Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է «Երկարաձգվող ֆինանսավորում» (Extended Financing Facility) և «Երկարաձգվող վարկավորում» (Extended Credit Facility) ծրագրերի Հայաստանի չորրորդ ամփոփիչ ստուգման զեկույցը։ ԱՄՀ մասնագետներն առաջարկել են վերացնել դիզվառելիքն ԱԱՀ վճարումից ազատելու արտոնությունն ու բարձրացնել ակցիզային հարկերը, ինչը չի ընդունվել իշխանությունների կողմից։ Այդուհանդերձ, ԱՄՀ-ն իշխանություններին կոչ է արել 2015թ. համար նախատեսված հարկային միջոցառումներն ավելի վաղ սկսել և վերանայել դիրքորոշումը մերժված առաջարկությունների մասով։
Նշենք, որ զեկույցը պատրաստվել է մարտի 14-27-ը ԱՄՀ առաքելության և Հայաստանի իշխանությունների հետ ծավալված քննարկումների հիման վրա և ավարտուն տեսքի բերվել մայիսի 31-ին։
Համաձայն զեկույցի՝ համաշխարհային թույլ տնտեսության պայմաններում ընթացիկ տարում Հայաստանում տնտեսական աճը կկազմի մինչև 3,8%։ ԱՄՀ առաքելության ներկայացուցիչները գտնում են, որ տնտեսական աճը խթանող հիմնական ոլորտները լինելու են ծառայություններն ու հանքարդյունաբերությունը, շինարարությունը շարունակելու է անկում արձանագրել։ Միջնաժամկետ կտրվածքում Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 4%-ի շրջանակում։
2012թ. համար կանխատեսվում է ընթացիկ վճարային հաշվեկշռի պակասուրդի նվազում մինչև ՀՆԱ-ի 10%-ը, 2013թ. համար՝ մինչև 8,7%-ը։ Ակնկալվում է, որ ցուցանիշի նվազմանը կնպաստի մասնավոր փոխանցումների ավելացումը, բիզնես միջավայրի բարելավումը, մրցունակության խթանումը, օտարերկրյա ներդրումների և արտահանման ծավալների աճը։
ԱՄՀ փորձագետները շարունակում են գտնել, որ Հայաստանի արտահանումը խոցելի է համաշխարհային շուկայում (մասնավորապես մետաղների) գների տատանումների նկատմամբ։ Կանխատեսվում է դոլարային արտահայտությամբ արտահանման աճի տեմպի դանդաղում՝ չնայած ծավալային արտահայտությամբ այն կշարունակի բավական բարձր մնալ։
2012-2013 թթ. համար Հայաստանի կարևորագույն խնդիրների թվում են տնտեսական աճի ապահովումը, աղքատության կրճատումը, տնտեսության վերականգնման խոչընդոտների նվազեցումը, ցածր գնաճի ապահովումը։ «Այս նպատակների ապահովման համար անհրաժեշտ կլինի արդյունավետ դրամավարկային քաղաքականության իրականացում, փոխարժեքի ճկունություն, ներդրումային և սոցիալական ծախսերի իրականացման համար հարկային մուտքերի ավելացում, բարեփոխումների շարունակականության ապահովում։ Քաղաքականությունը պետք է լինի զգոն և արձագանքի Եվրոպայում զարգացումների»,– գտնում են ԱՄՀ մասնագետները։
Խստացնել պահանջները
Բանկային համակարգում ԱՄՀ-ն առաջարկել է արտարժութային ակտիվների համար իրացվելիության նոր նորմատիվներ սահմանել։ Հայաստանի բանկերը թեև բարձր իրացվելի են, բայց որպես կանոն լիկվիդային ակտիվները նախընտրում են պահել արտարժույթով, քան դրամով։ Հաշվի առնելով ԿԲ-ի սահմանափակումները՝ որպես վարկատու՝ իրացվելիության նորմատիվի ներդրումը հիմնական արժույթների մասով արդարացված է։
ԱՄՀ մասնագետներն առաջարկել են լրացումներ կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության տնտեսական նորմատիվներ. կանոնակարգ-2»-ում։ Ըստ նրանց՝ կառուցվածքային և հաճախակի երկխոսությունը բանկերի հետ հնարավորություն կտա կարգավորողին գնահատել ռիսկերը, որոնք դժվար է բացահայտել միայն կապիտալի բավարարվածության նորմատիվներով։ Ռիսկերի թվում տոկոսադրույքներն են, ինչպես նաև արտարժութային անուղղակի ռիսկերը։
ԱՄՀ-ն առաջարկում է, որ բանկերը ԿԲ-ին անմիջապես տեղեկացնեն այն գործարքների մասին, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել բանկի գործունեության վրա. այսօր նման պահանջի համար իրավական որևէ հիմք չկա։
ԱՄՀ-ն գտնում է, որ պետք է հստակեցնել ԿԲ իրավասությունները բոլոր այն դեպքերի համար, երբ բանկը խնդրում է միջամտել և օժանդակություն է ակնկալում։ Առաջարկվում է ստեղծել ներդրումային քաղաքականության ամուր հիմքեր, զարգացնել կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների կառավարիչների գործունեության կարգավորման ԿԲ կարողությունները։ Ֆինանսական կայունության տեսակետից կենսաթոշակային բարեփոխումների հաջողության համար սրանք կարևոր քայլերն են, գտնում են ԱՄՀ մասնագետները։
Նրանց կարծիքով՝ թեև Հայաստանը պետական պարտատոմսերի լավ կազմակերպված առաջնային շուկա ունի, այնուհանդերձ առկա են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ շուկայում գերիշխում են կոմերցիոն բանկերը, բավական փոքր է երկրորդային շուկան։ Այս սահմանափակումների հետևանքով որպես կանոն տեղի են ունենում եկամտաբերության կտրուկ փոփոխություններ։
Պետական պարտատոմսերի շուկայում ԱՄՀ-ն առաջարկում է քննարկել և շուկայի մասնակիցների համաձայնությամբ ներդնել ինդեքսավորված պարտատոմսեր (եկամտաբերությունը ճշգրտվում է գնաճի չափով)։ Ըստ ԱՄՀ փորձագետների՝ կենսաթոշակային բարեփոխումները կարող են խթանել նման պարտատոմսերի պահանջարկը, թեև մինչև դրանց ներդրումն անհրաժեշտ են շուկայի մասնակիցների հետ ինտենսիվ խորհրդակցություններ՝ ծախսերը, ինչպես նաև պահանջարկը հստակեցնելու համար։
Վերանայել դիրքորոշումը
ԱՄՀ մասնագետները մատնանշել են նաև հարկային վարչարարության կատարելագործման անհրաժեշտությունը։ «Իշխանությունների համար թիրախային է 2013-2015 թթ. համար տարեկան կտրվածքով հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ավելացումը 0,4-տոկոսային կետով։
Հարկային ռազմավարության ծրագիրը, որը կնախանշի իրականացվելիք գործողությունները, պատրաստ կլինի դեկտեմբերին։
Այդուհանդերձ, մասնագետները գտնում են, որ 2013-2014 թթ. անհրաժեշտ են լինելու լրացուցիչ միջոցառումներ։ Նրանք առաջարկում են դիտարկել ակցիզային հարկի չափի բարձրացման, ակցիզային հարկով հարկվող վառելիքի ցանկի ընդլայնման տարբերակները։ Իշխանությունները, սակայն, խոսափողական պատասխաններ են տվել՝ նշելով, որ հարկային քաղաքականության կոնկրետ քայլերը պետք է դիտարկել 2013թ. պետբյուջեի նախագծի համատեքստում»,– նշված է ԱՄՀ փաստաթղթում։
Հարկային ռազմավարությամբ 2015թ. համար ծրագրված է քաղաքական զգայուն որոշումների ընդունում, մասնավորապես՝ զինվորականների եկամտահարկի մեխանիզմների ներդրում, գյուղացիական տնտեսությունների եկամտահարկի արտոնությունների վերացում, ամենագնաց ավտոմեքենաների գույքահարկի դրույքների բարձրացում, առանձին ապրանքատեսակների գծով ԱԱՀ-ի արտոնությունների դադարեցում։ ԱՄՀ-ի՝ պետական պարտատոմսերի տոկոսային եկամուտների հարկման, դիզվառելիքը ԱԱՀ-ով հարկելու, ինչպես նաև ակցիզային հարկերի բարձրացման առաջարկություններն իշխանությունների կողմից մերժվել են։ «ԱՄՀ մասնագետները կոչ են արել իշխանություններին 2015թ. համար նախատեսված հարկային միջոցառումներն առաջ բերել և վերանայել դիրքորոշումը մերժված առաջարկությունների մասով»,– նշված է ԱՄՀ փաստաթղթում։

Civilnet










