Գլխավոր Լրահոս

Անհետ կորած զինվորի մայրը վստահ է՝ որդին ողջ է, գերության մեջ

Անհետ կորած զինվորի մայրը վստահ է՝ որդին ողջ է, գերության մեջ

Անհետ կորած զինվորի մայր Մարինե Մանվելյանը ասում է՝ որդին՝ Աշոտ Մանվելյանը, գերության մեջ է, և ընկերների հետ փակված է Բաքվի բանտում։

Շարքային, 20-ամյա Աշոտ Մանվելյանը Արթիկի շրջանի Հառիճ գյուղից է։ Մինչև պատերազմը  ծառայել  է Ղարաբաղի Թալիշ գյուղի դիրքերում: Զինվորական ծառայության է մեկնել 2019-ի հուլիսի 3-ին: Պատերազմի առաջին օրը՝սեպտեմբերի 27-ին, Աշոտը Մատաղիսի զորամասի բուժկետում է եղել: Իջել է դիրքերից՝ իր սրված ալերգիայի դեմ  զորամասում բուժօգնություն ստանալու համար: Այդ օրն ուշ երեկոյան մի քանի անգամ բուժկետից խոսել է մոր և ավագ եղբոր հետ: Մորը՝ Մարինե Մանվելյանին, հայտնել է, թե արտառոց բան չկա իրենց մոտ, սովորական սահմանային խախտումներ են։ «Չվախենա՛ք, մամ ջան»,- ասել է: Վերջին խոսակցության ժամանակ՝ երեկոյան ժամը 10-ի սահմաններում, մորը հայտնել է, թե հագած, կապած հրահանգի են սպասում Թալիշի  դիրքեր բարձրանալու համար:

Մարինեն տեղյակ է, որ պատերազմի առաջին օրը Թալիշի դիրքերում ծանր մարտեր են տեղի ունեցել, սակայն որդին այդ ժամանակ դիրքերում չի եղել: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 28-ից  արդեն ութ ամիս է՝ որդուց  տեղեկություն չունեն: Աշոտը անհասանելի է: Աշոտից տեղեկություն ստանալու համար մինչև հոկտեմբերի 4-ը հարազատները ամեն օր զանգել են զորամաս: Բոլոր հեռախոսհամարները անհասանելի են եղել: Հոկտեմբերի 5-ին հարազատներին հաջողվել է պատահական կապի մեջ մտնել զորամասի փոխգնդապետներից մեկի հետ: (Մարինեն փոխգնդապետի ազգանունը չէր հիշում, ասաց՝ անունը Ալբերտ է): Փոխգնդապետը պատմել է, որ պատերազմի առաջին օրը «կոնտուզիա» է ստացել, իրեն տեղափոխել են հոսպիտալ: Նոր է վերադարձել զորամաս։ Զինվորներից մեկը Աշոտի մասին իրեն զեկուցել է: Նա հեռախոսը փոխանցել է նույն զինվորին, որ  տեղեկությունը փոխանցի նաև Աշոտի հարազատներին:

Զինվորը Մարինեի ավագ որդուն՝ Արշակին ու փեսային պատմել  է, որ տեսել է, թե ոնց է թշնամու ԱԹՍ-ի  հրթիռն ընկել Աշոտի կանգնած տեղը: Փոխգնդապետն էլ Արշակին  ասել է՝ համարեք, որ Աշոտը հավիտյան  բանակին է ծառայում, այսինքն ինքը չկա: Մեկ օր հետո՝ հոկտեմբերի 7-ին հեռուստացույցով զոհվածների ցուցակում հաղորդել են Աշոտի անունը: Դրանից  հետո  Մարինեի ավագ որդին ու փեսան դիմել են Կարմիր խաչին, ապա  պաշտպանության նախարարություն: Այսուհանդերձ, ոչ մի տեղեկություն չեն ստացել Աշոտից:

Մարինեն  նոյեմբերի սկզբին ԴՆԹ է հանձնել: Ասում է՝ հենց առաջին օրվանից չի հավատացել որդու զոհվելուն: Պատմում է, որ դեպքեր են եղել, երբ հեռախոսը պահել է ձեռքին և ծառայության մեջ գտնվող որդուն  դիմել. «Աշոտ, արդեն սպանեցիր ինձ: Զանգիդ կսպասեմ, մեռնեմ քեզ»: Մարինեի խոսքով՝ այդ ժամանակ հեռախոսը դեռ գրպանը չդրած՝ Աշոտը զանգել է իրեն: «Ծիծաղելով ասաց՝ մամ, ականջներս խժժաց: Զանգել եմ, որ քո ձայնը լսեմ»,- հիշում է Մարինեն:

Մեզ հետ զրույցում Մարինեն պնդում էր, որ որդու հետ սրտով է կապված, դրա համար պատերազմի առաջին օրվանից  զգացել է որդու ցավը, նրա դժոխքի միջով անցնող տառապանքը, բայց ոչ կորուստը: «Չկա էտենց բան, իմ տղան չի զոհվել»,- պնդում է Մարինեն: Հարազատները գտել են անմիջապես մարտը ղեկավարող՝ Աշոտի Վյաչեսլավ անունով  հրամանատարին: (Մարինեն վերջինիս ազգանունը նույնպես չէր հիշում): Մարինեի ասելով  հրամանատարը գովեստի խոսքեր է ասել Աշոտի հասցեին, ասել է նա քաջ մարտական ընկեր և փայլուն զինվոր է: Պատմել է, որ հոկտեմբերի 1-ի ուժեղ մարտերի ժամանակ Աշոտը իր երկու զինվոր ընկերների հետ վիրավորվել են՝ Աշոտը ձախ, ընկերը՝ աջ ազդրից, մյուս ընկերը՝գլխից: Վիրավորներին դուրս են բերել անտառի բերան, սակայն մինչ բուժօգնության հասնելը, թշնամին նորից է սկսել հրթիռակոծությունը: Այդ ժամանակ հետ նահանջելով՝ հրամանատարն էլ է վիրավորվել: Մարինեի խոսքով՝ ծանր, բայց ոչ մահացու վիրավորված որդին և երկու ընկերները մնացել են անտառի եզրին: «Ու էդտեղից Աշոտի  ճակատագիրն անհայտ է»,- ասում  է Մարինեն:

Հրամանատարի պատմությունից հետո Մարինեն առավել վստահ է, որ Աշոտը գերի է ընկել: Մեզ հետ զրույցում նա չէր կասկածում, որ Աշոտը մեծ  հայրենասիրությամբ է հայրենիքը պաշտպանել․ «Եթե նա վիրավոր չլիներ, գերի չէր ընկնի»:

Գերի լինելու մասին, Մարինեի խոսքով, իրեն երազում հայտնել է նաև Աշոտը: «Իմ երեխեն գիշերը երազ է գալիս և հայտնում է՝ ինքը որտեղ է: Ես տեսնում եմ դա»,- ասում է Մարինեն:

Աշոտը երազում իր գտնվելու վայրը հայտնում է նաև հարազատներին: «Իմ երեխեն երազում ասում է Բաքվի բերդում երրորդ հարկում է: Ասում է ամեն խցում 4-5 տղա են>, -արտասվելով պատմեց վշտահար մայրը:

Աշոտ Մանվելյանը ծնվել է 2000-ին: Մարինեն գովում է որդուն, ասում՝ Աստված իրեն Աշոտին տվել է, որ ինքն  իմանա զավակն ինչ է: Սակայն ճակատագիրը դառն է եղել: Տղայի հայրը 41 տարեկանում քաղցկեղից  մահացել է: Աշոտին յոթ տարեկանից մայրը մենակ  է մեծացրել: «Աշոտս Աստծո իմ փոքր պարգևն է»,-  ասում է Մարինեն: Ավագ որդին՝ Արշակը, հոր մահվան տարում  է վերադարձել  զինվորական ծառայությունից: Արշակը Մարտակերտում է ծառայել:

Մարինեն ասում է, որ երկու տարի էլ Ղարաբաղում շարունակվող կռիվների, դիվերսիոն ներթափանցումների պատճառով Արշակի ծառայության ժամանակ են տառապել: Ավագ որդին բանակից վերադառնալուց հետո նեցուկ է դարձել մորը: Աշոտը բանակում ավելի լավ պայմաններում է ծառայել, քան Արշակը: Մարինեն ասում է՝ մինչև  44-օրյա պատերազմը որդու ծառայությունը նորմալ է ընթացել: Ծառայության մեկնելուց հետո Մարինեն մասնակցել է Աշոտի  երդման արարողությանը, ծննդյան օրը որդուն շնորհավորելու համար այցելել  է զորամաս․ «Փառք Աստծո,  զորամասում  կարգ ու կանոն, մաքրություն կար: Աշոտը շատ գոհ էր  ծառայությունից»:

Մարինեն ասում է Աշոտը չէր թողնում զինվորական կյանքին վերաբերող հարցեր տալ իրեն։  Ասում էր՝ մամ, էդ ղզիկ հարցերդ թող, դու ոնց ես ապրում, քեզնից պատմիր: «Երբ  ծառայությունից հարցնում էի, խոսքը փոխում էր, հարցնում էր՝ ծաղիկներդ ծաղկե՞լ են: Նույնիսկ չեմ  իմացել, թե Թալիշի դիրքերը որքան հեռու են զորամասից։ Նոր եմ տեսել, թե երեխաս ինչ վտանգների մեջ է ծառայել»,- պատմում է Մարինեն:

Խոստովանում է, որ անձամբ է իր  երեխաներին  հայրենասեր  դաստիարակել: Վստահ էր, որ  որդուն սպասելու այն հույսն ու  հավատը, որ իր մեջ կա, չի կարող  չարդարանալ: «Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է: Աշոտս  տուն է  վերադառնալու»,- հրաժեշտին ասաց  զինվորի մայր Մարինե Մանվելյանը:

Լարիսա Փարեմուզյան 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում