Մի քանի օր առաջ ապօրինի թմրանյութերի պահելու մեղադրանքով Ադրբեջանում ձերբակալվել է «Թալիշի սադո» (Թալիշի ձայն) թերթի և կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Գիլալ Մամեդովը: Երբ 1993թ.ամռանը Ադրբեջանում իշխանության եկավ Հեյդար Ալիևը, բազմաթիվ այլ թալիշների հետ Մամեդովը ևս ստիպված էր հեռանալ երկրից և 12 տարի բնակվել Ռուսաստանում: 2005 թ. նա վերադարձավ Ադրբեջան:
Թալիշները Ադրբեջանում ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են լեզգիներից հետո: Շիա թալիշները, ի տարբերություն թյուրք ազերիների, հնդեվրոպական ժողովուրդ են, ծագումով և լեզվով շատ մոտ են իրանցիներին: Թալիշները գերազանցապես բնակվում են Կասպից ծովի ափամերձ հատվածում՝ Ադրբեջանի և Իրանի տարածքում: 1993թ. ամռանը թալիշները Ալիքրամ Գումբատովի գլխավորությամբ ապստամբեցին և Ադրբեջանի հարավային մի քանի շրջաններ հայտարարեցին անկախ՝ Թալիշ-մուղանական հանրապետություն անունով: Հեյդար Ալիևը արյան մեջ խեղդեց թալիշների անկախության ձգտումները:
Ըստ 2009թ.Ադրբեջանում անցկացված մարդահամարի տվյալների՝ թալիշների թիվը 112 հազար է: Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում թալիշների թիվը 200-ից 400 հազարի սահմաններում է: Իրենք՝ թալիշները, նշում են կես միլիոն թիվը: Խորհրդային Ադրբեջանում անցկացված մարդահամարների տվյալներով Ադրբեջանում թալիշներ որպես ազգություն չի եղել: Միայն Խորհրդային Ադրբեջանի վերջին՝ 1989 թ. մարդահամարի ժամանակ է պաշտոնապես ընդունվել, որ Ադրբեջանում բնակվում են թալիշներ՝ ընդամենը 21 հազար:
Չնայած այն իրողությանը, որ Խորհրդային Ադրբեջանի 70 և անկախ Ադրբեջանի 20 տարիներին թալիշները անտեսվել են՝ ենթարկվելով տարատեսակ ճնշումների, նրանք պահպանել են մայրենին՝ թալիշերենը և ազգային սովորությունները: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի թալիշները հնարավորություն ստացան շփվել իրենց եղբայրների հետ, որոնք բնակվում են Իրանի հյուսիսում: Ադրբեջան-Իրան սահմանային անցակետերից հիմնականը գտնվում է հենց թալիշներով բնակեցված հատվածում՝ Աստարա քաղաքում:
Լրագրող և իրավապաշտպան Մամեդովի ձերբակալությունը գրավել է միջազգային հանրության և ադրբեջանցի իրավապաշտպանների ուշադրությունը: Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսովան հայտարարել է, որ Մամեդովի ձերբակալությունը ճնշում է ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Յունուսովան ասել է, որ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրը քննարկելու է Բաքվում հավատարմագրված դեսպանների հետ: Յունուսովան ընդգծել է, որ Մամեդովը մեծ հեղինակություն է վայելում թալիշների շրջանում, իսկ նման անհատների առկայությունը պաշտոնական Բաքուն չի հանդուրժում:
Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամսվա կյանք ունեցած (1993 թ. հունիս-օգոստոս) Թալիշ-մուղանական հանրապետության առաջնորդ Ալիքրամ Գումբատովը երկար տարիներ բանտում անցկացնելուց հետո Եվրոպայի խորհրդի ճնշման տակ հնարավորություն ստացավ դուրս գալ ազատություն, ապա հեռացավ Ադրբեջանից: Գումբատովից հետո Ադրբեջանի ամենահայտնի թալիշը լեզվաբան Նովրուզալի Մամեդովն էր՝ «Թալիշի Սադո» թերթի նախկին խմբագիրը, որը ձերբակալվել էր 2008 թ. ձմռանը: Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով 10 տարվա դատապարտված Նովրուզալի Մամեդովը դատավճռի հրապարակումից ընդամենը մի քանի ամիս անց մահացավ բանտում:
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հանդեպ տարատեսակ ճնշումները հաճախ ավարտվել են ջարդերով: Այս երկրի գոյության 95 տարիների ընթացքում (1918-1920 թթ. Ադրբեջանը եղել է անկախ, 1920-1991 թթ.՝ Խորհրդային Միության կազմում Խորհրդային Ադրբեջան անունով, 1991-ին կրկին դարձել է անկախ պետություն) ճնշումների են ենթարկվել գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունները, առաջին հերթին՝ հայերը: Որոշ ուսումնասիրողներ հայերին համարում են ոչ թե փոքրամասնություն, այլ Ադրբեջանի պետականաստեղծ երկու հիմնական ազգերից մեկը: Հայերը, որոնց թիվը Ադրբեջանում հասել է մինչև կես միլիոնի, պետականորեն ջարդերի են ենթարկվել 1918 թ. սեպտեմբերին Բաքվում, 1988 թ. փետրվարին Սումգայիթում, նույն տարվա նոյեմբերին՝ Գյանջայում (Գանձակ), Ադրբեջանի այլ վայրերում, և 1990 թ. հունվարին՝ Բաքվում:
Այսօր էլ Բաքվի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստվում են ռազմական ճանապարհով «կարգավորել» ղարաբաղյան խնդիրը և որ վաղ թե ուշ Ստեփանակերտի վրա ծածանվելու է ադրբեջանական դրոշը: Սրա հետ մեկտեղ, նրանք փորձում են միջազգային հանրությանը հավաստիացնել, որ պատրաստ են Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Ուշագրավ ու հեգնական է, որ ըստ պաշտոնական տվյալների, հայերը Ադրբեջանում այսօր էլ համարվում են ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկը: 2009 թ. մարդահամարի տվյալներով՝ «հայերի թիվը Ադրբեջանում 120 հազար է, նրանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում»:
Իրականում, Ադրբեջանում հայեր չեն մնացել, բացառությամբ այն մի քանի հարյուր (գուցե հազար) հայուհիների, որոնք Խորհրդային Միության տարիներին ամուսնացել են ազերիների հետ և ստիպված մնացել Ադրբեջանում: Խորհրդային Միության վերջին՝ 1989թ. մարդահամարի տվյալներով՝ հայերի թիվը Խորհրդային Ադրբեջանում կազմել է ավելի քան 475 հազար:
Ադրբեջանահայության ջարդերից և արտաքսումից հետո Ադրբեջանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը լեզգիներն են, ըստ պաշտոնական տվյալների՝ 180 հազար: Լեզգիները հավաքական կերպով բնակվում են Ադրբեջանի հյուսիսային շրջանում: Սուննի լեզգիները կովկասյան ժողովուրդ են, որոնք Ադրբեջանից բացի հիմնականում բնակվում են Ռուսաստանի Դաղստանի հանրապետությունում, որը սահմանակից է Ադրբեջանին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Ադրբեջանում լեզգիների թիվը հասնում է 700 հազարի:
Վերջին երեք տասնամյակներում Ադրբեջանում բնակվող ռուսների թիվը կրճատվել է ավելի քան 4 անգամ՝ 475 հազարից հասնելով 119 հազարի: Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են նաև ավարներ (կովկասյան ժողովուրդ են)՝ շուրջ 50 հազար, թուրքեր՝ 38 հազար, թաթարներ՝ ավելի քան 25 հազար, թաթեր (իրանական ժողովուրդ է)՝ ավելի քան 25 հազար, ուկրաինացիներ՝ 21 հազար, ցախուրներ (կովկասյան ժողովուրդ են)՝ շուրջ 12 հազար, մահմեդականացված վրացիներ՝ շուրջ 10 հազար, հրեաներ՝ 9 հազար, քրդեր՝ 6 հազար:
Ադրբեջանի վերջին 30 տարիների մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ մի ժամանակ բազմազգ այս երկիրը վերածվում է մոնոէթնիկ պետության: Այսպես, եթե 1979 թ. Ադրբեջանում ազերիների թիվը 4.7 միլիոն էր, ապա 2009թ. գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 8,2 միլիոնի: Առաջիկա տարիներին Ադրբեջանի բնակչության թիվը կհասնի 10 միլիոնի: Այսօր, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում բնակվում է շուրջ 9,2 միլիոն մարդ, իսկ տարեկան ծնվում է շուրջ 170 հազար երեխա:
Թաթուլ Հակոբյան










