Բրյուսելյան մեսիջ

Աշխատանքային այցով Բելգիայում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նրա հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական վերջին ընտրությունները լավագույնն էին Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում: Դրանից մեկ օր առաջ էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն էր փաստել, որ մայիսի 6-ի ընտրություններն աչքի են ընկել մրցունակ, աշխույժ և առավելապես խաղաղ քարոզարշավով:
Չնայած այս գնահատականներին՝ ԵՄ-ն առայժմ հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը՝ ակնարկելով, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները: Բրյուսելում այժմ սպասում են 2013թ. նախագահական ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը: Նա նշել է, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար:
Հատկանշական է, որ ֆինանսավորման հետաձգման մասին Սերժ Սարգսյանին հայտնում են հենց Բրյուսելում, ինչը դիվանագիտական առումով հստակ վերաբերմունք է Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում բացթողումների նկատմամբ:
Փաստացի, Եվրամիությունը առնվազն երկու խնդրի հետ կապված կոշտ ճնշումներ է բանեցնում Հայաստանի իշխանությունների վրա:
Նախ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է միջազգային դոնորներից՝ ֆինանսական ճնշում բանեցնելով, Բրյուսելը ձգտում է 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նվազագույնի հասցնել կատարելության աստիճանի հասցված ընտրակեղծիքները:
Երկրորդ, Եվրամիությունն ակնարկում է Ղարաբաղի հարցում իր վերաբերմունքի մասին: Փաստացի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների Լոս Քաբոսի հայտարարությունից հետո, որտեղ կոչ էր արվում արագացնել հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը, այժմ միջազգային հանրությունը կոնկրետ գործողություններով իշխանություններին պարտադրում է գնալ զիջումների:
Կարելի է սպասել, որ ինչ-որ ձևով ճնշումներ կլինեն նաև Ադրբեջանի վրա: Սակայն նավթային եկամուտները վերջինին թույլ կտան ավելի հեշտ դիմակայել այդ ճնշումներին:
Civilnet










