Ինչպես նույնացան ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու եկեղեցին
Ո՞վ պիտի պատասխան տա ընտրողին կաշառելու համար, եթե պետությունը նրան կաշառելով իր ձեռքերը լվանում է քաղաքացու հոգու խնդիրներից: Թվում է, թե եկեղեցին կարող էր պատասխանատու լինել : Այն գոյություն ունի հենց Հայաստանում, նշանակում է՝ պատասխանատու է ՀՀ քաղաքացու հոգու համար։
Փորձենք յոլա գնալ առանց մետաֆիզիկայի, թեպետ հարցը, թե ինչպես ըստ եկեղեցու գոյություն ունի Աստված, արդեն մետաֆիզիկական է։ Մեր եկեղեցին ազգային է։ Հենց սրանից էլ ծագում են բոլոր խնդիրները: Թեպետ թվում է, թե հպարտանալու բան է նրա ազգային լինելը։ Բանն այն է, որ սովորական հավատացյալի հաշվին է պետություն-եկեղեցի հարաբերությունները։ Ընդ որում՝ սովորական հավատացյալի հավատն իրականում այդ հարաբերությունների զոհն է։ Որովհետև պետությունը և եկեղեցին պայմանավորվում են, հետո նոր դիմում են հավատացյալին։Ավելի ճիշտ՝ այն, ինչ պայմանավորվում են, հավատացյալի մասին է։ Բայց հավատացյալը պայմանավորվածությունների դրսևորման մեջ չկա։ Պայմանավորվածությունն էլ սա է՝ ինձ կտաս Լեզվի ինստիտուտի տարածքը, կվերադարձնես իմ կալվածքները, ինձանից հարկ չես գանձի, ՀԴՄ չես պարտադրի եկեղեցուն պատկանող առևտրային կառույցներում, որոնք հաճախ հենց եկեղեցիներն են, ու իմ հավատացյալը՝ քեզ փեշքեշ: Այսինքն՝ մանիպուլացրու նրան, քվեարկության օրը 10 հազար դրամով տար ընտրատեղամաս կամ ուզածիդ պես կեղծիր անհնազանդի քվեն՝ ես ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել։ Ինչու՞։ Որովհետև եկեղեցին պետությունից անջատ է ու չի կարող Խառնվել պետության գործերին։
Բայց եկեղեցու հանդուրժողականությունը պետական անօրինականություններին կարող է բացատրվել նաև նրանով, որ Հավատացյալը քահանա և կաթողիկոս չի ընտրում, եկեղեցին ուղղակիորեն որևէ պարտավորություն չունի իր հավատացյալի նկատմամբ: Հավատացյալի գործը հավատալն է, եկեղեցու գործը՝ կրոնական «հաց» մատակարարելը: Եկեղեցին ու պետությունն այնպես են սերտաճել «ազգային» քողի տակ, որ մարդ չի հասկանում՝ իր հավատն ինչի կամ ում մասին է, իր Աստվածը ո՞ր կողմում է՝ պետությա՞ն, թե՞ եկեղեցու։Հավատացյալն ուզում է հասկանալ՝ էս ի՞նչ բիզնես հարաբերություններ են պետության և եկեղեցու միջև ու իր հակաքաղաքացիական խնդիրներում, որոնք պետությունն է բարդում քաղաքացու վզին, որտե՞ղ է եկեղեցին: Բոլոր այս հարցերը առօրեական են, դարերի կտրվածքով նման հարցեր եկեղեցու առջև չեն ծագել, թեպետ Խորենացին իր «Ողբ»-ով հասկացրել է, որ օրն ու դարն այստեղ կապ չունեն՝ «խղճում եմ քեզ Հայաստանյայդ եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած…»։Այսպիսի եկեղեցին արդեն օրով ու դարով չես չափի։ «Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կծծի, կաշառակեր…»։ Բայց եկեղեցու շուքի ներքո են, չէ՞, 5-րդ դարում այսպիսին եղել հայ իշխանները։Նշանակում է՝ մտահոգությունը 21-րդ դարի խնդիր չէ։ Սակայն ինչ տեսանելի է եղել Խորենացուն, հավանաբար պակաս տեսանելի է եղել սովորական հավատացյալին։
Երբ եկեղեցին առաջացավ, ժուռնալիստիկա չկար, կար պատմագրություն։Չկար օրվա տեքստ, ամեն ինչ գրվում էր դարերին հասցնելու հրամայականով, կամ այդ հրամայականը ենթադրվում էր։ Եկեղեցին այսօր չի հաշտվում այն մտքի հետ, որ ժուռնալիստիկան որոշ իմաստով «անաստված» է, այսինքն՝ «սրբություններ» չունի։Հիմա ամենահանդուրժող լրագրողի աչքից չի վրիպի քահանայի խզումը հավատացյալից։Եկեղեցին փակ կառույց է։ Նորմալ է։ Թող փակ էլ մնա։ Ու թող Աստծուն էլ վկայակոչի՝ «Կայսրինը՝ կայսրին…» և այլն։ Ու թող հաշվետու չլինի լրագրողին։Բայց լրագրողը պարտավոր է զբաղվել եկեղեցիով ։ Նրա համար կառավարման նույն ինստիտուտն է ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու եկեղեցին։Ուրեմն թաքցնելու բան ունեն, որ փակ են, կամ փակ լինելն էլ հանգեցրել է նրան, որ եկեղեցու մեջ առաջացել են թաքցնելու արժանի բաներ։Եթե քաղաքացուն պետական մակարդակով բարոյազրկելը եկեղեցու գործը չէ, ուրեմն նրա գործը չէ, թե զուտ ինքնագործունեությամբ ինչպես քաղաքացին կշարունակի իր բարոյազրկումը։
Թեմա
Մհեր Արշակյան










