Գլխավոր Լրահոս

Քաղաքական նոր իրադրություն

Քաղաքական նոր իրադրություն

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից կարելի է եզրակացնել, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին նրա արած քաղաքագիտական վարլուծությունը պրակտիկ գործողության մեջ է և մինչև նախագահական ընտրություններ շարունակվելու մեծ պոտենցիալ ունի:

Հանրահավաքի ընթացքում ավելի հստակեցվեց, որ ՀԱԿ-ի թիրախը Սերժ Սարգսյանն է և ամեն գնով նախագահական ընտրություններին նրա վերարտադրությունը թույլ չտալը: Տեր-Պետրոսյանը քաղաքական գործընթացների արդյունավետությունը արդեն դիտարկում է Սերժ Սարգսյանի մոնոլիտ իշխանությունը թուլացնելու չափանիշով: Այս համատեքստում է դիտարկվում նաև ՀԱԿ-ի համագործակցությունը ոչ կոալիցիոն ուժերի հետ:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթի հիմնական մասը նվիրեց բավական համոզիչ կերպով ներկայացնելու ԲՀԿ-ի փաստացի ընդդիմություն լինելու հանգամանքը: Եվ այս թեմայով արված շեշտադրումները բավական հետաքրքիր են վերջին իրադարձությունների ֆոնին: Նախ՝ Տեր-Պետրոսյանը նշում է, որ 1999-ից հետո ներկայում ստեղծված քաղաքական իրավիճակը աննախադեպ է: Այդ աննախադեպ և նոր իրավիճակին հնարավոր է եղել հասնել այն բանի շնորհիվ, որ ԲՀԿ-ն տարանջատվել է Սերժ Սարգսյանից՝ հրաժարվելով դառնալ նրա կամակատարը, և այժմ բացահայտ գործում է ընդդիմության դաշտում: Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ իրողությունը չընդունողներին և ԲՀԿ-ին տարբեր հնարքներով Սերժ Սարգսյանի գիրկը մղողներին որակեց խառնակիչներ, որոնք ամբոխավարությամբ փորձում են վիժեցնել ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հնարավոր համագործակցությունը:

Առաջին նախագահը բարձրաձայնեց, որ նոր քաղաքական իրադրությանն ընդդիմացողներ կան նաև ՀԱԿ-ի ներսում, իսկ վերջին շրջանում Կոնգրեսից հեռացող ուժերն ու գործիչները որպես պատճառ նշել են ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Ըստ էության՝ ՀԱԿ-ի առաջնորդը այդ ուժերին մեղադրում է իշխանության շահերը սպասարկելու մեջ, քանի որ նպաստում են Սերժ Սարգսյանի իշխանության մոնոլիտության ամրապնդմանը:

Հավանական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ի առաջիկա ռազմավարությունը մատնանշող ելույթից հետո այդ կառույցի ներսում խմորումներ տեղի ունենան: ՀԱԿ-ին և Տեր-Պետրոսյանին մնում է դիմագրավել սպասվող ցնցումներին, որոնք կարող են հրահրվել շատ հայտնի հասցեից: Տեր-Պետրոսյանի արձանագրած նոր քաղաքական իրադրության մեջ քաղաքականապես պարտված կողմը գործող իշխանությունն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում