Գլխավոր Լրահոս

Բանկերի համար ամենամեծ ռիսկն այսօր վարկառուի ռիսկն է

Բանկերի համար ամենամեծ ռիսկն այսօր վարկառուի ռիսկն է

- Պրն Դավթյան, անցած տարի «Կոնվերս բանկը» «Հայփոստի» մասնաճյուղերում սկսեց բանկային ծառայություններ առաջարկել։ Ծրագիրը կարծես թե կանգ է առել։ Ինչո՞ւ։

- Ծրագիրը պիլոտային էր՝ փորձում էինք վիճակագրական տվյալներ հավաքել, ուսումնասիրել պահանջարկը, բացահայտել «Փոստբանկի» նրբությունները՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։

Մենք, «Հայփոստի» հետ համատեղ, ուսումնասիրելով միջազգային փորձը՝ փորձում ենք գտնել «Փոստբանկի» այնպիսի մոդել, որը լավագույնս հնարավոր կլինի տեղայնացնել Հայաստանում։ Պետք է ներդնել մի մոդել, որը շահավետ կլինի թե՛ բանկի, թե՛ «Հայփոստի» համար, և ամենակարևորը՝ մատուցվող ծառայությունները պահանջարկված կլինեն հանրության կողմից ու մատչելի։

Կարծես գտել ենք մի տարբերակ, ներկայում խորհրդակցություններ են ընթանում «Հայփոստի» հետ։ Վերջնական ընտրությունից հետո էլ կմեկնարկի ծրագրի իրականացման փուլը։ Կարծում եմ, որ արդեն այս տարվա ընթացքում կսկսենք կյանքի կոչել « Փոստբանկի» այդ մոդելը։

- «Կոնվերս բանկը» տրամադրում է կուտակային կենսաթոշակային համակարգի պրոդուկտ՝ կենսաթոշակային ավանդ։ Որքանո՞վ է այն պահանջարկված։

- Բանկը միչև այս առաջարկում էր կենսաթոշակային ավանդ՝ մինչև 10 տարի ժամկետով, որը կարող էր բացել յուրաքանչյուր հաճախորդ։ Սա դասական ավանդային գործիք էր։

Օրենսդրական փոփոխություններով սահմանվեց, որ կամավոր կուտակային կենսաթոշակային հատկացումները կարող են լինել երկու տեսակ՝ ֆոնդեր, և կենսաթոշակային ավանդներ, որոնք կառաջարկեն բանկերը։ Ներդրվեց նոր ավանդատեսակ, և մենք, համապատասխանեցնելով օրենքով սահմանված պահանջներին, հանրությանն առաջինն առաջարկեցինք նոր կենսաթոշակային ավանդ։

Այս ավանդատեսակն ունի արտոնություններ, բայց այն ունի նաև որոշակի սահմանափակումներ։ Կենսաթոշակային ավանդը տարբերվում է սովորականից նախ նրանով, որ եթե աշխատավարձից գումար է ուղղվում ավանդին, ապա նույն չափով պակասեցվում է եկամտահարկի հաշվարկից: Բայց, ի տարբերություն ավանդի, երբ յուրաքանչյուր ավանդատու ցանկացած պահի կարող է պահանջել գումարը, կենսաթոշակային ավանդի դեպքում մինչև կենսաթոշակային տարիքը սա հնարավոր չէ։ Ավանդատուն կարող է փոխել բանկը կամ գումարը տեղափոխել կենսաթոշակային հիմնադրամ, բայց գումարը մինչև կենսաթոշակային տարիքի լրանալը հետ չի կարող պահանջել։

Ինչ վերաբերում է տոկոսադրույքին, ապա կենսաթոշակային ավանդի դեպքում կիրառվում է լողացող տոկոսադրույք. այսօր այն 14% է։ Լողացող տոկոսադրույքով մենք փորձել են սպառողներին ապահովագրել ռիսկերից։

Բանկը այս ավանդատեսակը նոր է առաջարկում, քաղաքացիները ծանոթ չեն, կան նաև օրենսդրական խնդիրներ, ամեն դեպքում, դեռ մեծ պահանջարկ չի վայելում։

- Բանկային համակարգում շարունակում է ավելանալ ավանդների և վարկային պորտֆելի դոլարիզացիան։ Ի՞նչ ռիսկեր է սա պարունակում՝ հաշվի առնելով դրամի վերջին շրջանի վարքագիծը։

- Այսօր ամենամեծ ռիսկը վարկառուի ռիսկն է։ Այլ հավասար պայմաններում ազգային արժույթի արժեզրկումը բանկի համար վտանգներ գրեթե չի պարունակում, եթե իհարկե բանկը ճիշտ է կառավարում իր արժութային ռիսկերը։ Եթե բանկը նույն այն արժույթով է տեղաբաշխել միջոցները, որով ներգրավել է, և չունի բաց դիրքեր, ապա որևէ ռիսկ բանկը չունի։

Դրամի 2009թ. մարտի 3-ի արժեզրկման մեջ ամենավատթարն այն էր, որ արժեզրկումը կտրուկ էր և անսպասելի։ Արդյունքում բանկերը վնասներ կրեցին, տնտեսությունը ցնցումներ ապրեց։ Չնայած որոշ փորձագետներ ասում էին, թե ավելի լավ է մեկ անգամ օձը խայթի՝ բուժենք, քան որոշակի ժամանակահատվածներում մեղուները խայթեն։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա կարծում եմ, որ սահուն արժեզրկումն ավելի ընդունելի էր։

Վերջին 1,5 ամսվա ընթացքում ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ Դ30-ով, ինչը բավական մեծ թռիչք է, սակայն մեծ ցնցումներ տնտեսությունում չեղան։ Փոխարժեքային այս փոփոխությունները տնտեսությունը, այսպես ասենք՝ կլանեց։

Իսկ միակ խնդիրը, ինչպես ասացի, հաճախորդի ռիսկն է։ Հայաստանում այսօր եկամուտների մեծ մասը դրամային է, արտահանողների թիվը՝ խիստ սահմանափակ։ Մյուս կողմից՝ խիստ սահմանափակ են դրամային վարկերը։ Փոխարժեքի բարձրացման պայմաններում դրամային եկամուտներ ունեցող հաճախորդների համար ավելանում են դոլարային վարկերի սպասարկման ծախսերը։ Եվ եթե նա նաև «եզրով քայլող» հաճախորդ է, ապա խնդիրը նոր խնդիր է բերելու, և ի վերջո վարկը դառնալու է ժամկետանց։

- Ինչո՞ւ բանկերը չեն բացում դիրքերը և չեն վարկավորում դրամով՝ իրենց վրա վերցնելով արտարժութային ռիսկերը։

- Նման քայլը նշանակելու է, որ բանկերն իրենց ուսերին են վերցնելու տնտեսության արտարժութային ռիսկը։ Ոչ մի բանկ նման քայլի չի գնա։ Ո՞ր բաժնետերը իր բանկը նման ռիսկի տակ կդնի։ Մենք պաշտպանում ենք նաև ավանդատուների շահերը, և դժվար թե որևէ ավանդատու համաձայնի իր վրա վերցնել վակառուի արտարժութային ռիսկերը։ Բանկի համար վարկառուների ռիսկերն ավելի կառավարելի են, քան արտարժութային ռիսկերն ու դիրքերի բացումը։

Իսկ դրամային ավանդների փոքր տեսակարար կշիռը պայմանավորված է նրանով, որ բանկերի հաճախորդները չեն ներդնում դրամային ավանդներ, հատկապես վերջին արժեզրկումից հետո։ Եղան դեպքեր, երբ հաճախորդները նույնիսկ հրաժարվեցին ժամկետային դրամային ավանդներից, և դրանք փոխարկեցին դոլարայինով։ Չկա դրամային ավանդ՝ բանկը չի կարող տրամադրել դրամային վարկ, բացառությամբ այն դեպքերի, երբ օգտվում է տարբեր միջազգային կառույցների կողմից ազգային արժույթով տրամադրած միջոցներից։

- Փոխարժեք կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց ըստ Ձեզ՝ ինչով է պայմանավորված դրամի վերջին շրջանի արժեզրկումը, ի՞նչ սպասումներ կան։

- Եթե ինձ տարվա սկզբին հարցնեիք, թե հուլիսին ինչ փոխարժեք կլինի՝ հստակ կպատասխանեի՝ Դ400/$1, ոչ ավելի։ Մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա կատարված բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ փոխարժեքը Դ400-ի շրջանում պետք լինի։ Եթե ինձ ինչ-որ մեկը Դ420-ի սահմանը նշեր, հաստատ պատասխանելու էի, թե հաշվարկներում ինչ-որ սխալ է թույլ տվել։

Իրական արժեզրկում, Դ5-Դ10-ի չափով պետք է լիներ, դա ակնկալելի էր։ Բայց ոչ այս չափի, չնայած երբ արժեզրկման տեմպն արագացավ, շուկայում տեղի ունեցավ երկու բան՝ սպեկուլյացիա և խուճապ։ Երկու այս գործոնները գումարվեցին, ինչն էլ հանգեցրեց չհիմնավորված արժեզրկման։ Իմ կարծիքով սա էր պատճառը։

- Ուրեմն սպասենք դրամի ամրապնդման։

- Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության յուրահատկությունը՝ եթե գները բարձրանում են, այլևս նվազում ակնկալել պետք չէ, չեմ բացառում, որ այս բարձրացումից հետո փոխարժեքը չնվազի։ Ամեն դեպքում՝ իմ կարծիքով պետք է նվազում լինի։

- Տեսակետ կա, որ այս տարին բանկային համակարգի համար լինելու է ավելի վատը, քան նախորդը։ Համամի՞տ եք։

- Վատ կլինի, եթե վարկառուները, որոնք մտել են արտարժութային ռիսկի տակ՝ չկարողանան սպասարկել իրենց վարկերը։ Բայց չեմ կարծում, որ ավելի վատ կլինի, քան նախորդ տարին կամ 2010-ը։

2009-ի բացասական զարգացումները, մասնավորապես դրամի կտրուկ արժեզրկումը, անդրադարձավ մեր վարկառուների վրա, բանկերը նույնպես իրենց վրա զգացին հաճախորդների խնդիրները։ Եթե համեմատենք այդ ժամանակաշրջանի հետ՝ ապա հիմա վիճակն անհամեմատ լավ է։

Մեկ անգամ զգալով ճգնաժամի բացասական հետևանքները՝ մարդիկ ինչ-որ առումով զգուշավոր են, պատրաստված։ Չեմ ասի, թե հեշտ է լինելու կամ ճգնաժամի հետևանքները վերացվել են կամ էլ՝ ճգնաժամ չկա։ Կա տեսակետ, որ համաշխարհային տնտեսության ճգնաժամային ալիքները Հայաստանում կզգացվեն այս և հաջորդ տարի։ Ինձ հաճախ են հարցնում՝ ի՞նչ է պետք անել։ Շարունակում եմ պնդել, որ միակ ճանապարհը բանկերի խոշորացումն է։ Սա բանկերին հնարավորություն կտա դիմագրավել հնարավոր խնդիրներին։

- Իսկ ինչո՞ւ խոշորացման ականատես չենք լինում։

- Այն, որ բանկային համակարգում միավորումներ չկան, պայմանավորված է նաև նրանով, որ մարդիկ նախընտրում են փոքր նավակի հրամանատար լինել, քան մեծ նավում երկրորդը կամ երրորդը։ Սա նաև կորպորատիվ մշակույթ չունենալու հետևանք է։

Չնայած հայտարարվում է, թե Հայաստանում մի քանի տասնյակ բաց բաժնետիրական ընկերություն կան, բայց բոլոր այդ ընկերություններում վերահսկիչ փաթեթը (75+1%) պատկանում է մեկ անձի։ Իրականում մենք չունենք բաժնետիրական ընկերություններ, իսկ այդ մի քանիսն էլ ընդամենը ֆորմալ առումով են ԲԲԸ-ներ։ Մեզանում մեծ է էգոիզմը, բոլորն են ցանկանում միանձնյա կառավարել։ Այդ իսկ պատճառով միացումները բավական բարդ են ստացվելու։

- Մտավախություններ կան, որ ԵՄ-ում պարտքային ճգնաժամը համաշխարհային նոր ճգնաժամի պատճառ կդառնա։ Պատրա՞ստ են արդյոք բանկերը, տնտեսությունը։

- Այսօր բանկային համակարգում վիճակը շատ ավելի բարվոք է, քան 2008թ. վերջում-2009թ. սկզբում։ Մեր տնտեսությունը կղզիացած է, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածներն այդքան էլ ուժեղ չեն լինում։ Բայց եթե իրականանան փորձագետների կանխատեսումները, ապա ԵՄ-ում և համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող ճգնաժամը չի կարող չազդել Հայաստանի վրա։

Հայաստանի առևտրային հաշվեկշիռը շարունակում է բացասական մնալ։ Հաշվեկշռի դեֆիցիտը փակվում է մասնավոր տրանսֆերնտերի հաշվին, որոնց ծավալը կախված է այն երկրների տնտեսական վիճակից, որտեղից ստացվում են այդ տրանսֆերտները։

Այսօր դժվար է կանխատեսել, թե ինչ մասշտաբների կլինի հարվածը տնտեսությունում։ Այսօր ոչ մեկը հստակ չի կարող ասել, թե ինչ կլինի Եվրոպայում, Ռուսաստանում։ Բայց խնդիրը, որը ընդհանուր է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի պարագայում, այն է, որ Հայաստանը հումք արտադրող երկիր է։ Այսօր Հայաստանը վերջնական արտադրանք արտահանող երկիր չէ։ Եվ եթե երկիրը վերջնական արտադրանք չի տալիս, ապա փոխկապակցված երկրում ցանկացած խնդիր անմիջապես ազդելու է քո վրա։ Եթե արտադրական ցիկլը չի փակվում երկրում, դու խնդիր ունես. այսօր մեզ մոտ արտադրության գրեթե ոչ մի ցիկլ փակ չէ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում