կարծես թե չեն առաջանա, քանի որ արդյունաբերական ընկերությունների եկամուտները հիմնականում դոլարային են, իսկ առևտրի կազմակերպությունները արտարժութային ռիսկերը տեղափոխում են սպառողների ուսերին։

Այդուհանդերձ, համաշխարհային շուկայում կոնյունկտուրայի փոփոխությունը՝ հումքի գների, ինչպես նաև տրանսֆերտների հնարավոր նվազումը, կարող է ավելացնել արդյունաբերության և առևտրի ոլորտների վարկերի վերադարձելիության ռիսկերը։

Բանկերը մայիսին տրամադրել են մոտ ֌4 մլրդ-ի սպառողական վարկեր, ամսվա վերջին սպառողական վարկերի (ընդհանուր ծավալը՝ ֌116,8 մլրդ) 34%-ը եղել է դոլարային։ Հաշվի առնելով մասնաբաժինը, ինչպես նաև այն, որ նման վարկերի ծավալը որպես կանոն մեծ չէ, վերադարձելիության ռիսկերն այդքան էլ մեծ չեն, ինչը չի կարելի ասել գյուղատնտեսական վարկերի մասով։ Մայիսին բանկերը շարունակել են դոլարային վարկեր տրամադրել գյուղատնտեսության ոլորտին՝ հատկացվել են ֌3 մլրդ-ի միջոցներ։ Ամսվա վերջին գյուղատնտեսական վարկերի պորտֆելի (֌90,8 մլրդ) 68,3%-ը դոլարային է եղել։ Ստացվում է, որ դրամային եկամուտներ ունեցող գյուղացիական տնտեսությունները վերցրել են «թանկ» վարկեր, իսկ դրամի արժեզրկումը է՛լ ավելի է թանկացրել այդ վարկերը՝ ստեղծելով վերադարձելիության խնդիրներ։

Թեև պնդումներին, թե բանկային համակարգում ռիսկերը կառավարելի են, արժեզրկվող դրամի պայմաններում վարկային պորտֆելում դոլարային վարկերի 63,4% մասնաբաժինն իր մեջ պարունակում է թե՛ վերադարձելիության ռիսկեր, թե՛ գնաճային ճնշումներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում