Գլխավոր Լրահոս

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Շուշիի և Արցախ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներում հայկական մշակութային ժառանգության թիրախավորման վերաբերյալ։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին Ադրբեջանի գործողությունները որակում է բարբարոսական և դատապարտում է իրականացվող մշակութային եղեռնագործությունը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։

Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և նախնյաց շիրիմներ։ Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա շուրջ 150 հայկական սրբատեղիները և աշխարհին ներկայացնել իբրև ուդիների կրոնական ժառանգություն։ Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչն անսքող արտահայտություն է հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի։

Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պիտի շարունակի այս խնդիրները բարձրաձայնել միջազգային հանրության և պատկան կառույցների առջև՝ կասեցնելու հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող այս երևույթները»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման վերաբերյալ հայտարարություններ էին տարածել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում