Գլխավոր Լրահոս

Դատավորներն ու Հայաստանի Հանրապետությունը

Դատավորներն ու Հայաստանի Հանրապետությունը

Հունիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ միաժամանակ երկու վճիռ է կայացրել: Կայացված վճիռներից մեկի համաձայան քաղաքացի Վարդան Մալխասյանին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով կալանքի տակ  պահելու և նրա իրավունքների խախտման համար ՀՀ պետական բյուջեից որպես փոխահատուցում պետք է վճարվի 4,5 հազար եվրո:

Եվրոպական դատարանի կայացրած մյուս վճռի համաձայն՝ կրկին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումով Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանին մեկ տարի երկու ամիս կալանքի տակ պահելու համար պետբյուջեից որպես փոխհատուցում պետք է վճարվի 8 հազար եվրո:

Այս վճիռներն իրենց բնույթով եզակի չեն: Կարող է նմանատիպ բազմաթիվ այլ օրինակներ թվարկել: Ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել և անկասկած կշարունակի կայացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի դատաիրավական համակարգը սպասարկում է նեղ անձնական և քաղաքական շահեր, քանի դեռ իշխանության առանձին ճյուղ կոչված լինելու փոխարեն դատական համակարգը գործադիրի կցորդն է:

Եվրոպացի դատավորների կողմից մեկ օրում կայացրած վճիռներով պետական բյուջեն դատարկվեց 12,5 հազար եվրոյով: Ստացվում է, որ դատական համակարգի ներկայացուցիչների և իրավապահ մարմինների հակաօրինական և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարտավոր են իրենց գրպանից վճարել Հայաստանի հարկատուները: Իսկ պետական բյուջեին մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր հազար եվրո վնաս հասցնող և ոչ մի պետական մարմին կամ չինովնիկ որևէ պատասխանատվության չի ենթարկվում:

Հարկատուների գրպանները դատարկելու արատավոր պրակտիկան դադարեցնելու և մարդու իրավունքները պաշտպանող դատաիրավական համակարգ ունենալու համար նախ պետք է պարտադրել, որ դատավորներն ու իրավապահ մարմինները առաջնորդվեն ոչ թե քաղաքական կամ այլ տիպի պատվերներով, այլ՝ ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ: Բացի այդ, պետք է բարձրացնել ոչ պրոֆեսիոնալ և պատվեր կատարող դատավորների անձնական պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ասենք՝ պարտադրել, որ կայացրած հակաօրինական վճռի պատճառով փոխահտուցումները վճարվեն ոչ թե հարկատուների գրպանից, այլ հենց իրենց գրպաններից:

Միանշանակ է, որ այս խնդրի լուծումը քաղաքական ու քաղաքացիական հարթությունում է և ինչպես միշտ՝ պակասում է քաղաքական կամքը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում